Համաշխարհային բանկի հետ քննարկվել են ոռոգման ոլորտի ծրագրերը

24 Փետրվարի 2016

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ:

ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել  ընթացքի մեջ  գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի  առաջարկություններն  ու  ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս  ՀԲ ներդրմամբ իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը»: Ծրագիրն ունի 3 խոշոր բաղադրիչ.

  1. Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում,
  2. Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման,
  3. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում:

ՀԲ-ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ նույնպես կոմիտեն և ոռոգման ԾԻԳ ՊՀ-ը  ազգաբնակչության հետ կկատարեն բավարար աշխատանք՝ կողմերի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՀԲ-ի ծրագրերը գնահատեց ոռոգման համակարգի ուղղությամբ երկրի որդեգրած ռազմավարության շրջանակներում, կարևորեց ներդրումները թե՛ սոցիալական և թե՛ ֆինանսական կայունության առումով: Որպես լավագույն օրինակ կողմերը վկայակոչեցին Մեղրու տարածաշրջանում իրականացված ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ 18 պոմպակայաններից 15-ը հանվել են շահագործումից՝ մեխանիկական ջրամատակարարումը փոխարինելով ինքնահոս համակարգով:

Կողմերը անդրադարձան նաև եռակողմ՝ ՋՏՊԿ-ՀԲ-Եվրասիական զարգացման բանկ համագործակցությանը:

Կոմիտեի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ կարևորեց երկրում միասնական, իր բոլոր բաղադրիչներով՝ մակերևութային ջրերով, ջրամբարներով, խորքային հորերով, հեռացնող ջրանցքներով, ներքին ցանցերով փոխկապակցված և փոխլրացվող ոռոգման համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ