Դասեր քաղելով անցյալից՝ նայենք ապագային
1920 Թվականին Դաշնակցական կառավարության սխալ քաղաքականության հետևանքով (Համագործակցությունը Թուրքիայի և Անգլիական իմպերիալիզմի հետ և հակա Սովետական Միության քաղաքականության) Արցախը որպես ինքնավար մարզ հանձնվեց Ադրբեջանի հսկողության ներքո: Արցախահայությունը ամեն կերպ աշխատեց պահպանել իր ինքնությունը և օրինակ ունենալով Նախիջևանի դառը ճակատագիրը չենթարկվեց Բաքվի իշխանության կողմից իրականացվող դիսիմիլիացիային, չլքեց Արցախը: Եթե Ադրբեջանը՝ ըստ սոցիալիստական գաղափարախոսության չափանիշների վարվեր ու ճանաչեր ազգերի ինքնուրույն ապրելու իրավունքը, հնարավոր էր ազգերը ավելի մարդավայել հարաբերություններ ունենային և երբեք ազգամիջյան բախումներ ու պատերազմներ չլինեին: Ընդունում ենք, որ սոցիալիստական ազգային գաղափարախոսությունից ու հիմունքներից հեռու էին Ադրբեջանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը: Բոլոր դեպքերում Սովետական Միության գոյությունը արգելք էր հանդիսանում հակասությունները արյունալի բախմնան վերածվելու համար, սակայն Սովետական Միությունը նաև իր հերթին չկարողացավ կամ չէր ուզում ազգային հարցերին հիմնական լուծումներ տալ ու թողնում էր, որ ժամանակի ընթացքում բնական հունով լուծվեն:
Սովետական Միության փլուզումից հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին որպեսզի գործնականում Արցախը ինքնորոշման ընտրություն կատարի ու վերջ տա անցյալի ձևական ընտրություններին, երբ ղեկավարները նշանակվում էին Արցախի համար Բաքվից: Արցախի նոր ընտրությունների հետևանքով Արցախը դարձավ անկախ և բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով ստիպված եղավ գրավել որոշ տարածքներ, որտեղից անըդհատ ռմբակոծվում էր Արցախի բնակավայրերը: Այս տարածքները 5 կամ 7 շրջաններն էին: Միջազգային հասարակությունը դա համարում էր գրավյալ տարածքներ ու մտածում էր, որ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Արցախի և Հայաստանի իշխանությունները համաձայն են եղել վերադարձնելու, սակայն այն պայմանով, որ ճանաչվի Արցախի կարգավիճակը: Այս հարցը կարող էր ավելի լավ ձևով կիրառվել Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից ու վերջնական լուծումներ գտնվեր ու վերջ տրվեր Արցախի կոնֆլիկտին: Սակայն դժբախտաբար Արցախի հարցը դարձավ իշխանությունների գոյատևման հիմնական գործոններից մեկը: Նման սխալ մոտեցումը ոչ միայն չէր օգնում հարցի լուծմանը, այլև դառնում էր ընդդիմադիրների դեմ օգտագործելու գործիք և ավելի ազգասեր երևալու առիթ էր տալիս: Նման նացիոնալիստական ու ոչ հայրենասիրական մոտեցումները խանգարեցին Արցախի հարցում վերջնական լուծման հասնելուն:
Հարկ է նշել նաև, որ Ամերիկան ու Եվրոպական երկրները իրենց հակասովետական աշխատանքներում, կարևորելով Ղարաբաղի կոնֆլիկտի երևույթը ամեն կերպ փորձեցին չարաշահել և դրդել ղարաբաղցիներին անջատողական իրենց աշխատանքներում: Կարելի է հստակ ասել, որ Իմպերիալիզմը Ղարաբաղի կոնֆլիկտը օգտագործեց իր հակասովետական նպատակների համար:
Ղարաբաղի շարժման հետ զուգընթաց երբ, արդեն Ղարաբաղն իրեն հայտարարեց անկախ հանրապետություն, մեծ ճնշումներ սկսեցին գործադրել Ադրբեջանի տարբեր քաղաքներում հատկապես Բաքվում և Սումգաիթում ապրող հայերի վրա: Սումգաիթում կատարվեց կազմակերպված ցեղասպանություն, բոլոր փաստերը վկայում են այդ մասին, և դժբախտաբար օրվա Սովետական Միության կենտրոնական իշխանությունը Մոսկվայում չկարողացավ համարժեք արգելք հանդիսանա ու կանխի այդ երևույթը: Սկսվեցին ճնշումները հայերի դեմ Բաքվում և մյուս քաղաքներում, որոնք ստիպված եղան իրենց տուն ու տեղը թողնեն ու փախչեն դեպի Ղարաբաղ, Հայաստան կամ Ռուսաստան: Նույն երևույթը տեղի ունեցավ Հայաստանում, այսինքն Հայաստանում և Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներն էլ ստիպված թողեցին իրենց բնակավայրերը և մեկնեցին Ադրբեջան կամ Ռուսաստան: Այն ժամանակ մեծ քանակությամբ ադրբեջանցիներ էին ապրում Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում հատկապես Մասիս քաղաքում և դրա շրջակա գյուղերում: Այն ժամանակ հայերի թիվը Ադրբեջանում մոտ կես միլիոն էր, իսկ ադրբեջանցիների թիվը Հայաստանում ենթադրվում է, որ մոտ 200000–ից ավել է: Նախքան Ղարաբաղյան շարժումը հայերը և ադրբեջանցիները երկու երկրներում և Ղարաբաղում ապրում էին խաղաղ պայմաններում և բախումներից հեռու: Միայն պետք է արձանագրել, որ Նախիջևանում Սովետական Ադրբեջանը անուղղակի եղանակներով սկսեց ճնշում գործադրել ու հայաթափ անել Նախիջևանը հայերից: Եվ մտավախություն առաջացրեց, որ նույնը կարող էր կատարվել նաև Արցախում:
Արցախի անկախացումից հետո Ադրբեջանը երբեք չհրաժարվեց Արցախը գրավելու և իր հսկողության ներքո բերելու նպատակից: Այդ իսկ պատճառով անընդհատ զինվում էր ու զբաղված էր տարբեր զինամթերքների ձեռք բերմամբ: Նրանց համար պետք էր միջազգայնորեն հարմար պայմաններ հարձակումսկսելու համար: Մի քանի փորձ կատարելով ու չհաջողելով զգաց, որ առանց արտաքին՝ բարեկամ ուժի օգնության, առայժմ չի կարող իր նպատակին հասնել: Թուրքիան ու Իսրաելը ամենահարմար երկրներն էին Ադրբեջանի համար, որոնք տեխնիկապես ունեին ՆԱՏՈ-ի զինանոցը և նոր ԱԹՍ-ներ (Անօդաչու թռչող սարքեր): Իմպերիալիստական երկրներն էլ՝ հատկապես Ամերիկան, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ, որոնց առաջնահերթ քաղաքանությունը այս տարածաշրջանում եղել է և դեռ մնում է հակառուսական, վարել են Ռուսաստանին այդ տարածաշրջանից հեռացնելու և չեզոքացնելու քաղաքականությունը: Նրանք երբեմն, հատկապես վերջին պատերազմի ժամանակ ձևականորեն ցույց են տվել, որ ցավակից են հայ ժողովրդի հետ, իսկ գործնականում մաս կազմելով ՆԱՏՈ-ին, հովանավորել են Թուրքիային՝ իրենց տնտեսական շահերը պաշտպանելու և հակառուսական նպատակները իրականացնելու համար:
Թուրքիան և Իսրաելը պայմանները հարմար նկատեցին Ադրբեջանի հանրապետության նկրտումներից ելնելով իրենց քաղաքական ու ռազմական նպատակները իրականացնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը հետապնդում էր իր նպատակն ու շահերը: Թուրքիան աշխատում էր Ադրբեջանին դարձնել հլու հնազանդ մի երկիր և Ադրբեջանին ենթարկելով իրեն՝ նավթ ներմուծող երկրից վերածվել նավթ մատարակարարողի, Եվրոպային էլ ինչ-որ տեղ կախված պահել իրենից՝ Բաքու-Ջեյհան-Թբիլիսի Ադրբեջանական նավթամուղը վերահսկելով: Իսրաելը ռազմական զարգացած վերջին տեխնոլոգիան ու ռազմամթերքը մատակարարելով Ադրբեջանին, բացի նրանից որ նյութական մեծ ռեսուրսներ է ձեռք բերում, մեծ ազդեցություն է գործադրում այդ երկրում հնարավորություն ձեռք բերի Իրանի սահմանների մոտ ռազմաբազա ունենալու և հարկ եղած պարագայում օգտագործելու Իրանի դեմ: Այդ երկու երկրները նպատակ ունեն նաև շահագործել Իրանում ապրող ազերիների ազգային նացիոնալիստական զգացմունքները և պայմաններ ստեղծեն Իրանում ներքին խլրտումներ առաջացնելու համար: Թուրքիան էլ պահը հարմար է նկատում իր պան-թուրքիստական մղումները առաջ տանելու համար: Պան թուրքիզմի նպատակներից մեկը կարելի է համարել նաև Չինաստանի մետաքսե ճանապարհի իրականացման ուղղությամբ խոչնդոտներ առաջացնելը:
Եվրոպական երկրները՝ Անգլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և այլ երկրներ ու Ամերիկան, լինելով Բաքու-Ջեյհան-Թիբիլիսի նավթամուղի բաժնատերեր կամ ՆԱՏՈ-ի անդամ երկրներ, իրենց շահերից ելնելով գործնականում պաշտպանեցին Ադրբեջանի շահերը: Այդ իմպերիալիստական երկրներին իրականում ձեռնտու է Անդրկովկասում Ռուսաստանի փոխարեն ունենալ իրենց՝ ՆԱՏՈ-ի անդամ դաշնակից Թուրքիայի, ներկայությունն ու ազդեցությունը: Նրանք գործնականում ոչ մի քայլ չարեցին Հայաստանի ու Արցախի օգտին և ավելի շուտ միջազգային ատյաններում ի օգուտ Ադրբեջանի էին հանդես գալիս՝ ելնելով իրենց նյութական շահերից: Չնայած այստեղ մեծ դերակատարություն ուներ նաև այն հանգամանքը, որ միջազգային ատյանները և ՄԱԿ-ը Հայաստանին ճանաչում էին որպես այդ 7 շրջանների օկուպանտ: Ձևականորեն խոսվում էր Թուրքիային սանձազերծելու մասին՝ սակայն հակառուսական շահագրգռվածությունից ելնելով: Նրանք երբեմն Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները հարմար միջոց են դիտում Ռուսաստանի դեմ: Չնայած այս ամենին ռուսական խաղաղապահների հաստատումով Ռուսաստանը իր վերահսկողությունը կարողացավ հաստատել տարածաշրջանում ինչպես նաև նավթամուղի վրա:
Իմպերիալիստական երկրները ամեն կերպ կաշխատեն Հայաստանում և Ադրբեջանում դրդել հակառուսական տենդենցներ, որպեսզի նրանք դուրս գան ռուսական ուժերի դեմ ու փորձեն չեզոքացնել ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում: Այսպիսով նրանք ամեն կերպ աշխատում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասությունները սրել ու պատերազմի վերածել այն:
Դժբախտաբար Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և այդ թվում Փաշինյանի թիմը և իշխանավորների որոշ մասը չափից ավելի սուբեյկտիվ ու ոչ իրատեսական հույսեր էին փայփայում Եվրոպայի հետ, սակայն պատերազմը ցույց տվեց, որ նրանք սխալվում էին: Հույսով ենք նրանք դաս վերցրած կլինեն այս իրողությունից:
Ռուսաստանը ունեցել է և ունի իր ճշգրիտ քաղաքականությունը կովկասի տարածաշրջանում: Միջազգային իրավիճակը նկատի ունենալով Ռուսաստանը համագործակցության մեջ է Թուրքիայի հետ, և հաճախ որոշակի քայլեր համաձայնեցված ձևով են իրագործում: Արցախի հարցում այս իրողությունը հայերի վնասին է վերջանում, սակայն հասկանալի է, որ այդուհանդերձ Ռուսաստանը իր կարմիր գծերը կամ սահմանված հարաբերությունները ունի Թուրքիայի հետ ու երբեք չի ցանկանում նրան տեսնել Կովկասում և Արցախի տարածքներում: Ռուսաստանը դժգոհ է նաև այն մոտեցումից, որ Ադրբեջանը ունի Թուրքիայի հանդեպ և Թոիրքիային դիտելով որպես առաջին կարգի մեծ եղբայր՝ հույսերը կապում է նրա հետ՝ հեռանալով Ռուսաստանից: Սա դրական գործոն է հայերիս համար, որը պետք է շեշտադրվի անընդհատ: Նման գործոններ կարող են մեծ դեր ունենալ Արցախի կարգավիճակի ու ստորագրված համաձայնագրի անորոշ կետերի ճշտորոշման գործում: «Իմ Քայլ» դաշինքի մի մաս անդամների հակառուսական հակումները և Փաշինյանի կողմից իշխանության պաշտոններում նրանց մի մասի տեղ տալը պատճառ դարձան, որ Ռուսաստանը որոշ չափով թուլացնի իր օժանդակությունների չափը և պատերազմի ընթացքում ջահադիստների կամ վարձականների առկայության հանդեպ որևէ նախաձեռնություն չձեռնարկի: Հույսով ենք սա դաս եղած լինի մեր իշխանավորների ու քաղաքական բոլոր ուժերի համար, ուստի ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք Ռուսաստանի զոնայի շրջանակներում և, ինչպես պատմությունն է մեզ ցույց տվել պետք է ամեն կերպ սերտ հարաբերությունների մեջ լինենք մեր ռազմական դաշնակցի հետ: Պետք է մեր բոլոր քայլերը համահունչ լինեն Ռուսատանին:
Անկախություն և Ինքնիշխան լինելը լայն հասկացողություն և իմաստ ունի: Ինքնիշխան լինելը ամենա բարձր հատկանիշն է մի անկախ երկրի համար և բոլորն են ձգտում դրան, սակայն, միջազգային ու յուրաքանչյուր երկրի տարածաշրջանային պայմանները նկատի առնելով բոլորը գտնվում են ինքնիշխանության տարբեր աստիճաններում: Բոլոր երկրները փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ, որը մի տեսակ կարիք կամ պահանջ կարելի է համարել: Կեղծ «Անկախության» և «ինքնիշխանության» գաղափարները երբեմն մեզ շեղում են իրատես լինելուց ու երկիրը ճիշտ ուղղով տանելուց:
Յուրաքանչուր երկիր որ գրանցված է ՄԱԿ-ում, կոչվում է անկախ երկիր, բայց բոլորը չէ, որ ինքնիշխան են: ինքնիշխան լինելու համար հսկայական քաղաքական և ռազմատնտեսական պայքար է անհրաժեշտ: Սովետական Միության տապալումից հետ ներկայիս իմպերիալիստական համակարգի ռազմավարությունը եղել է «full spectrum dominance»-ը՝ գերիշխանությունը մի պետության կողմից մյուս երկրների դիմաց:
Նախքան Սովետական Միության փլուզումը ինքնիշխան լինելը իմաստավորվում էր որպես պայքար ազատագրման և գաղութատիրության դիմ, որը նպատակ ուներ դառնալու անկախ մի երկիր կամ պետականություն:
Մենք, ուզենք թե չուզենք, գտնվում ենք Ռուսաստանի զոնայի կատեգորիայում և մեր նման շատ երկրներ, որոնք փոքր քանակությամբ բնակչություն, տարածք և ռեսուրսներ ունեն, նույն կարգավիճակում են: Մեր նման երկրները, պահպանելով իրենց քաղաքական անկախությունը, տնտեսապես ու ռազմապես չեն կարող 100 տոկոսով «անկախ» լինել: Նման երկրները ստիպված են սերտ համագործակցության մեջ մտնել մի մեծ ու հզոր պետության հետ, որի հետ իրենց շահերը համընկնում են: Մեր պատմության իրողությունը և ներկա կարգավիճակը նկատի ունենալով՝ տրամաբանական է, որ ընդունենք Ռուսաստանն է եղել այդ երկիրը և, քանի որ դեռ մեր անվտանգության երաշխիքը հանդիսանում է Ռուսաստանը, պետք է շարունակենք նրա հետ մեր ռազմական ու քաղաքական դաշնակից լինելը: Այս իրողության անտեսումը բացասական մեծ ազդեցություն է ունեցել և կունենա մեր հայրենիքի համար:
Ամերիկան և Եվրոպան մեծ ջանքներ են գործադրել, գործադրում և գործադրելու են, որ մեզ հեռացնեն Ռուսաստանից: Սովետական Միության փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհում Արևմուտքն ստեղծեց իր շահերը պաշտպանող կառույցները՝ հասարակական ոչ պետական կազմակերպությունները (NGO): Այդ նպատակին հասնելու համար նրանք Հայաստանում իրենց գումարներով ստեղծել են տարբեր հակառուսական ու պրոամերիկյան կամ պրոեվրոպական շատ կազմակերպություններ (NGO): Սորոսի կազմակերպության ջանքերն էլ պետք է դասել այդ շրջանակներում: Նման ոչ պետական կառույցների նպատակներից մեկն է համարվել՝ փակել Ռուսաստանի 102 ռազմաբազան Գյումրիում: Այդ կառույցների նպատակը միայն հակառուսական քարոզչությունը չի եղել, այլ ապահովելը իրնց տնտեսաքաղաքական ծրագրերի իրագործումը Հայաստանում և Արցախում:
Ամեն կերպ աշխատել են իրենց գործակալներին մտցնել պետական ապարատ և առաջ տանել իրենց հակառուական քաղաքականությունը: Դժբախտաբար «Իմ Քայլ» դաշինքի շարքերում նման տարրեր քիչ չէին ու այդ հակառուսական ուժերը կարողացել էին օգտվելով վարչապետի թերություններից ու սխալ մոտեցումներից՝ գրավել էին մի շարք պաշտոններ ու իրենց գործը առաջ տարել: Այս բոլորը կատարվում էր Ռուսաստանի աչքի առջև ու չէր կարող անտեսվել նրանց կողմից ու չունենար իր բացասական ազդեցությունը: Հայ Ձախ Ֆորումը ժամանակին զգուշացրել էր վարչապետին, որ անհարժեշտ է իր պետական ապարատը մաքրել նման տարրերից: Հիմա կարծում ենք վարչապետը պետք է լավ հասկանա այս իրողությունը: Վարչապետը պետք է ռադիկալ քայլեր վերցներ, որպեսզի քաղաքական հեղափոխությունը հաջողությունների հասցներ: Այս երևույթը կարելի է համարել վարչապետի թիմի սխալներից մեկը:
Վարչապետի թիմի սխալներից մեկն էլ այն էր, որ ավելի շուտ զբաղվեց ներքին կոռուպցիայով, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ պետք է ամրապնդեր անվտանգության հարցերը՝ հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումներից ելնելով, որոնք ուղղակի Հայաստանի անվտանգությանն էին վերաբերում ու պետք էր դրա դեմ անհապաղ մի ելքեր գտնվեր: Ցավոք այդ երկու առումներով վճռական քայլեր չվերցվեցին: Ամենահարմար ելքերից էր այն, որ իր ռազմավարական դաշնակցի հետ սերտ ու մտերիմ կապերը էլ ավելի խորացներ ու ցույց տար, որ ինքը Ռուսաստանին գերադասում է Եվրոպայից ու Ամերիկայից և միջազգային ու անվտանգության շատ հարցերում Ռուսաստանի հետ խորհրդակցաբար պետք է աշխատեր: Մեր կարծիքով պետք է Հայաստանի իշխանությունը համաձայնվեր Արցախի հարցում Ռուսաստանի կողմից տարբեր տարիներում առաջադրված Արցախի հարցի լուծման եղանակի հետ: Այդ դեպքում էլ մենք կհանձնեինք գրավված տարածքները, սակայն ավելի լավ պայմաններում կգտնվեինք, քան՝ այսօր: Ռուսաստանի Դաշնությունը Հայսատանի Հանրապետության հիմնական և առաջին ռազմական դաշնակիցն է և ռչ թե « գործակիցը», որ երբեմն հնչում է տարբեր բարձր պաշտոնյաների կողմից՝ հատկապես վարչապետի կողմից:
Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա պայմաններում գնհատում ենք, ըստ պայմանների, միակ ելքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրելով դա ճիշտ քայլ է վերցրել: Չպետք է մոռանալ, որ ով էլ լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այդ ցավալի համաձայնագիրը կստորագրեր: Այդ համաձայնագիրը Ստեփանակերտը, շատ շրջաններ ու Արցախը պահպանելու համաձայնագիր է և ոչ թե կորցնելու համաձայնագիր: Այս համաձայնագիրը մեզ առիթ է ընձեռնելու վերլուծել ու հասկանալ մեր թերի կողմերը, վերականգնել երկիրը քաղաքականապես ու տնտեսապես և զարկ տալ ու ավելի մեծ ուշադրություն դարձնել ազգաբնակչության քանակի ու որակի և կենսամակարդակի բարձրացման ու անվտանգությանը: Երկրում հարստության արդար բաշխումը կարող է իրականանալ միայն արդար տնտեսական համակարգ ունենալով, որտեղ պետության դերակատարությունը մեծ պետք է լինի, եթե՝ ոչ, կրկին երկիրը կգտնվի մեծահարուստ կապիտալիստների ձեռքում, որոնք իրենք են որոշելու երկրին քաղաքական ուժը, քաղաքականությունը և տնտեսության համակարգն ու ընթացքը: Կապիտալիստների հիմքը լինելու է ոչ թե հզոր և արդար Հայաստան ունենալը, այլ այնպիսի մի Հայաստան, որտեղ կարողանան նյութապես շահագործել ժողովրդին, լավ շահույթ ունենան, իսկ իշխանությունն ու ամբողջ համակարգը պաշտպանի իրենց շահերը և ոչ թե հասարակ ժողովրդի և ողջ երկրի շահերն ու զարգացման ընթացքը: Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանի նախկին իշխանությունների սխալ գործելակերպը ցույց է տվել իր բացասական հետևանքները, և հույսով ենք այս առումով ներկայիս իշխանավորները դաս կվերցնեն ու կստեղծեն ավելի դեմոկրատիկ սոցիալական տնտեսական մի համակարգ, որտեղ բոլոր բնագավառներում կգերադսվի ու առաջնահերթ կհամարվի երկրի ու լայն մասսաների շահերը՝ մեծահարուստների ու մեծ գործատուների կամ կապիտալսիտների ու ֆինանսական կապիտալիստների՝ բանկերի, շահերից:
Ներկայիս 16 ընդդիմադիր ուժերի ցույցերը իշխանության կռիվ տալու նկրտումներ ենք գնահատում: Այդ կուսակցությունների մեծամասնությունը չարաշահելով ստեղծված իրավիճակը նպատակ է հետապնդում տապալել ներկայիս իշխանությանը, հույս ունենալով, որ հնարավոր կլինի առանց ժողովրդի ընտրությունների իրենց մարդկանց նոր իշխանության մեջ ընդգրկելը: Նրանք ստորագրված համաձայնագրի համար որևէ ալտերնատիվ չունեն և չեն ներկայացնում, այն՝ ինչ էլ ներկայացնում են, ավելի շուտ հակաժողովրդական՝ և առանց ժողովրդի ընտրության, ժամանակվոր վարչապետի նշանակումն է միայն իրենց կողմից և ոչ թե՝ ժողովրդի, որը չի կարող ժողովրդի կողմից ընդունելի լինել: Նրանք պետք է հասկանան, որ դիրքերի ճշգրտման հարցը դեռ ընթացքի մեջ է: Հայ զինվորը ռուս խաղաղապահների հետ կանգնած է Հայաստանի ու Արցախի սահմաններում: Արցախի հարցի քննարկումները շարունակվում են տարբեր մակարդակներով: Նման պայմաններում երկրում միասնականություն և կայունություն է անհրաժեշտ և յուրաքանչյուր խառնաշփոթից կարող է օգտվել ու շահել միայն թշնամին: Արդեն վարչապետը հայտարարել է, որ 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի կունենան ու կփարատվեն շատ հարցեր: Ազգային Ժողովն էլ իր հերթին կընտրի նոր վարչապետ, որը ընդունելի կլինի բոլորի կողմից ու կրքերն էլ կհանդարտվեն: Այդ 16 կուսակցությունները չեն ներկայցնում Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտն ու ժողովրդին և չպետք է չարաշահեն ստեղծված իրավիճակը իրենց կամքը թելադրելու նպատակով:
Պետական պարտքի ավելացումը մեծացնելու է Հայաստանի Հանրպետության կախվածությունն արտաքին ուժերից ու ենթարկելու է նրանց թելադրանքներին ու ֆինանսական կապիտալին: ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար: Հեղափոխությունից հետո իշխանությունների թավշյա քաղաքականության պատճառով, ցավոք, նախկինների կողմից թալանածը չվերադարձվեց պետության գանձարան, որը կարող էր նվազեցնել մեր կախվածությունը հատկապես միջազգային շահագործող կենտրոններից (Համաշխարհային բանկ, Միջազգային Արժույթի հիմնադրամ և այլն):
Սփյուռքը ամեն կերպ աշխատեց պատերազմի ընթացքում օգտավետ լինել հայրենիքին, սակայն սփյուռքի պոտենցիալ ուժը ավելի մեծ է՝ քան այն ինչ դրսևորվեց: Սփյուռքի դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը շոշափելի է ներկայիս և ապագայի Հայաստանի ու Արցախի համար: Այսպիսով՝ անհրաժեշտ է ստեղծել կամ վերականգնել Սփյուռքի Նախարարությունը նոր հիմունքներով: Անալիզի ենթարկել ու դաս վերցնել նախկին «Սփյուռքի Նախարարության» աշխատատանքներից: Սփուռքի Նախարարությունը պետք է ունենա այնպիսի գործնական մեխանիզմներ, որտեղ հնարավոր կդարձնի օգտագործել սփյուռքի ամբողջ պոտենցիալ ուժը: Հայ Ձախ Ֆորումի կարծիքով այդ կառույցը կարող է ունենալ հետևյալ հատկանիշները՝ 1-Ղեկավար կազմում ընդգրկված լինեն սփյուռքահայեր, 2-Բյուդջեն ապահովվի ՀՀ իշխանության կողմից, 3-Ունենա իր հեռուստակայանը և զանգվածային լրատվամիջոցը, 4-Աշխատանքները լինեն թափանցիկ:
Անցյալից դասեր քաղելով՝ կարծում ենք ներկա պայմաններում պետք է աշխատել ըստ հետևյալի՝
1-Օգնել վարչապետին ու ներկայիս իշխանությանը իրականացնելու իրենց առջև դրած ու ծրագրած Արցախի վերականգնման աշխատանքները:
2-Նկատի առնելով երկրի ռազմական իրավիճակը՝ ավելի խիստ վերաբերմունք ցույց տալ միասնականությունը խաթարող և հակաօրինական արարքներ ցույց տվող անձանց նկատմամբ:
3-Ներքին բախումներից խուսափելու և երկրում լարվածությունը նվազացնելու համար բոլորիս համար էլ լավ կլինի, ինչպես վարչապետն է հայտարարել, երկխոսություն սկսել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ բոլոր քաղաքական ուժերի հետ:
4-Անարդար ձևով հարստացողների գումարները առգրավել պետությանը հզորացնելու նպատակով՝ հատկապես ռազմական բնագավառում:
5 Չեզոքացնել, սահմանափակել և հսկողության տակ վերցնել բոլոր հակառուսական, սորոսական և ուրիշ երկրներից ֆինանսավորվող ոչպետական կազմակերպությունները (NGO):
6 Ոչ մի վարկ չվերցնել Արժույթի Միջազգային Հիմնադրամից և Համաշխարհային Բանկից: Հնավորինս միայն օգտվել հայկական կապիտալից:
7- ԱԱԾ-ի և պետական այլ կառույցներում ընդգրկել մեծ փորձ ունեցող ու դպրոց անցած և մասնագիտացված անձանց:
8-Դեմոկրատացնել տնտեսական համակարգը, որը կնպաստի լայն մասսաների ներգրավածությանը արդյունաբերական ու ոչարդյունաբերական կառույցներում կամ ձեռնարկություններում:
9-Հեշտացնել արհմիությունների աշխատանքները տարբեր ձեռնարկություններում և հնարավորություն ընձեռնվի աշխատավորներին ու աշխատավարձ ստացողներին, որ առանց վախենալու ստեղծեն իրենց արհմիությունները և պաշտպանեն իրենց և պետության շահերը և ոչ թե՝ ձեռնարկությունների կամ սեփականատերերի:
10-Բարձրացնել պետության դերը տնտեսական համակարգում:
11-Վերջ տալ ֆինանսական կապիտալի շահագործմանը և մեծ մասամբ ազգայնացնել բանկերը:
12-Վերջ տալ տարբեր ուժերի կողմից որպես իշխանության պահպանման միջոց նացիոնալիստական կամ ազգայնամոլական գաղափարների տարածմանը և մասսաներին չշեղել նորմալ ու մարդկային կյանք ունենալուց: Բարձր գնահատել համամարդկային արժեքները և զարկ տալ այդ գաղափարների տարածմանը:
Հայ Ձախ Ֆորում, Երևան 12 Հունվարի 2021 թ.