Իրանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի հոսքը կանցնի Հայաստանի տարածքով։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ելույթ ունենալով Երեւանում Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարների հանդիպման ավարտին։
Նրա խոսքով՝ Վրաստանն ամռանը ցանկանում է էլեկտրաէներգիա մատակարարել Իրան, իսկ ձմռանը՝ հետ ստանալ։ Գործարքը շահավետ է բոլոր 3 կողմերի համար։ Ամռանը Իրանը էլեկտրաէներգիայի պակաս է զգում օդափոխման համակարգերի պատճառով հոսանքի մեծ ծախսերի հետ կապված։ Իսկ Վրաստանում տարվա այդ եղանակին գետերի հորդացումից հիդրոէներգիայի ավելցուկ է լինում։ Շահում է նաեւ Հայաստանի բարձր լարման ցանցը, որը տարանցիկ ճանապարհ է ապահովում։ «Իհարկե ծավալները փոքր են, եւ չեն կարող մեծ ազդեցություն ունենալ էներգետիկ բալանսի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի բաշխիչ ցանցի դեռեւս սահմանափակ հնարավորությունները։ Սակայն անգամ նման սահմանափակ մատակարարումները շատ կարեւոր են էներգետիկ քաղաքականության առումով։ Հետագայում ցանցի զարգացման հետ մենք դրանք կընդլայնենք»,- նշել է փոխնախարարը։