Արխիվ Մայիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Մայիսի մեկը աշխարհի բոլոր աշխատավորների համաշխարհային համերաշխության, կապիտալիստական հարաբերությունների դեմ պայքարի և աշխատավորների իրավունքները պահանջելու օրն է: Աշխատավորներին միանում են նաև թոշակառուներն ու գործազուրկները, որոնց թոշակներն ու նպաստները չեն բավարարում մարդկային չափանիշներով նորմալ կյանք ունենալուն:
Մայիս 1-ը մարդկության աշխատուժի օրն է, որտեղ ֆիզիկական ու մտային աշխատանքներով ստեղծվում են բարիքներ և հարստություն, որոնք կապիտալիստական համակարգում արդար ձևով չեն բաշխվում: Մայիսի Մեկը համարվում է նաև ազատ և անկախ ինքնիշխան պետությունների պայքարի օր, ընդեմ իմպերիալիզմի ու նրանց քաղաքականությանը:
Մայիսի մեկը չի համարվում միայն որպես պատմական մի օր, այլ համարվում է ներկայիս հասարակական մի շարժում, որը չի ընդունում հասարակական ներկա կարգավիճակը: Մայիսի մեկը համարվում է ուսուցիչների, դասախոսների, գործարանների ու առևտրական կենտրոնների աշխատողների, բուժքույրերի, բժիշկների, գործազուրկների, պետական ապարատներում աշխատողների և ամբողջ աշխատավարձ ստացողների պահանջների առաջ քաշման ու անարդար աշխատավարձերի դեմ բողոքի օր:
Մայիս 1-ը աշխատուժի պայքարի միասնականության օրն է՝ բնության և կենսամթնոլորտի պահպանման համար, որը կապիտալիստական համակարգը հանուն իր շահույթի ոչնչացնում է:
Մայիսի մեկը համարվում է ընդեմ ներկայիս աշխատանքային օրենսդրության օր, որը չի պաշտպանում աշխատավարձ ստացողների շահերը: Մայիսի մեկը համարվում է մարդկային կյանք ունենալուն վայել իրավունքների ձեռք բերման օր, օրինակ նորմալ կրթություն, առողջապահություն և բուժում, բնակարան և նորմալ աշխատանք ունենալու հնարավորություն, կենսամթնոլորտային նորմերի պահպանում և այլ իրավունքներ:
Դժբախտաբար, մենք դեռ Հայաստանում չունենք պետությունից ու գործատուներից անկախ արհմիություններ: Նոր քաղաքական հեղափոխություն իրականացրած իշխանությունը, լինելով ազգային ինքնիշխան պետություն, պետք է կարողանա ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ առաջացնել՝ ի օգուտ աշխատողների և նպաստել նրանց արհմիությունների հզորացմանն ու ազդեցության բարձրացմանը Հայաստանի քաղաքատնտեսական կյանքում:
Հայ Ձախ Ֆորումը շնորհավորելով Մայիսի Մեկը Հայաստանի աշխատավորներին, ողջունում է նաև Հայաստանի բոլոր ձախակողմյան և առաջադիմական ուժերին, բարձր գնահատելով նրանց ջանքերը, ազգային ինքնիշխան ու արդար Հայաստան կերտելու գործում:
Կեցցե Հայաստանի ու աշխարհի աշխատավոր դասակարգը,
Կեցցե ձախ ուժերի համագործակցությունը հանուն պայծառ Հայաստանի,
Կեցցե ազատ ու արդար ինքնիշխան Հայաստանը:

 

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 2-ից