Նեոլիբերալիզմն ընդդեմ ժողովրդի

28 Փետրվարի 2016

Նեոլիբերալիզմը լիբերալիստական տնտեսական մոդելներից մեկն է, հիմնականում եվրոպական բնույթի է և համարվում է արդիական, քանի որ հիմնված է ժամանակակից մարդու մտքի նորագույն արգասիքների վրա: Նեոլիբերալիզմը 1970-ական թվականներին սկսեց զարգանալ, իսկ բարձրակետին հասավ 1999-2008 թթ․:

Ի տարբերություն լիբերալիզմի, նեոլիբերալիզմը մարդուն ոչ թե իրավունքի սուբյեկտ է համարում, այլ շահի օբյեկտ: Բոլոր շահերը միաձուլվում են միայն տնտեսական շահի հետ: Հենց այս պարզ թվացող վերափոխումը իրավունքից շահի, հիմք է տալիս եվրոպացի քննադատներին դատապարտելու նեոլիբերալիզմի ոչ ժողովրդավարական գաղափարախոսությունը:

Մարդկային հասարակության խնդիրը նեոլիբերալիզմի հետ միայն այն չէ, որ տարբեր միջոցներով (օրենքներով, սեփականաշնորհումներով, շուկաների ազատականացումներով) օրըստօրե վատացնում է ժողովուրդների կենսամակարդակը, այլև հիմնական խնդիրը նեոլիբերալիզմի հետ դրա հարձակումներն են աշխարհի ժողովուրդների մշակութային ու մտային հարստությունների վրա, որն իրականացվում է հակահասարակական և խորը անհատապաշտության սկզբունքներով և իրենց պատկանող գլխավոր լրատվամիջոցների, մտավորականների, համալսարանների դասախոսների, արվեստագետների, քաղաքական ու հասարակական անձնանց և այլնի միջոցով:

Այդ տեսակետից մեր հայրենասեր ժողովրդի ու մտավորականների համար շատ կարևոր է բացահայտել նրանց գաղափարական, մշակութային ու մտավոր հիմքերը և ցույց տալ դրանց հակասությունները, հակագիտական ու հակահասարակական ուղղվածությունները հայ ժողովրդի համար: Միշտ պետք է հիշել, որ ճիշտ պատկերացում չունենալով ներկա իրավիճակի մասին, դժվար թե կարողանանք մեր ժողովրդի բարօրության համար ճիշտ քայլեր կատարել: Սխալների պատճառով է, որ մեր մտավորականների ու երիտասարդների մոտ առաջանում է հուսախաբություն և նվազում է պայքարի ցանկությունը: Մենք պետք է նպաստենք աշխատավոր ու ծառայող ժողովրդի դասակարգային գիտակցության մակարդակի բարձրացմանը:

Դժբախտաբար նկատելի է, որ հաճախ այդ նեոլիբերալական գաղափարները տիրում են մեր համալսարանական ու հասարակական շրջանակների ղեկավարության մոտ, նրանց թվում է, թե տնտեսական միակ այլընտրանքը նեոլիբերալիզմն է, ինչն էլ համարում են գիտական: Սա այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում նեոլիբերալիզմը աշխարհի ժողովուրդների համար աղետալի է եղել, իսկ հեռանկարը՝ մշուշապատ:

Նեոլիբերալիզմը 20-րդ դարի կեսերին ի հայտ եկավ և արագ զարգացավ, դառնալով աշխարհի շատ երկրներում տիրող ուղղություն: Դրա արմատները պետք է փնտրել դասական քաղաքական տնտեսագիտության տեսություններում, որը պաշտպանում է այն թեզը, ըստ որի շուկաները և մարդիկ պետք է ազատ լինեն պետության միջամտությունից: Ազատ մրցակցությունը և ազատ բիզնեսը զարգացան, որպեսզի տնտեսություններին աճելու հնարավորություն տան: Նեոլիբերալիզմի տնտեսական տեսությունները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ընդունվել են Արևմուտքում: Չնայած 1930-ական թվականներին դրա զարգացումը դանդաղեց, սակայն վերջին տասնամյակներին նկատվում է, որ վերածնվում է տնտեսական լիբերալիզմը, ինչը կարելի է անվանել նաև նեոլիբերալիզմ աշխարհի մասշտաբով:

Նեոլիբերալիզմի հեգեմոնիան մեծ փոփոխություններ առաջացրեց ազգային, միջազգային և առանձին այլ գործընթացներում:

Ազգային առումով նեոլիբերալական մտածելակերպը փոխել է պետությունների գործունեության ոճը: Նեոլիբերալիզմը հենվելով ազատ տնտեսությունների վրա, որը մեծ տեղ է տալիս մրցակցությանը, երկրներին մղեց դեպի հասարակական դարվինիզմ: Գիտնական Փիտզերը այսպես է մեկնաբանում․ «Ռեյգանի և Թետչերի ժամանակ նեոլիբերալիզմն ուղղակի սկսեց պետության ռացիոնալացումը և պետության տարբեր բաժինների վերակառուցումը, որի հետևանքով վերացավ սոցիալական պետությունը: Միացյալ Նահանգներում և Անգլիայում կատարվեցին փոփոխություններ՝ վերացան սուբսիդները և սակագները, մասնավորեցվին պետական առևտրային հիմնարկները, վերացան արհմիությունները և այլն»:

1999 թվականին գիտնական Բորդիոն այն կարծիքն էր հայտնում, որ նեոլիբերալիզմը՝ որպես ազգային ղեկավարության տեսակ, դարձել է անվիճելի համաշխարհային աշխարհայացք:

Սյուզան Ջորջի կարծիքով նեոլիբերալները միջազգային մասշտաբով երեք բնագավառում են կենտրոնանում՝ 1․ապրանքների և սպասարկումների ազատ առևտրի, 2․կապիտալի ազատ շրջանառության և 3․կապիտալի ներդրման ազատության: Այսպիսով նեոլիբերալիզմի համաշխարհայնացումը նշանակում է, որ ազգային տարածքներում նաև գերազգային քաղաքացիական հասարակության մակարդակով հաստատվում են փոխանակումներ, ֆինանսավորում և միջազգային կազմակերպությունների ծավալում: Սյուզան Ջորջը պնդում է, որ նեոլիբերալիզմի կողմնակիցները Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային առևտրի կազմակերպության օգնությամբ շատ երկրների ստիպում են, որ ընդունեն նեոլիբերալիստական քաղաքականություն: Սա նշանակում է, որ պետությունները ներկայումս տարածում են շուկայի իշխանությունը, նվազեցնում են ընդհանուր սոցիալական ծախսերը, սահմանափակում են պետական օրենքները և ընդունում են անհատականություն հասկացությունը, չնայած, որ դա նշանակում է միլիոնավոր կամ միլիարդավոր մարդկանց համարել պարտվող կողմ և անտեսել:

Անհատի վերաբերմամբ նեոլիբերալիզմը պնդում է, որ մարդու գործունեության հիմքը բանականությունը, անհատականությունն ու անձնական շահերն են: Նեոլիբերալիզմը կենտրոնանալով անհատի վրա, սոցիալական պետությունից վերացնում է «ընդհանուր շահ» և «հասարակություն» հասկացողությունները, դրանք անհրաժեշտ չի համարում սոցիալական պետության համար: Այդ տեսակետից զարմանալի չէ, որ մարդկանց մեղադրում են իրենց անգործության, անհավասարության ու աղքատության համար: Կարծես, հեռանում ենք հասարակության դիրքին կարևորություն տալուց ու կենտրոնանում ենք անհատի դիրքի վրա: Աստիճանաբար ժողովուրդը հասկանում է, որ նեոլիբերալիզմը ծրագրված է մի ուրույն խավի շահերի համար, իսկ արդարացնում են ասելով, որ յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի և մարդկանց միջև նյութականի տարբերությունները նորմալ են:

Նեոլիբերալիստական գաղափարախոսությունը մեծ փոփոխությունների պատճառ է դարձել: Այն ոչնչացնում է սոցիալական պետությունը, իրականացնում է համաշխարհային անհավասարություն մարդկանց, ազգերի և պետությունների միջև: Ժողովրդական մասսաները պետք է նեոլիբերալիզմի դեմ ոտքի կանգնեն:

 

Արտաշես Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ