Վերջին օրերին մեր՝ հայերիս և Հայաստանի մասին շատ են խոսում, որի պատճառը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն է, այնուամենայնիվ մինչ օրս բոլորը լռում են կամ հազվադեպ են հիշում այն մասին, որ այդ նույն Թուրքիան 1993 թ․-ից ի վեր Ադրբեջանի հետ Հայաստանը շրջափակման մեջ է պահում։ Մինչ օրս շարունակում են շրջափակման քաղաքականությունը, ինչը հարկ է որակել որպես ռազմական նվաճողական գործողություն Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Իսկ այն, որ մեր մասին սկսել են հաճախ «հիշել», զարմանալի չէ։ Միշտ է այդպես եղել, երբ Ռուսաստանը և Թուրքիան հակասություններ են ունեցել կամ միմյանց դեմ պատերազմի են պատրաստվել։
Այսօր իսկապես մի շարք ռուս քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ բացահայտ խոսում են հայերին հողերը վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հետաքրքիր նրբերանգ է․դեռևս տասը տարի առաջ, երբ մենք ռուսական գիտական ամսագրերում հոդվածներ էինք գրում, շատերին դուր չէր գալիս Արևմտյան Հայաստան արտահայտությունը։ Մեզ ասում էին, որ դա, իբր, հնչում է որպես Թուրքիային ներկայացվող հողային պահանջ, որի հետ Ռուսաստանը գերազանց հարաբերություններ է հաստատել, և պետք չէ փչացնել այն։
Մեկ այլ հետաքրքրական փաստ ասեմ։ Օրերս Նովոռոսիյսկում թուրքական հյուպատոսարանի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ռուս ռմբակոծիչը կործանելու կապակցությամբ։ Այդ ակցիայի ընթացքում, որին, ի դեպ մասնակցում էին նաև հայերն ու հույները, ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը։ Նովոռոսիյսկից եկած իմ ծանոթը պատմում էր, որ տեղական իշխանությունները մեծ դժվարությամբ են թույլ տվել ապրիլի 24-ին այդ նույն թուրքական հյուպատոսարանի մոտ ցույց անել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի։ Ավելին, մարդկանց նախազգուշացրել էին, որ չհամարձակվեն թուրքական դրոշն այրելու գործողություններ կատարել։
Մի խոսքով, հասկանալի է, որ հայկական գործոնն ավելի հաճախ է քննարկման առարկա դառնում ռուսական բանավիճային հարթակներում, այն կրկին այժմեականություն է ձեռք բերել ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը զուգահեռ։ Դա միանգամայն օրինաչափ է։
Ինչ վերաբերվում է Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձմանը, Թուրքիայի թուլացմանն ու ի վերջո այդ պետության կործանմանը ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայի Հանրապետությունը ժամանակակից աշխարհում վերջին կայսրություններից մեկն է։ Իրադարձությունների պատմական զարգացումը պետք է հանգեցնի այդ կայսրության կործանմանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ Օսմանյան կայսրության փլուզում։ Սակայն բոլշևիկներն օգնեցին քեմալականներին պահպանել Թուրքիան, որը հետագայում դարձավ հանրապետություն, բայց մնաց որպես կայսրություն։
Թեև արաբական շատ երկրներ առանձնացան՝ ստեղծելով իրենց պետականությունը, սակայն այն ժողովուրդները, որոնք բնակվում են ներկայիս Թուրքիայի տարածքում՝ քրդերը, հայերը, ասորիները, պոնտացի հույները, չստացան իրենց պետականությունը։ Երբ նայում ես Թուրքիայի քարտեզը, դրանում եղած ազգագրական խճանկարը, պարզ է դառնում, որ այդ պետությունն ապագա չունի։ Հարավ-արևելքում, Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվում են քրդեր։ Ժամանակին նրանք գործիք էին դարձել Հայոց ցեղասպանությունն իրականացնելու քաղաքականության համար, իսկ արդյունքում՝ դարձան արևմտահայության հողերի տերերը։ Այս առիթով հետևյալը կարելի է ասել։
Այսօր շատ են ասում, թե Թուրքիայի դեմ հիմնական կռվող ուժը քրդերն են։ Դա այդպես է, սակայն բանն այն է, որ քրդերն իրենց պետականությունը չունեն, միայն մի ինքնավարություն ունեն Իրաքի հյուսիսում։ Եվ եթե խոսվում է ռուսների մտադրության մասին, որ զինելու են քրդերին, որպեսզի նրանք դառնան Թուրքիայի Հանրապետության փլուզման գործոններից մեկը և ստանան մեր հողերը, ապա մենք պետք է հասկացնենք, որ մեզ համար դա անընդունելի է։ Մենք հիմա պետք է շատ հստակ ու հասկանալի հայտարարենք, որ հայկական հողերում անթույլատրելի է քրդական պետականության ստեղծումը։
Հայտնի է, որ 1920 թ․ օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի համաձայն, չորս վիլայեթ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ է, որի տարածքը կազմում էր 160 հազ․ ք/կմ՝ դեպի Սև ծով ելքով։ Նույն Սևրի պայմանագրով քրդերը պետականություն են ստացել Վանի վիլայեթից դեպի հարավ ընկած տարածքում։ Սակայն Հայոց ցեղասպանությունից հետո քրդերը զանգվածաբար վերաբնակվեցին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Այսօր 6 մլն քուրդ ապրում է հայկական հողերում։ Արդեն հրատարակվել են քուրդ պատմաբանների աշխատություններ, ովքեր գրում են, թե այդ հողերը Քրդստանի տարածքն է և այդտեղ պետք է իրենք ստեղծեն իրենց պետությունը։
Մեր հողերի վերադարձման սցենարը միանգամայն հնարավոր է, սակայն այդ հարցում պետական և համահայկական մակարդակով մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որպեսզի թույլ չտանք, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո (ես հենց այդպես եմ ուզում անվանել Թուրքիայի Հանրապետությունը) Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծվի քրդական պետություն։ Քրդստանն իր տեղում պետք է ստեղծվի։ Երբ որ ստեղծվի Քրդստանը, ապա քրդերը կգնան իրենց տարածքում ապրելու։ Ես համոզված եմ, որ Հայկական հարցի լուծումը ռազմական ճանապարհով բացառված է։ Սակայն գոյություն ունի միջազգային իրավական բազա՝ Սևրի խաղաղության պայմանագիրը, որի հիմքում դրված են Սայքս-Պիկոյի (1916 թ․) համաձայնագրի պայմանները։
Ինչ վերաբերվում է 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելով Թուրքիային Ռուսաստանի պատժելուն․ 2011 թ․ մարտին Էրդողանը Մոսկվա գնաց և Դմիտրի Մեդվեդևի հետ նվերներ փոխանակեցին։ Թուրքերը որպես ընծա մատուցեցին Կարսի պայմանագրի տեքստը, իսկ ռուսական կողմը նվիրեց Կարսի համաժողովի լուսանկարը։ Դա հայերիս համար մեր ցավը բորբոքել էր նշանակում։ Ինչ արած, այն ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները վերելք էին ապրում, իսկ մենք, որքան էլ տարօրինակ է, ոչ մի անգամ Ռուսաստանին չբացատրեցինք, որ մեր ռազմավարական դաշնակցից և գործընկերոջից սպասում ենք Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարում, որից հետո միայն տրամաբանական կլինի նաև անվավեր համարել Կարսի պայմանագիրը։ Եթե դա այսօր կատարվի, ապա այդպիսի քայլը կարելի է միայն ողջունել։
Ինչ է Թուրքիան։ Կարծում եմ, բոլորը գիտեն, որ եթե հանկարծ ԻՊ-ն գոյությունը շարունակի մի հինգ տարի, ապա բոլոր պետությունները կհասկանան, որ ոչ մի տարբերություն չկա ահաբեկչական ԻՊ-ի և Թուրքիայի միջև, որ դա միևնույն պետությունն է։ Մինչ օրս Արևմուտքը Թուրքիային աջակցում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Բայց վաղ թե ուշ կգիտակցեն, որ Իսլամական պետությունն արմատախիլ անել հնարավոր չէ, քանի որ ի դեմս ԻՊ-ի ամենաթողություն է իրականացնում Թուրքիան՝ ներխուժելով Սիրիայի և Իրաքի տարածքներ։ Ինչ իրավունք ունի Թուրքիան օգտագործելու այդ երկու երկրների ռեսուրսները և նավթ վաճառել սև շուկայում։ Ինչ իրավունք ունի թռչելու Իրաքի և Սիրիայի տարածքների վրայով։ Միայն վերջին օրերին այդ թռիչքները դադարեցվեցին շնորհիվ այն բանի, որ Ռուսաստանը Սիրիա էր ուղարկել С-400 զենիթահրթիռային հրանոթ։
Ամեն ինչ կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ ողջ աշխարհն ի վերջո կգիտակցի Թուրքիայի իրական էությունը՝ որպես մարդկային քաղաքակրթության համար սպառնալիք, և այն վտանգը, որ ներկայացնում է այդ պետությունը։ Այդ ժամանակ ընդհանուր ուժերով կպայքարի ոչ միայն ԻՊ-ի դեմ, այլև Թուրքիայի դեմ։
1952 թ․, երբ Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի կազմի մեջ, արևմտյան մի շարք զինվորական մասնագետներ ասում էին, որ պետք չէ դա թույլ տալ։ Այսօր նույնպես այդպիսի հայտարարություններ լսում ենք։ Ռուսական ինքնաթիռը ոչնչացնելով՝ Թուրքիան դաժան պարտություն կրեց, իսկ Ռուսաստանի խիստ պատասխանը շատերին, նույնիսկ Արևմուտքին դուր եկավ։ Միակ բանը, որին Թուրքիան կարող է հասնել, դա համընդհանուր ատելությունն է լինելու։
Եթե էրդողանը հետ չկանգնի, եթե շարունակի իր հանցագործ քաղաքականությունը և ավելի սրի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է․ և՛ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղյալ հայտարարում, և՛ Սայքս-Պիկոյի համաձայնագրի, համապատասխանաբար, և՛ Սևրի դաշնագրի իրագործում, և՛ պատմական ճշմարտության վերականգնում։
Աշոտ Մելքոնյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Աղբյուրը՝ golosarmenii.am