Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսը:
- Հարգարժան պարոն Մարկոս, ապրիլին Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 1-ին կայանալիք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել էիք, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք էիք հայտնել, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Դուք նաև կողմնակից էիք ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօր, երբ արդեն հետևում է մնացել համառուսաստանյան քվեարկությունը, արդարացա՞ն Ձեր սպասելիքները, գո՞հ եք քվեարկության արդյունքներից:
- Որպես կյանքի մեծ ճանապարհ անցած և փորձառություն ունեցող մարդ ուզում եմ ուրախությամբ նշել, որ այո՜, արդարացան իմ սպասելիքները: Ռուսաստանում տեղի ունեցած համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ մոտ 78 տոկոս քվեով հավանություն է տրվել Սահմանադրական փոփոխություններին, իսկ քվեարկության մասնակցությունը 65 տոկոս է կազմել։ Դեռևս տարեսկզբից, երբ Սահմանադրական փոփոխությունների առաջարկը նախագահ Պուտինը ներկայացրեց Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում, ես և ինձ նման հարյուր հազարավոր ռուսաստանաբնակներ, որոնք անտարբեր չեն այս երկրի վաղվա օրվա ու ապագայի նկատմամբ, ուշի ուշով հետևում էին դեպքերի զարգացումներին: Եթե հիշում եք, ես իմ բոլոր գործընկերներին, և, հատկապես, ռուսաստանաբնակ հայրենակիցներիս, բոլոր նրանց, ում համար թանկ է այս երկրի ապագան և այդ ապագայի համար մտահոգ փորձառու Նավավարը, կոչ էի արել օգտագործել պատեհ առիթն ու «այո» ասել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
- Ի՞նչ եք կարծում, քվեարկության այսօրինակ բարձր ցուցանիշն ու դրական արդյունքները առաջիկա տարիներին որքանո՞վ կանդրադառնան Ռուսաստանի բնակչության բարեկեցության, և, ընդհանրապես, Ռուսաստան պետության առաջընթացի և աշխարհաքաղաքական վարկանիշի վրա:
- Մեր նախորդ հանդիպման ժամանակ նշել էի, որ համայն աշխարհին պատուհասած այս խառնակ ժամանակներում, երբ Երկիր մոլորակը գրեթե կաթվածահար է եղել կորոնավիրուսի համաճարակով, Ռուսաստանը, Հայաստանը և մյուս երկրները, առավել քան երբևէ կողմնակից են կայունության և խաղաղության: Ես անկեղծորեն և սրտանց ցանկանում եմ, որ Ռուսաստանը, որտեղ երկար ու ձիգ տարիներ ապրում և գործունեություն եմ ծավալում, ինձ համար այնքան սիրելի ու պաշտելի Հայաստանն ու մյուս խաղաղասեր երկրները լծվեն իրենց հանապազօրյա ստեղծագործ աշխատանքով, արարեն և բարիքներ ստեղծեն: Եվ կարող եմ ասել, որ երկար տարիների իմ փորձառությունն ու հանրության լայն շերտերի հետ հաճախակի շփումներն ինձ հուշում են, որ ռուսաստանցիների գերակշիռ մասը ցանկանում Է, որ հաջորդ նախագահական ընտրություններում Պուտինը՝ վերևում ակնարկածս փորձառու Նավավարը, վերընտրվի նախագահի պաշտոնում: Որպես գործարար և այս երկրի ապագայի համար մտահոգ մարդ ես այն կարծիքին եմ, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում Է մեր շահերին, ցանկանում եմ, որ նա նախագահ մնա նաև 2024 թվականից հետո, և շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի բնակչության մի զգալի հատվածը ՙայո՚ ասաց ՌԴ Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ես և ինձ նման մտածող ռուսաստանաբնակ հազարավոր գործարարներ չենք ցանկանում երկրի կառավարման ղեկը հանձնել անփորձ ու հասարակության լայն շերտերի կողմից չճանաչված մեկի, կորցնել տարիների ձեռքբերումները, մեզ տրված այն հնարավորությունները, որոնք արդար քրտինքով վաստակել ենք Վլադիմիր Պուտինի նախագահական ժամանակաշրջանում: Այս օրերին շատ հայտնի քաղաքագետներ նշում են, որ Պուտինի նախագահության ժամկետների զրոյացումը թեև ամենաինքնատիպ և ամենահնչեղ, բայց ոչ միակ կարևոր փոփոխությունն է։ Նոր սահմանադրությամբ մեծանում են նաև Պետական դումայի լիազորությունները վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների մեծ մասի նշանակման գործում։ Միևնույն ժամանակ, սահմանադրությունը արձանագրում է ուժային նախարարների ուղղակի ենթակայությունը նախագահին։ Վերջինս հնարավորություն է ստանում նաև Դաշնային խորհրդին առաջարկել պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի դատավորներին։ Նախագահին հնարավորություն է տրվում նաև իր լիազորությունների ավարտից հետո ցմահ զբաղեցնել Դաշնային Խորհրդի անդամի՝ սենատորի պաշտոնը։
Կարևոր փոփոխությունների թվում է նաև սահմանադրության մեջ այն դրույթի ներառումը, որի համաձայն միջազգային պայմանագրերը և միջազգային կազակերպությունների որոշումները Ռուսաստանի տարածքում կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում Ռուսաստանի սահմանադրությանը։ Այս փոփոխությամբ Ռուսաստանը փաստացի մերժում է միջազգային տարբեր դատարանների, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ավտոմատ և աներկբա կատարումը Ռուսաստանի տարածքում։ Այնպես որ, համոզված եմ, որ քվեարկության այսօրինակ բարձր ցուցանիշն ու հաղթական արդյունքներն առաջիկա տարիներին դրականորեն կանդրադառնան Ռուսաստանի բնակչության բարեկեցության, և, ընդհանրապես, Ռուսաստան պետության կայունության և առաջընթացի վրա:
- Ես գիտեմ, որ երկար տարիների Ձեր գործունեության ընթացքում, որում զգալի տեղ է զբաղեցնում նաև բարեգործությունը, եղել եք ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ջատագովն ու մոլեռանդ պաշտպանը, միշտ հպարտացել եք այդ մեծ բարեկամությամբ և Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ արել այն ավելի ամուր դարձնելու համար: Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկու երկրների կապերը առաջիկա տարիներին, ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ այդ կապերը ավելի սերտացնելու համար:
- Ինձ վրա ցնցող տպավորություն թողեց հունիսի 24-ին Մոսկվայում անցկացված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր՝ հայ, ռուս և մյուս ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, և նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին, տեղեկանա, թե ինչպիսի ծանր ու դժվարին պայմաններում է ամրապնդվել մեր երկու ժողովուրդների զավակների եղբայրությունն ու բարեկամությունը: Ես հպարտության մեծ զգացումով ականատես եղա, թե Կարմիր հրապարակով ինչպիսի խրոխտ քայլվածքով են քայլում իմ կրտսեր հայրենակիցները՝ 75 հայ զինվոր, և անկեղծ ասած, հպարտությունս ավելին կլիներ, եթե շքերթի նախագահությունում, հաղթական շքերթն ընդունող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին, օտարերկրյա հյուրերի շարքում, տեսնեի նաև իմ հայրենիքի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ես վստահում և հավատում եմ: Հասկանում եմ, աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, տեղաշարժման հետ կապված և զանազան այլ դժվարություններ կան, բայց ինձ, և համոզված եմ, ինձ նման նաև հազարավոր ռուսաստանաբնակ հայերի համար անչափ հաճելի կլիներ Հաղթանակի շքերթին մեր վարչապետին Մոսկվայում տեսնելը:
Դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ մեր երկու երկրների կապերը ավելի սերտացնելու համար, պատասխանում եմ՝ նաև հենց այսպիսի քայլեր: Անչափ կարևոր հանգամանք, ինչը, հուսով եմ, առաջիկայում կվերանայվի իմ հայրենիքի բարձրագույն ղեկավարության կողմից, քանզի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա, մենք ընդհանուր արժեքներ ունենք, պետք է պահպանենք դրանք և հնարավորինս ակտիվացնենք մեր ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերը, որովհետև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից: Այս առումով, ես մեծ սպասելիքներ ունեմ երկու երկրների ներկայիս ղեկավարներից: Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, և այդ մեծ բարեկամությունն առավել սերտացնելու և ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են եղել Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս առումով մեր բախտը բերել է: Իսկ սա միայն իմ կարծիքը չէ: Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայկական համայնքը, իմ ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանում հայկական համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2,5 միլիոնը, և որքանով ես տեղյակ եմ, այսպես է մտածում ռուսաստանաբնակ հայության գերակշիռ մասը, նրանք, ովքեր տեսել են 90-ականներին Ռուսաստանում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները, Ելցինյան տարիների խեղճուկրակ, կաթվածահար վիճակը, ինչը Սովետական Միության անկումից հետո խայտառակություն էր: Ես այսօր էլ չեմ թաքցնում իմ սերն ու համակրանքը Սովետական Միության նկատմամբ, երանությամբ եմ հիշում այդ տարիները, քանի որ ներկա սերնդի կողմից անտեղի ու անհիմն քննադատվող այդ ժամանակներում երկաթյա կարգապահություն ու կարգուկանոն էր տիրում բոլոր բնագավառներում: Ես ավարտել եմ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը, հպարտ եմ, որ ինձ դասավանդել է խորհրդային և ռուս քաղաքական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովը՝ ՌԴ կառավարության նախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարար, ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի միության խորհրդի նախագահ, տնտեսագետ, արևելագետ-արաբագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան… Ես և Ռուսաստան բախտ որոնելու մեկնած հարյուր-հազարավոր հայեր այսպիսի մթնոլորտում ենք մեր տեղը գտել այստեղ, այս արևի տակ և արդեն երկար տարիներ բնականոն ձևով ինտեգրվել ենք այս երկրի իրականությանը, դարձել նրա մի մասնիկը, իսկ մեր հայ համայնքն էլ ակտիվ ներգրավված է եղել երկրի տնտեսական և մշակութային կյանքում:
Ես դեռևս 90-ականների սկզբներին եղել եմ Հայաստանում կոոպերատիվների միության հիմնադիրն ու առաջին նախագահը, զբաղվել ենք կոշկագործությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, այդ բնագավառներում մեծ հաջողությունների հասել՝ արտադրանքն իրացնելով նաև արտասահմանյան երկրներում: Հետագայում, երբ արդեն հաստատվել էի Ռուսաստանում, և, հատկապես Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, ընդլայնել եմ գործարարության ճյուղերն ու ծավալները, և այսօր, որպես տարիների փորձառությամբ ու վաստակով անուն հանած հուսալի գործընկեր, ինձ հետ հաշվի են նստում ռուսաստանյան ամենահեղինակավոր ընկերություններն ու կազմակերպությունները:
Ես հովանավորում եմ տարիներ առաջ Մոսկվայում հիմնադրված Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը: Կազմակերպության նպատակները բազմաթիվ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության ծավալում, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացում, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական, քաղաքական, սոցիալական և մշակույթային համագործակցության զարգացում: Կենտրոնն իր գործունեության մեջ նախատեսում է միավորել Ռուսաստանի և Հայաստանի գործընկերներին, այդ թվում ՝ հայտնի ռուս և հայ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական, գիտական և տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների աշխատողներ, ձեռներեցներ, ուսանողներ, վետերաններ և այլք:
Ուզում եմ անպայման շեշտել, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն առավել սերտացնելու և ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես մի շարք հանդիպումներ և անկեղծ զրույցներ եմ ունեցել ռուսաստանյան բազմաթիվ երևելի գիտնականների, փորձագետների, գործարարների հետ, ներկայացրել եմ թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող վիճակն ու բիզնես միջավայրը, որպեսզի գործարարները ներդրումներ կատարեն, օգտակար լինեն Հայաստանին և մեր Հայրենիքի բարգավաճմանը: Այդ նպատակով մտադիր ենք պատեհ առիթի դեպքում կրկին մեկնել Հայաստան և ավելի մոտիկից տեսնել և ուսումնասիրել, թե ինչով կարող ենք օգնել մեր հայրենիքին, աշխատատեղեր բացել:
Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ ես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ուշի ուշով հետևած սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցներից առաջիններից էի, որ ողջունեցի այդ աննախադեպ իրադարձությունն ու օրեր անց շնորհավորական ուղերձով դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նորընտիր վարչապետի ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ երկրի ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել, որ հավատում եմ նոր Հայաստանի ապագային, հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային համավարակի նահանջից հետո ոչ միայն ես, այլև իմ շատ համախոհներ կգանք, ներդնումներ կանենք մեր հայրենիքում, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի տնտեսական կայունացման և Հայաստանի հզորացմանը: Ես երկար ու ձիգ տարիներ ապրել և աշխատել եմ Ռուսաստանում, բայց հոգով ու սրտով մշտապես եղել եմ Հայաստանի հետ, ամենադժվարին պահերին օգնության ձեռք եմ մեկնել Հայրենքիս փրկության գործի համար, և ուղնուծուծով ինձ համարում եմ երևանցի տղա: Տարիներ ի վեր, թե ֆինանսական և թե նյութական տեսքով, ես բազմաթիվ բարեգործություններ եմ արել ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանում, բայց, անկեղծ ասած, չեմ սիրում բարձրաձայնել այդ ամենի մասին և թվարկել դրանք, ցուցամոլությունը իմ կերպարին հարիր չէ, և բարեգործություններ եմ անում միմիայն սրտի և խղճի թելադրանքով՝ այդ ամենը համարելով Աստվածահաճո առաքելություն և հոգու պարտք:
Հարթ ու դյուրին չեն եղել վերելքներն ու ձեռքբերումներն իմ կյանքում, ինչի որ հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության, համառության, շիտակության և կյանքի չգրված օրենքները հարգելու և դրանք չոտնահարելու իմ բնավորության շնորհիվ:
Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են. սրանք սոսկ խոսքեր չեն, այս խոսքերի հետևում հարյուրամյակների համատեղ ավանդույթներ են, համատեղ սովորույթներ, համատեղ ամուսնություններ, երեխաներ, ճակատագրեր…
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հարյուրամյակների ամուր և հուսալի դաշինքով, անհնար է խախտել մեր երկու ժողովուրդների բարեկամությունը: Մնում է միայն աչքի լույսի պես պահպանենք ձեռքբերումները, զարգացնենք և արժանապատվորեն փոխանցենք եկող սերունդներին:
Զրույցը վարեց՝
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ
ՌԴ-ում «Ազգի՚» հատուկ թղթակից
2020-07-08 19:01:45