Ինստիտուցիոնալ հրամայականները և նոր լիբերալական խենթությունները

20 Հոկտեմբերի 2015

Ամերիկյան հայտնի քաղաքագետ Նոամա Խոմսկին ներկայացրել է նոր լիբերալիզմի քաղաքականության դրսևորումները տարբեր բնագավառներում և իրավիճակներում, որով կարելի է պատկերացում կազմել և հասկանալ շատ բան՝ երկրագնդում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։

Խոմսկու խոսքերի համաձայն, Իրաքում միջէթնիկական բախումներն սկսվեցին ԱՄՆ-ի ներխուժումից և, արդյունքում ստեղծվեց «Իրաքի և Լիբանանի իսլամական պետություն» կազմակերպությունը։ Իրաքն արդեն ծայրահեղորեն թուլացել էր պատերազմների և պատժամիջոցների հետևանքով, որոնք քայքայել էին հասարակությունը, իսկ ԱՄՆ-ի ներխուժումը վերջնականապես ջախջախեց նրան։ Զավթելիս ԱՄՆ քաղաքականությունը կառուցվում էր միջկրոնական սահմանազատումների հիման վրա, որոնք կիրառվում էին ամենուր, օրինակ՝ պետական պաշտոնները բաշխելիս։ Դա, ինչպես նաև զավթման ագրեսիվ ու դաժան բնույթը, պատասխան հակազդեցություն առաջացրեց և մի քանի տարի անց շիիթ-սուննիական հակամարտությունն ի հայտ եկավ, որը նախկինում չկար, իսկ հիմա մոլեգնում է ամբողջ ուժով։ Վերջնական արդյունքը ԻՊ ստեղծումն էր։

Լիբիայի մասին Ն․ Խոմսկին հայտարարել է, որ 1920-ական թվականների վերջին «խռովարար ցեղախմբերի» ռմբակոծումն Իտալիայի կողմից իսկական ցեղասպանական գործողություն էր։ Այսօր Լիբիային վերջնական հարված հասցրին, առաջին հերթին, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, երբ այդ պետությունները խախտեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որը նախատեսում էր անթռիչք գոտի, հրադադար և բանակցություններ, փաստորեն այդ պետությունները դարձան խռովարարների ռազմաօդային ուժեր և ստեղծեցին բոլոր պայմանները Լիբիայի կործանման համար։

Խոմսկու կարծիքով, «Բոկո խարամ» շարժման ստեղծումը Նիգերիայում, որտեղ ԱՄՆ-ի բացահայտ միջամտություն չկար, բացատրվում է նաև Լիբիայում տեղի ունեցող քաոսով, որտեղից զենքը տարածվում էր Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Նիգերիան գտնվում է արևմտյան նավթային ընկերությունների ձեռքում, որոնց գործունեությունը ծնում է բռնություն տարածաշրջանում, որտեղ բնակչությունը տառապում է բախումներից, բռնությունից, սանձարձակ կոռուպցիայից, ճնշումներից։

Մերձավորարևելյան ֆեոդալական միապետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Ամիրայությունների, Բահրեյնի, Քաթարի գոյատևումը Խոմսկին բացատրում է ընդդիմությանը ճնշելու համար ուժ գործադրելու նրանց պատրաստակամությամբ, ինչպես տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում, որտեղ հարևան երկրների զորքերը դաժանորեն ճնշեցին շիիթ մեծամասնության բողոքի ակցիաները։

«Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում, որտեղ ամենաշատ նավթն է արդյունահանվում, շատ են շիիթները, այնպես որ սաուդյան դիկտատուրան բոլոր հիմքերն ուներ անհանգստանալու ընդդիմության բողոքներից», ասել է Խոմսկին։

Նավթի համաշխարհային գների կտրուկ նվազման պատճառը քաղաքագետը համարել է ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանքանյութի մեծ աճը և դրա հանդեպ Սաուդյան Արաբիայի հակազդեցությունը, որը չի կրճատում իր նավթարդյունաբերությունը, որպեսզի պահպանի իր օգուտը շուկայում և դուրս մղի թերթաքարային նավթի ամերիկացի արդյունաբերողներին՝ որպես հավանական մրցակիցների։ «Թերթաքարային նավթը թանկ չէ և այսօր առկա գներով այն եկամտաբեր չէ, այդ պատճառով ԱՄՆ նավթային հորատանցքերը փակվում են»։ Այդ ամենը հարվածում է նաև ԱՄՆ «պաշտոնական» թշնամիներին՝ Ռուսաստանին, Իրանին և Վենեսուելային։

ԱՄՆ-ում բենզինի գների իջեցումը և դրանով պայմանավորված ավտոմոբիլային երթևեկության մեծացումը կարող է դառնալ համընդհանուր բնապահպանական աղետ, այդ պատճառով «ամերիկյան շուկայում նավթը պետք է ավելի թանկ լինի, որպեսզի նպաստի վառելիքի հանածոների ավելորդ օգտագործումից հրաժարվելուն, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար»։

Քաղաքագետ Խոմսկին նշել է, որ «տնտեսության տերերը և քաղաքական դասակարգը» արհամարհում են կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրները․ «Դա ինստիտուցիոնալ պաթոլոգիայի դրսևորում է, ինստիտուցիոնալ հրամայական։ Եթե դուք մի մեծ ընկերության գլխավոր կառավարիչն եք և քաղաքական համակարգում մեծ ազդեցություն ունեք, դուք ոչ ժամանակ, ոչ ցանկություն կունենաք մտածելու ապագա սերնդի ճակատագրի մասին։ Ձեր հոգսը միայն վաղվա շահույթը կլինի»։

Կլիմայի փոփոխությունը համաշխարհային համաճարակ է, որը պետք է բուժել և դադարեցնել, հակառակ դեպքում այն կառաջացնի զանգվածային ցնցումներ, ավեր և մահ։ «Կենսաբանական բնաջնջման մասշտաբները ներկայում համապատասխանում են 65 մլն տարի առաջ տեղի ունեցած մեծ բնաջնջմանը։ Կարծիք կար, որ օվկիանոսները կարող են կլիմայի փոփոխության դեմն առնել, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Դրանք կարող են կլանել մեծ քանակի, սակայն ոչ անսահման ածխաթթու գազ»։

Տարբեր երկրներում տեղի ժողովուրդները փորձում են պահպանել ավանդական հավասարակշռությունը բնության հետ։ Օրինակ՝ Ամազոնիայում տեղաբնակները առաջին շարքերում են վառելիքի և այլ բնապաշարների արդյունահանման դեմ պայքարում։ Բոլիվիայում, Էկվադորում, որտեղ տեղաբնակները մեծ թիվ են կազմում, առաջիններն են, որ փորձել են սահմանել «բնության իրավունքը»։ Բոլիվիայում այդ հարցը մտցված է Սահմանադրության մեջ։ Էկվադորը փորձում էր հրաժարվել նավթարդյունաբերությունից՝ եվրոպական երկրներից փոխհատուցում խնդրելով, սակայն Եվրոպան մերժել է, և Էկվադորը ստիպված նավթ է արդյունահանում։

Խոմսկին մեկնաբանել է Գուանտանամոյի համակենտրոնացման ճամբարներում ահաբեկիչներին խոշտանգելու համակարգի քողազերծումը։ Այդ համակենտրոնացման ճամբարների մեծ մասը «մարտական լաբորատորիաներ էին», որտեղ բժիշկների հսկողության ներքո մշակվում էին կտտանքների ամենաարդյունավետ մեթոդները։ Այդ լաբորատոր փորձարկման նպատակը ոչ թե տեղեկություններ ստանալն էր, այլ պարզելը, թե մարդը որքան կարող է դիմանալ հոգեբանական, ֆիզիկական և թմրեցուցիչ կտտանքներին։ Նրանք սկզբնական շրջանում պետք է տային ցանկացած տեղեկություն՝ ճիշտ կամ սուտ, որպեսզի արդարացվեր Իրաքի պատերազմը։ Իսկ երբ չստացան սպասվածը, ավելի դաժան դարձրին կտտանքները։ Քանի որ մարդը տանջանքներին չդիմանալով կարող է ասել ինչ ուզես, ի վերջո նրանք ստացան ինչ-որ տվյալներ, և համարեցին, որ իրենց առաջին գլխավոր նպատակին հասել են։

Համակարգում եղած ինչ ճեղքվածք կարելի է արդյունավետորեն կիրառել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել շարժում սոցիալական արդարության համար։ Քաղաքագետի կարծիքով, սկզբունքային նշանակություն ունի կլիմայի փոփոխությունը, պարզապես անհրաժեշտ է զանգվածային ժողովրդական շարժում, որպեսզի կանգնեցնեն դեպի կործանում տանող այդ վայրի վազքը։ Միջուկային պատերազմի վտանգը նույնպես մեծ նշանակություն ունի, այս դեպքում տեսականորեն պարզ է, թե ոնց կարելի է վերջ տալ այդ վտանգին։ Մենք բախվում ենք տնտեսական ճգնաժամին։

Նոր լիբերալիզմի ժամանակաշրջանում մեծացել է մեկ սերունդ։ Թեև տնտեսական աճ եղել է, սակայն դա բնակչության մեծ մասի կողքով է անցել, մեծամասնության համար դա եղել է լճացման կամ անկման ժամանակաշրջան։ Տնտեսական օգուտը ավելի ու ավելի շատ է բաժին հասնում թալանչիական ֆինանսական ինստիտուտներին, որոնք տնտեսությանը վնաս են հասցնում՝ կլանելով կապիտալի հսկայական ծավալները, մարդկային ռեսուրսները և արգելակելով տնտեսության զարգացումը։

Սա սարսափելի անհավասարության ժամանակաշրջան է, վերջին տասնամյակում շահույթի մինչև 95%-ը բաժին է հասել ազգաբնակչության 1%-ին։ Այս ամենն անպատասխան չի մնա։ Եվրոպայում, որ նոր լիբերալական խենթությունը ծայրահեղ ձևերի է հասել, իսկ կոշտ տնտեսման ծրագրերը շատ ցավոտ էին, հանգեցրեցին ժողովրդական շարժումների։ Հունաստանում «Սիրիզա» նոր կուսակցությունն ծնունդ առավ երկիրը կործանող կոշտ տնտեսման ծրագրերի դեմ սկիզբ առած բողոքներից։ Իսպանիայում ի հայտ եկավ «Պոդեմոս» նոր կուսակցությունը, որի հիմքը «զայրացածների» շարժումն էր, որն էլ բողոքում էր նոր լիբերալական քաղաքականության դեմ։

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ