Հայկական հարցը, որը բացառապես վերաբերում է Արևմտյան Հայաստանին, միջազգային դիվանագիտության պատմության մեջ այն եզակի հարցերից մեկն է, որով իր ծագման առաջին օրերից զբաղվել են աշխարհի խոշոր տերությունները:
Այդ տերությունների ղեկավարները տարբեր ժամանակներում տեղի ունեցած միջազգային բանակցությունների, կոնֆերանսների ժամանակ, ցավակցել ու խոստումներ են տվել հայ ժողովրդին, խոսքով Հայկական հարցի արդարացի լուծման օգտին:
Բայց, ամեն անգամ, հենց որ ստեղծվել է այդ խոստումներն գործնականորեն իրականացնելու հնարավորություն, վերոհիշյալ խոստումները, մոռացվել են և ընդունվել են այնպիսի որոշումներ, կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնք Հայկական հարցն արադարացիորեն լուծելու փոխարեն, ավելի են խճճել դիվանագիտական լաբիրինթոսում:
Հայկական հարցին առնչվող յուրաքանչյուր ստորագրված միջազգային փաստթղթի ընդունմանը /բանակցություններ, քննարկումներ, նոտաների փոխանակում, գրագրություն և այլն/ նախորդել են որոշակի իրադարձություններ, որոնք ձևակերպվել են պայմանագրերով, արձանագրություններով:
Այդ փաստաթղթերը հատկապես վերաբերել են պատերազմների նախօրյակներին և դրանց հաջորդած ժամանակաշրջանին:
Ընդ որում, միշտ չէ, որ պատերազմի արդյունքն իրապես արտահայտվել է կնքված պայմանագրում: Սրանով են բացատրվում այն իրողությունները, որոնց հետևանքով կնքված պայմանագիրը չի արտահայտել պատերազմից հետո ստեղծված իրական վիճակը:
Կան դիվանագիտական փաստաթղթեր, որոնք ստեղծվել են միջազգային հարաբերությունների արդյունքով: Այդպիսին է օրինակ 1914թ. հունվարին Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու մասին ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը, որին 1912-1914 թթ. նախորդել է Հայկական հարցի արծարծումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է եղել ամբողջովին բացահայտել դրա ստորագրման նախապատմությունը:
Ես փորձել եմ հրապարակի վրա եղած և ինձ հասանելի փաստաթղթերի միջոցով ընթերցողի առջև պարզել Հայկական հարցով շահագրգռված մեծ տերությունների քաղաքականությունը, նրանց գործողությունների էությունը և, վերջապես, նրանցից յուրաքանչյուրի նպատակը:
Կարծում եմ, որ այդ փաստաթղթերին ծանոթացող յուրաքանչյուր ընթերցող կհամոզվի, որ Հայկական հարցն արդար լուծելու մասին մեծ տերությունների ղեկավար գործիչների արտահայտած նպաստավոր խեսքերի և նրանց իրական քաղաքականության մեջ, ինչպես ժողովուրդն է ասում` “սար ու ձորի տարբերություն կա”:
Պատմագրության մեջ ընդուված է, որ Հայկական հարցը պաշտոնապես միջազգային դիվանագիտության մեջ արծարծվել է ռուս-թուրքաքան պատերազմից հետո կնքված 1878թ. Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում:
Սակայն իմ համոզմամբ ճիշտ կլինի, եթե միջազգային դիվանագիտության մեջ Հայկական հարցի արծարծման սկիզբ համարվի 1828-1829 թթ. տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված պայմանագիրը:
Այդ ժամանակից անցել է 187 տարի: Այդ ընթացքում մեծ տերությունների համաժողովներում, կոնֆերանսներում և այլն, ինչքա~ն է խոսվել Հայկական հարցն արդար լուծելու մասին, ինչքա~ն հայանպաստ խոսքեր են շռայլվել այդ երկրների պառլամանտներում, միջազգային ատյաններում, ինչպիսի~ կրքոտությամբ են դատապարտվել թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանությունն իրագործելու, արևմտահայերին պատմական հայրենիքից զրկելու համար:
Անցած շուրջ 200 տարվա ընթացքում, ինչ Հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության առուծախի առարկա, նույնիսկ մի փոքրիկ հաջողություն չի արձանագրվել:
Մինչև օրս Հայկական հարցը մնացել է չլուծված: Դրա համար մեղքի ծանրությունն ընկած է արևմտյան այն տերությունների վրա, որոնք իրենց եսասիրական քաղաքականությամբ հովանավորել են թուրքական իշխանություններին և օժանդակել են նրանց Հայկական հարցը թուրքավարի լուծելու համար:
Եվ չնայած այդ ամենին, Հայկական հարցը չի մոռացվել: Հայոց զեղասպանությունից փրկվածների նորանոր սերունդները չեն մոռանում պատմական հայրենիք վերադառնալու սերնդե-սերունդ փոխանցվող պատգամը:
Սփյուռքի նշանավոր ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը վերջերս դիմել է աշխարհով մեկ սփռված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:
<Սփիռքի ամէն մի իւրաքանչիւր ընտանիք, - գրել է նա, - Եղեռնի ենթարկուած զոհեր ունի: Այս իրողութւնը մեզի մշտական խթան, խարազան, պետք է ըլլայ` մեր յարատեւ աշխատությեան և յաղթանակի յաջողությեան համար: Արեւմտեան Հայաստանը մեր գերագոյն նպատակն է: Իրականացնել և տէր կանգնիլ: Այս է ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ>:
Միանգամայն ճիշտ է նշանավոր ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը: Արևմտյան Հայաստանի ազատագրումը մեր գերագույն նպատակն է, պատմական ժամանակի հրամայականը:
Ընթերցողի ուշադրությանը հանձնելով սույն աշխատությունը, իմ խնդիրը համարել եմ ներկայացնել Հայկական հարցի արծարծմանն առնչված այն փաստաթղթերը, որոնք առավել ամբողջականությամբ բացահայտում են մեծ տերություններից յուրաքանչյուրի քաղաքականությունը, դիրքորոշումը, նպատակներն ու շահերը:
Այժմ հրապարակի վրա են Հայկական հարցին առնչված փաստաթղթերի, վավերագրերի բազմաթիվ ժողովածուներ, այդ մասին հրապարակվել են անհաշիվ աշխատություններ, որոնց հեղինակները բացահայտել են հիմնահարցի բոլոր կողմերը:
Այսօրվա երիտասարդ սերնդի ուսումնասիրողները, հետազոտողները հնարավորություն ունեն հաշվի առնել Հայկական հարցի վերաբերյալ նախորդ ժամանակաշրջանում ստեղծված պատմագրության ժառանգությունը և տարիների հեռվից, նոր հայացքով քննարկել հիմնահարցը, ինչը որ բնականաբար, հնարավորություն չեն ունեցել 30 և ավելի տարի առաջ հրապարակված աշխատությունների հեղինակները:
Ինչ վերաբերում է ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ այստեղ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում Մոսկվայում գտնվող Ռուսաստանի Պրեզիդենտի արխիվում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արխիվում, Ռուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվում եղած բազմաթիվ կարևոր փաստաթղթեր, որոնց զգալի մասը պահվել են փակ պահոցներում և այդ պատճառով հայտնի չեն եղել լայն հասարակությանը:
Սույն աշխատության մեջ կարևոր տեղ է հատկացվել նաև Հայկական հարցի առնչությամբ հայ ազգային հասարակական-քաղաքական ու պետական շրջանակների գործունեությանը, ուշադրություն դարձնելով հատկապես նրանց թույլ տված սխալներին:
Նշանավոր Պասկալը նկատել է, որ բոլորը խփում են գնդակին, բայց տարբեր դիպուկությամբ: Ուստի, անաչառ ընթերցողին եմ թողնում ներկայացված աշխատության գնահատականը: