Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը ցուցադրաբար ընդգծում իր ադրբեջանամետությունը․․․

17 Ապրիլի 2016

Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը վերջին շաբաթվա ընթացքում ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ընդգծում իր ադրբեջանամետությունը: Մի՞թե Լոնդոնի ֆինանսական կլանի մարիոնետ Պուտինը փորձում է կիրառել 1920-ական թվականների բոլշևիկների քաղաքականությունը, մտածելով նորից սկսել ռուս-թուրքական սիրախաղը՝ բոլշևիկների նախկին ռազմավարությունը՝ ռուս-թուրքական պակտը ընդդեմ արևմուտքի: Այս դեպքում Կրեմլի լոնդոնյան (հանրությանը հայտնի է՝ Ռոտշիլդյան կամ Վինձորյան անունով) մարիոնետն ընդդեմ ԱՄՆ ֆինանսական կլանի (հանրությանը հայտնի է՝ Ռոկֆելերյան անունով):

Նախ՝ մեր ժամանակներում արևմտյան աշխարհը կառավարվում է տրանս-կոնտինենտալ ֆինանսական կայսրությունների կողմից, որոնք խմբավորված են ամերիկյան IMF - International Monetary Fund և լոնդոնյան WBG - World Bank Group կորպորացիաների շուրջ, և այս կամ այն երկրի շահերն ու այդ երկրների ժողովուրդներն իրականում սուբյեկտ չեն, և ոչինչ չեն որոշում: Այս երկու ֆինանսական կլան-կայսրությունների մեջ, շահերի բերումով, մտնում են մի քանի տասնյակների հասնող բանկային կորպորացիաներ:

Ինչ վերաբերում է պուտինյան վարչակարգին, ապա եթե Ռուսաստանի տնտեսական հիմքը նրա էներգակիրներն են, և բացահայտ է, որ դրանք օտարերկրյա սեփականություն են (նույնիսկ ըստ ռուսական տնտեսագետների տվյալների) և ավելին՝ ռուս օլիգարխների կապիտալները Լոնդոնի և Բրյուսելի բանկերում են տեղադրված, ապա կեղծ ազգայնական խաղացող ու երկրի շահերից ճամարտակող Պուտինն իրականում չէր էլ կարող լինել այն՝ ինչ ուզում է տեսնել ռուս հանրությունը: Նա ուղղակի նշանակված կատարող է, որը մինչև այժմ դեռ չի էլ փորձել զինվորից դառնալ գեներալ՝ իր խաղն ունենալ համաշխարհային «շախմատային» դաշտում (տես՝ թեկուզ Կրեմլի տնտեսական մասով խորհրդական ակադեմիկոս Գլազևի հիասթափված հոդվածները):

Գաղտնիք չէ, որ համաշխարհային քաղաքական սովնակը կառավարող ֆինանսական խումբը 2012 թվականից հետո պառակտվել է և կա հստակ հակամարտություն: Հիշեցնենք նաև, որ այս երկու կլանների հակամարտությունն աշխարհին նվիրել է երկու համաշխարհային պատերազմ:

Ռուսաստանի ողջ էներգակիրների սեփականության փաթեթների մեջ շատ մեծ է լոնդոնյան կլանի մասնաբաժինը:

Սիրիայում պուտինյան հրթիռները և Ասադի ռեժիմի պաշտպանությունն իրականում ունի հստակ շահերի հիմնավորում: Լոնդոնյան կլանին ձեռք չի տալիս, որ ամերիկյան մարիոնետները՝ սաուդական և Կատարի նավթն ու գազը, որոնք նաև ամերիկյան կլանինն են, պարտադրվեն Եվրոպայի շուկային, և ԱՄՆ-ն միայնակ որոշի դրանց համաշխարհային գները: Ուրեմն, Կրեմլի լոնդոնյան մարիոնետը կատարեց իր վրա դրված հանձնարարությունը՝ հարվածելով դոլարի հիմք ծառայող ԻԳԻԼՅԱՆ «կենդանի նավթի» տարանցիկը:

Մյուս կողմից՝ «Օբամայի վարչակազմը», որը ռոտշիլդյան կլանի հաղթանակն էր մոտ ութ տարի առաջ, այժմ կրկնակի ճնշման տակ է՝ ԱՄՆ-ի տեղական ֆինանսական օլիգարխիայի, երկրի պետական բյուրոկրատական ապարատի, Պենտագոնի սպայական վերնախավի մի մասի կողմից: Իրանի սանկցիաների հանման դեմ են ԱՄՆ ընկերությունները, որոնք ի սկզբանե դրված էին ԱՄՆ-ի կողմից համաշխարհային գները պարտադրելու համար:

Ահա թե ինչու է այս երկու կլանների «կամուրջ» համարվող Քիսինջերն իր ահռելի տարիքին թռչում Մոսկվա, երբ այժմ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում...

Այս երկու կլանների խնդիրը՝ միջազգային տրանսկոնտինենտալ ուղիների տիրապետումն է, և սա ոչ թե միայն նրանց համաշխարհային իշխանության-ֆինանսների դոմինանտության խնդիրն է, այլև այսօրվա համաշխարհային ճգնաժամում «լինել-չլինելու» խնդիր է: Արդյո՞ք ամերիկյան (սաուդյան և Կատարի) գազի ու նավթի խողովակաշարը կհասնի Եվրոպական շուկա, թե՞ ռուսական, այսինքն՝ լոնդոնյան խմբի սեփականությունը հանդիսացող ռուսական նավթն ու գազը կհասնի Եվրոպա: Լոնդոնյան կլանը, թե՛ արքայազն Չարլզի միջոցով, թե՛ Պուտինի այցելությամբ, Թուրքիայի նախագահ՝ ԱՄՆ-ի դրածո Էրդողանին փորձեց համոզել փոխել դաշտը, որպեսզի սաուդականի փոխարեն Եվրոպան ռուսական-ռոտշիլդյան էներգիան օգտագործի, սակայն ամերիկյան Էրդողան-մարիոնետը մեկ տարի առաջ չանսաց լոնդոնյան կողմի առաջարկը:

Եվ ահա, այսօր, խնդիրը հետևյալում է, թե ռուսական (ռոտշիլդյան) նավթի ու գազի, ինչպես նաև ապրանքաշրջանառության համար ստեղծված՝

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համաձայանգիրը (Коридор «Север – Юг» составит конкуренцию маршруту через Суэцкий канал) որքանո՞վ է համաձայնեցված Ռոկֆելերյան կլանի հետ, որն ունի աներկբա լծակ՝ փլուզելու այս համաձայնագիրը: ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Ահա թե ինչու է Կրեմլին պետք ամրացնել իր դիրքերը՝ տեղակայելով իր «խաղաղապահ» զորքը մեր ազատագրված տարածքներում:

Հայաստանը Կրեմլի այսօրվա տիրոջը՝ բիզնեսմեն Պուտինին, պետք է որպես ենթակա և ինքնուրույնությունից իսպառ զրկված լծակ: Եվ Հայաստանի իշխանությունների ողջ գործընթացը եղել է լակեյությունը, թե՛ արևմուտքում (նոր սահմանադրություն), թե՛ Ռուսաստանի նկատմամբ:

Ահա նայեք՝

-Հայկական երկաթուղու պայմանագրային զավթումը Կրեմլի կողմից՝ ստացավ կանաչ ճանապարհ:

-Ռուսական բազաների առկայությունը 49 տարով՝ ստորագրեցին:

-Ռուս-թուրքական արձանագրությունները Կրեմլի պահանջն էր՝ կատարեցին:

-Եվրասիական միություն մտնելու պարտադրանքը՝ մի գիշերում...

-Միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը Ադրբեջանին՝ կլլեցին:

Սակայն վերադառնանք վերնագրին՝ գլխավոր հարցադրմանը:

Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը վերջին շաբաթվա ընթացքում, առանց նույնիսկ «նրբանկատության», ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ընդգծում իր ադրբեջանամետությունը: Մի՞թե Լոնդոնի ֆինանսական կլանի մարիոնետ Պուտինը փորձում է կիրառել 1920-ական թվականների բոլշևիկների քաղաքականությունը, մտածելով նորից սկսել ռուս-թուրքական սիրախաղը՝ բոլշևիկների նախկին ռազմավարությունը: Այդ դեպքում Էրդողանը պետք է փոխի իր պատկանելիոթյունը՝ դաշտը... Տեսնենք:

Հ.Գ. Քաղաքական սովնակում հաշվի են առնվում ոչ թե օտարի «սապոգի պարտյանկա» դառնալը (լինի դա ՈՉ համասեռ արևմուտքի կամ Ռուսաստանի՝ Լոնդոնի), այլ երբ քեզանից ուժ ես ներկայացնում: Արցախի դե ֆակտո կայացումը այդ ուժի՝ հաղթանակի շնորհիվ եղավ միայն, որը Հայաստանյան իշխանական էլիտան իր քաղքենի ու շվայտ կյանքի, առանձնատների ու միլիոնների թալանով անէացրել է, և արդեն հայկական պետականությունն է հարցականի տակ դրել:

Սթափվե՛ք վերջապես: Արթնացե՛ք ձեր մեղրածոր հարստության թմբիրից: Մի՞թե դուք անտեղյակ էիք, որ այս տարածաշրջանում մեր գոյությունը հնարավոր է միմիայն Սպարտայի նման կազմակերպված երկիր կառուցելու դեպքում, թե՞ ձեր չտեսությունը՝ հարստություն դիզելը, դարձել է ձեր կենդանական էությունը:

Սահմանին կանգնած հայ զինվորը այս անգամ էլ փրկեց բոլորիս ու հատկապես ձե՛զ: ՍՈՎՈՐԵ՛Ք հայ զինվորից՝

ՄԻԱՅՆ ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ:

 

Արթուր Արմին

Բանասիրական գիտությունների դոկտոր

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ