Հարգելի պ-ն նախագահ, մեր երկրում տեղի ունեցող ապրիլյան իրադարձությունները բոլորիս այնքան մերձեցրին, որ մոռացա անգամ, որ Ձեզ ատում եմ: Հիմա շտապում եմ անկեղծանալ, քանի դեռ արթմնի քնի մեջ եմ, թեկուզ հակված եմ մտածելու, որ քունը մինչ ապրիլի մեկն էր, իսկ արթունը ներկայիս վիճակն է:
Պ-ն Սարգսյան, ասում են՝ նախագահ լինելը դժվար է: Ի՞նչ ասեմ, չգիտեմ, դեռ նախագահ լինելու առիթ չեմ ունեցել, բայց սեփական փորձով համոզվել եմ, որ կյանքիս ամեն ժամանակահատվածում այնպիսին եմ եղել, ինչպիսի մարդկանցով շրջապատել եմ ինձ: Նրանցով էլ որոշվել է իմ առաջ ծառացած խնդիրների լուծման հաջողությունը:
Ոչ վաղ անցյալում, երբ հայ ժողովուրդը Զորի Բալայանին քարկոծում էր ԼՂՀ փրկությունը ՌԴ կազմում տեսնելու համար, ես նրան մի նամակ գրեցի՝ Отрицательный опыт господина З. Балаяна, որտեղ նշում էի, որ հպատակի կարգավիճակը անվտանգության երաշխիք չէ: Արձագանքն անսպասելի էր. նա խոստովանեց, որ այլընտրանք չի տեսնում: Հպատակի հոգեբանությունը փակել էր նրա տեսադաշտը: Այդուհանդերձ, դրանից հետո նա դադարեց տարածել իր տեսակետը:
Ապրիլի մեկին մենք պատերազմում էինք և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի դեմ: 21-րդ դարի հեռահաղորդակցության միջոցների առկայությունը խոչընդոտեց ռուսական զինուժին Ադրբեջանի կողմից ֆիզիկապես հանդես գալ, բայց Ռուսաստանը այդ բացը լրացրեց Ադրբեջանին հուժկու ժամանակակից զենքով օժտելով:
Հիմա, երբ բոլորը համոզվեցին, որ ռուսական իշխանությունը ընդամենը նույն սլավոնալեզու թուրքն է, արդեն հայ-ռուսական շահերի երբեմնի համընկնման պատրանքը իր տեղը զիջեց իրատեսությանը:
Ռուսաստանը երբեք չի կտրի մի ծառի ճյուղ, որի վրա նստած է: Գնալ Ադրբեջանին դեմ` կնշանակի կազմաքանդել այն: Դրան կհաջորդի Թուրքիայի կազմաքանդումը ու հերթը կհասնի իրեն՝ Ռուսաստանին:
Նրանց միասնությունը «քաղաքակրթական» է:
Այդ երեքն էլ արհեստական ստեղծված պետություններ են, որոնք որևէ քաղաքակրթական հիմք չունեն և գոյատևում են սոսկ օտար քաղաքակրթությունների վրա պարազիտային կյանք վարելով:
Ֆրիդրիխ Նիցշեն գտնում էր, որ մարդկանց համոզմունքները փաստարկներով չեն փոխվի: Ուստի վստահ եմ, որ մեր հայ զինվորի ունիկալ հաղթանակն անգամ հպատակի հոգեբանությունը չեն փոխել:
Թե ինչպես կարելի է հպատակի հոգեբանությունը փոխել՝ ես չգիտեմ, բայց գիտեմ դեպի այդ հարցի պատասխանը տանող ճանապարհը:
Ժամանակն է, որ մեր գիտակցությանը թույլ չտանք փակել մեր հոգու բերանը, ժամանակն է բարձրաձայնել, որ ազգամիջյան խարդավանքների վարպետ ռուսական իշխանությունը չարիք է մարդկության գլխին: Միայն դրանից հետո մեր ազատ բանականությունը անցում կկատարի դեստրուկտիվ ռեժիմից դեպի կոնստրուկտիվ, և իրական պատասխանը ինքնին կգա:
Ես դրանում վերջնականապես համոզվեցի ապրիլյան պատերազմի օրերին, երբ 18-20 տարեկան մեր բազեները գործում էին հոգով, և ոչ գիտակցություն կոչվող կարծրատիպերի հավաքածույով:
Պ-ն նախագահ, ես Ձեզ չեմ առաջարկում ոչ ինձ հասկանալ, և ոչ էլ հավատալ: Պարզապես փորձեք հետևել թուրքի դեմ կռվող, ջրցան մեքենաների և ուղևարձի թանկացման դեմ պայքարող մեր ազատ երիտասարդությանը: Շտապ ազատվեք հպատակավարակակիրներից, սկսեք Ձեզ շրջապատել ազատ մարդկանցով:
Թյուր է այն տեսակետը, որ պետք է սկզբում ուժեղ լինել, հետո հասնել ազգային նպատակներին: Ուժը ինքնին չի ծագում: Նախ՝ բարձրագույն նպատակ են դնում, հետո՝ նրան հասնելու ճանապարհին դառնում ուժեղ, քանզի ուժի հիմքը նպատակի հոգևոր բովանդակությունն է:
Այժմ խորհեք, օրինակ ի՞նչ բարձր հոգևոր նպատակ կարող են դնել, ասենք, մեր երկչոտ արտ.գործ. նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար, հարմարվող Վահրամ Բաղդասարյանը կամ Հայրենիքի հանդեպ ծառայություններ ունեցող բայց, հայհոյանքը բերանին, կոշտ - կոպիտ Մանվել Գրիգորյանը, ու մյուս Ձեզ շրջապատողները:
Համաձայնեք, որ վեհ, հոգևոր նպատակներ դնելու համար հայրենասիրությունը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Հարկավոր է նաև բարձր ինտելեկտ, մեծ էրուդիցիա և, վերջապես, մասշտաբային մտածելակերպ:
Ես կարող եմ ենթադրել Ձեր մտավախությունը, թե ինչու Ձեզ չեք շրջապատում պատրաստված մարդկանցով:
Երբ մեր նորաստեղծ հանրապետության կառավարությունը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի (և մնացյալի) օրոք հասավ իրական անկախության ու վարում էր ինքնուրույն քաղաքականություն, ռուսական կայսրության կողմից անմիջապես գնդակահարվեց:
Բայց այսօր, երբ մեր բազեները Արցախի սահմանները մաքրել են թշնամուց, իսկ մեր ուղեղները՝ հպատակավարակից, հարկավոր չէ հապաղել:
Սկսեք վերանշանակումները՝ ազատվեք հպատակավարակակիրներից և կտեսնեք, որ ազատ մարդկանց գլխում խնդիրների լուծման պատասխանները ավելի շատ են, քան ինքնին խնդիրներն են:
Վահագն Կոզմոյան
10 ապրիլ 2016 թ.