Ապրիլի մեկից աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ Արցախում բռնկված չորսօրյա պատերազմին, բոլորը մեկնաբանում ու վերլուծում են վերսկսվող պատերազմի վտանգը և դրա ծավալման ահուսարսափը։
Արցախյան իրադարձությունները վերլուծել է նաև Իրանի տարածաշրջանային մասնագետ Բորհան Հեշմաթին: Առանձնացրել ենք նրա մի քանի նկատառումները, զերծ մնալով մեր մեկնաբանություններից։
Բաքվի լրատվամիջոցներում այս չորսօրյա պատերազմը ճանաչվեց որպես «Ապրիլի արյունոտ պատերազմ», որը պարունակում է կարևոր դասեր Բաքվի և Երևանի համար: Չնայած Բաքուն սկսեց պատերազմը և նախաձեռնությունը իր ձեռքում էր, սակայն կարողացավ գրավել ընդամենը երկու բլուր:
Առաջին դասը, որ պետք է քաղել այս պատերազմից այն է, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի: Այս հարցի լուծումը պահանջում է երկարատև և խելացի մոտեցում, որն անկարող է լուծել Մինսկի խումբը, քանի որ այդ խմբի անդամ երկրները չեն կարող անկողմնակալ և առանց իրենց ձեռնտու շահերի ու նպատակների գործել: Ռուսաստանը, Ամերիկան և Ֆրանսիան, որոնք Մինսկի խմբի ղեկավար երկրներ են, ձևացնում են, թե Լեռնային Ղարաբաղի հայությունը և Հայաստանը իրենց հովանավորության ներքո են գտնվում, այդ իսկ պատճառով այդ երեք երկրները «պաշտպանում» են հայերի պահանջները:
Ադրբեջանի Հանրապետությունը հակասության մեջ է՝ մի կողմից պահանջում է Ղարաբաղի վերադարձն իր հանրապետության կազմում, մյուս կողմից՝ իր հավատարմությունն է հայտնում խաղաղության բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում:
Տարեկան 4 միլիարդ դոլար է հատկացվել Ադրբեջանին՝ զինամթերքի կուտակման համար, որը Հայաստանի ընդհանուր բյուջեից ավելի է: Ի՞նչ նպատակ կարող է հետապնդել դա, հատկապես, որ ապրիլի 2-ի մեծամասշտաբ պատերազմը ցույց տվեց, որ չնայած Ադրբեջանի Հանրապետությունում մեծ քանակությամբ զինամթերք է կուտակված, երկու երկրների բանակների միջև հավասարակշռություն գոյություն ունի և թեկուզ բարենպաստ քաղաքական պայմանների առկայությամբ, այդ բանակներից ոչ մեկը չի կարող մյուսին հաղթել:
Զենքերի կուտակման ընթացքում, որը կատարվել է իբրև թե Ղարաբաղի ու հարակից 7 շրջանների առգրավման նպատակով, ավելի շուտ շահել են Ռուսաստանն ու Իսրայելը: Վիճակագրական տվյալների համաձայն, որը հրապարակվել է ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ում, Ռուսաստանն այդ հանրապետությանը զենք վաճառելով ստացել է մոտ 3.5 միլիարդ դոլարի շահույթ, իսկ Իսրայելի սիոնիստական ռեժիմը՝ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ զենքի վաճառքի պայմանագիր է կնքել ու հիմնադրել է անօդաչու թռչող սարքի արտադրություն Ադրբեջանում:
Ռուսաստանից ու Իսրայելից հետո Թուրքիան երրորդ տեղն է գրավում Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքում: Վերջին ամիսներին Պակիստանը նույնպես սկսել է զենք վաճառել Ադրբեջանին: Սակայն կուտակած զենքերը Ադրբեջանին չկարողացան նույնիսկ չնչին հաղթանակ ապահովել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանային այն օգտագործել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում՝ որպես ճնշման լծակ:
Ապարդյուն են Երևանի ու Բաքվի հույսերը, որ կապում են Մինսկի խմբի որոշումների հետ։ Ադրբեջանի բանակը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը հրավիրված էր Վաշինգտոնում տեղի ունեցող միջուկային անվտանգության նստաշրջանին։ Պետքարտուղար Ջոն Քերիի հետ պաշտոնական հանդիպումից և ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Ջո Բայդենի հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո Ալիևը շատ էր հպարտացել ու շեշտում էր, որ Ամերիկայի, ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև հաստատվել է ռազմավարական համագործակցություն: Այդ համագործակցության ազդեցության ներքո Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Հայաստանի դեմ։ Ալիևը վստահ էր, որ ուժեղ հարված հասցնելով Հայաստանին, Ամերիկան հակազդեցություն չի ցուցաբերի, չգիտակցելով, որ Կովկասի հարցում ավելի շուտ Ռուսաստանն ու Իրանն են որոշիչ դեր խաղում, այլ ոչ թե Ամերիկան։ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դեմ է, իսկ նրա դերը որոշիչ լինել չի կարող:
Հրադադար հաստատելը չի նշանակում, որ պատերզմի վտանգը վերացել է: Կրկին կարող է օտարների դրդմամբ այն վերսկսվել: Իսրայելը դրդում է Ադրբեջանին պատերազմի և ապագայում էլ պետք է սպասել, որ կաշխատի Ադրբեջանին մղել ռազմական գործողությունների։
Այս հարցին պետք է լրջորեն ուշադրություն դարձնել:
Պատրաստեց Արտաշես Մելիքյանը