ՊԵԿ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

23 Մարտի 2016

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է չինացի գործարարների համար Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակն առավել բարձրացնելու առաջնայնությունը. «Ձգտելու ենք բարձրացնել ներդրողների համար նպաստավոր միջավայրի ապահովմանն ուղղված համալիր քայլերի արդյունավետությունը՝ ՊԵԿ-ի գործունեությունն աննկատ դարձնելու նպատակով հարկային և մաքսային գործառույթների իրականացման մեխանիզմների կատարելագործմամբ բարենպաստ պայմաններ առաջարկելով ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր երկիրն ընտրող օտարերկրյա գործարարների համար»:

 Դեսպանը ողջունել է ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը և ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների կառուցողական բնույթը՝ կարևորել է նաև տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը: Դիտարկելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ ներմուծման գերակայությունը՝ հատկանշվել է Հայաստանից Չինաստան արտահանման խթանումը, որի պատկերը դրականորեն փոխվել է հանքանյութերի արտահանման ծավալների ավելացման արդյունքում:

Անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող մաքսային զննման տեխնոլոգիաների ու սարքավորումների արդիականացման ծրագրին, որի շրջանակում «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատունը և Մեղրիի մաքսային կետը համալրվել են զննման ռենտգենյան սարքավորումներով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկու երկրների համագործակցության շրջանակում մաքսային ու հարկային ոլորտներում աշխատանքների կատարելագործմանը նպաստող տեխնիկական աջակցությունը, քանի որ համակարգի արդիականացումը ՊԵԿ-ում պարբերական բնույթ է կրելու:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ