Վ․Սաֆարյան «Եվրոպան կցանկանա, արդյոք, որ Հայաստանը դառնա իր մրցակիցը»

06 Մարտի 2016

ՀԱՄԿԿ նախագահ, ՀԱՄ նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը անդրադառնալով Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի Հայաստան կատարած այցին, իր մի քանի նկատառումներն է կատարել։

Առաջին՝ առաքելությունը պետք է ուղղված լիներ հակամարտության գոտում խնդրի հանգուցալուծմանը, հաջորդը` Հայաստանում 20 000-ից ավելի սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձգտում են, որ ԵՄ անդամ պետությունների բիզնես շրջանակները հետաքրքրվեն Հայաստանի ներդրումային միջավայրով, ապա հիշեցնեմ, որ Հայաստանը Եվրոպական միության անդամ երկրներին հիմնականում հումք է արտահանում, հումքային կցորդ երկիր է:

ԵՄ անդամ երկրները, եթե ցանկություն ունեն Հայաստանում ներդրումներ կատարելու, որպեսզի մենք եվրոպական երկրներ պղնձի խտանյութ չարտահանենք, այլ պատրաստի պղինձ կամ պղնձից պատրաստված իրեր, մասնավորապես մալուխներ և այլն արտահանենք, ապա մենք պետք է ողջունենք նման մոտեցումը: Պետք է ողջունենք այն քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում մեքենաշինության, սարքաշինության զարգացմանը, ողջունելի են, իհարկե, դրանց համար կատարվող ներդրումները։

ԵՄ անդամ երկրները կարող էին տեխնոլոգիաներ առաքել Հայաստան, և հայկական գիտատեխնիկական ներուժն օգտագործել, իսկ հայկական կողմն այդ տեխնոլոգիաներով արտադրանքներ կպատրաստի և կառաքի Եվրոպա:

Եթե ԵՄ-ն իր մղումների մեջ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, ապա պետք է իր տեխնոլոգիաները փորձի ներդնել Հայաստանում՝ համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելու համար։ Մենք ունենք գիտատեխնիկական մշակումներ և կարող ենք եվրոպական տեխնոլոգիաների ներդրման պարագայում ստանալ բարձր տեխնոլոգիական ապրանքատեսակներ: Այլ հարց է, թե Եվրոպան կցանկանա, արդյոք, որ Հայաստանը դառնա իր մրցակիցը և բարձր տեխնոլոգիական ապրանքներ արտադրել: Բնականաբար, Եվրոպան դա չի ցանկանա, նրանք միշտ ուզում են, որ մեր նման երկրները հումքային կցորդ մնան․սա է խնդիրը։ Իսկ կհաջողվի՞ մեզ ապացուցել եվրոպական երկրներին, որ մեր գիտատեխնիկական նվաճումները և ձեռքբերումները համատեղ ուժերով կարող ենք վերածել արդյունաբերական ապրանքատեսակների, սա արդեն կյանքը ցույց կտա:

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության դեպքում ԵՏՄ անդամ երկրների հետ հավանական խնդիրների ծագմանը, գտնում եմ, որ ամենակարևորն այն է, որ բոլոր համաձայնությունները ԵՏՄ անդամ երկրների հետ կարողանանք պահպանել:

Այն, ինչ մենք անում ենք եվրոպական երկրերի հետ, դրանք չպետք է հակադրվեն ԵՏՄ անդամ երկրների հետ մեր ունեցած հարաբերություններին։

 

ՀԱՄԿԿ նախագահ, ՀԱՄ նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ

Վազգեն Սաֆարյան

 

Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ քննարկված հարցերը վերաբերում էին Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, առանձին ոլորտներում համագործակցությանը, միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին, մարտահրավերներին ու հեռանկարին:

Այցի ընթացքում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային արդի թեմաներին, որոնց հետ Հայաստանը անմիջականորեն առնչություն է ունենում:

Այդ հարցերից մեկը Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում ստեղծված միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին առնչվող հարցերն էին։ Քննարկվել է նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման արդյունքում ստեղծված իրավիճակը, որը համագործակցության լայն հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի և Եվրամիության համար:

Եվ, ի վերջո, շատ կարևոր ևս մեկ արդյունք ունեցավ այս այցը: Դա Եվրամիության դիրքորոշման արտահայտումն էր Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին` եռանախագահների առաջարկած կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա, և հայտնեց, որ ԵՄ-ն սատարում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության:

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը նոր և ավելի ամուր հիմքերի վրա է կառուցվում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ