Ալիևի 4-օրյա պատերազմի «ձեռքբերումները» և իրականությունն Ադրբեջանում

12 Մայիսի 2016

Վերջին օրերին ամենաշրջանառվող լուրն այն է, որ Իլհամ Ալիևը նախապատրաստում է լայնամասշտաբ հարձակում ԼՂՀ-ի վրա: Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Ղարաբաղում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունը, լիովին հասկանում են, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն Ադրբեջանն այսօր տեսնում է միայն ռազմական ուժի միջոցով:

Այդ իսկ պատճառով, որպեսզի աշխարհը հասկանա, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել ԼՂՀ-ի սահմանները ցանկացած միջոցով, Երևանը գնաց ճիշտ դիվանագիտական ուղիով. Հայաստանի Կառավարությունը հաստատեց ԼՂՀ-ի ճանաչման օրինագծի վերաբերյալ ԱԳՆ եզրակացությունն ու օրինագիծն ուղարկեց Ազգային Ժողով քննարկման: Այս քայլով Հայաստանը փակուղու մեջ դրեց Ալիևին և հասկացրեց բոլորին, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Արցախը:

Երբ Ալիևն ապրիլի սկզբին սկսում էր ռազմական գործողությունները Ղարաբաղում, վերջինս հույս ուներ, որ, կիրառելով նորագույն ռազմական տեխնիկա և մի քանի անգամ ավելի զինվորներ, քան կային ԼՂՀ-ի պաշտպանության բանակի առաջնագծում, կկարողանա բլից-կրիգ իրականացնել և վերցնել Ղարաբաղի կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերը: Բլից-կրիգը ոչ միայն չհաջողվեց, այլև լիովին տապալվեց, և արդյունքում Ալիևն այսօր ունի`

1.մեծ քանակի զոհեր և ամբողջովին տապալված ծրագիր,

2.ժողովուրդ, որն ավելի, քան մինչ ապրիլյան պատերազմը, պահանջում է Ալիևից պատերազմի միջոցով վերադարձնել Ղարաբաղը,

3.երկրի ներսում շարունակվող տնտեսական ճգնաժամ,

4.երկրում ապրող փոքրամասնությունների դժգոհությունների ալիքի բարձրացում՝ իրենց երեխաներին պատերազմի չուղարկելու պահանջով,

5.շիաների և սունիների (Ալիևը սունի է) հակամարտության ֆոնի վրա ներքաղաքական պայքարի սրման հնարավորություն,

6.առավել զգոն և պատերազմի յուրաքանչյուր պահին սպասող ԼՂՀ-ի և Հայաստանի զինված ուժեր,

7.պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանի` Արցախը ճանաչելու պատրաստակամությունը։

Երկիրը ղեկավարելու Ալիևի մեխանիզմը միանգամայն ակնհայտ է, և այն հետևյալն է. Ադրբեջանում նժարի վրա դրված են երկու հարց` ատելություն դեպի իշխանությունները, քանի որ երկիրը թալանում է երկու ընտանիք (Ալիևներ և Փաշաևներ, վերջինի ներկայացուցիչը Ալիևի կինն է), և ատելություն դեպի Հայաստան` Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով: Ալիևը մինչ այսօր կարողացել է այդ երկու խնդիրները բալանսավորել, սակայն ապրիլի սկզբին, ելնելով համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ անկումից և դրա հետևանքով մանաթի արժեզրկումից, երկրի ներսում ժողովրդի ատելությունը բարձրացել էր իշխանության նկատմամբ, և այդ պատճառով պետք էր խորացնել հակահայկական տրամադրվածություններն ադրբեջանցիներին շեղելու նպատակով, ինչը կարելի էր անել միայն Ղարաբաղում պատերազմ սկսելով:

Արդյունքում, Ղարաբաղի զինված ուժերը, փայլուն պաշտպանություն ապահովելով, հետ մղեցին թշնամու բանակը: Այժմ Ադրբեջանի իշխանությունները գտնվում են ավելի վատ իրավիճակում, քան նախքան 4-օրյա պատերազմը, քանի որ երկրի ներսում տնտեսական խնդիրները շարունակվում են, իսկ ժողովրդի մոտ հակահայկական ատելությունը վերստին (կոռումպացվածության և Ղարաբաղը չվերադարձնելու պատճառով) փոխարինվում է իշխանության հանդեպ ատելությամբ:

Թե որը կլինի Ալիևի ռեժիմի հաջորդ քայլը, ցույց կտա ժամանակը, բայց այս պայմաններում միայն հիմարը կարող է վերսկսել պատերազմը: Ղարաբաղում պատերազմ վերսկսելու որոշումը Ալիևի իշխանության տապալման սկիզբի ազդարարը կլինի:

 

Արման Ղուկասյան

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ