Կիջեցնի ՌԴ կառավարությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը

20 Հունվարի 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանին  մատակարարվող գազի գինը վերանայելու խնդրանքով դիմել է ՌԴ կառավարությանը և սպասում է պատասխանի։

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ ռուբլու արժեզրկումից տուժած ՌԴ տնտեսությունը կշահի գազի գնի իջեցումից․«Կառավարությունը դիմել է, և, կարծում եմ, որ պատասխան լինի՝ բոլորս կիմանանք: Կարծում եմ, որ այստեղ աներկբա է, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, որի հետ կապված է նաև էլեկտրաէներգիայի գինը»:

Օրերս գործարարները վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել էին, որ առանց էներգակիրների գնի վերանայման կկանգնեն լուրջ դժվարությունների առաջ։

«Գազի գնի նվազման համար պարարտ հող կա», ասել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ում համոզմամբ, կառավարությունը պատահական չէր գործարարներին այդ հարցով խորհրդակցության հրավիրել։ Իշխանությունները, նրա կարծիքով, ցանկանում են գործարարների դժգոհությունն օգտագործել ռուսական կողմին համոզելու համար։ Այլ հարց է՝ արդյոք կցանկանա Ռուսաստանը ընդառաջել էներգետիկ ոլորտում ամբողջովին Ռուսաստանից կախման մեջ գտնվող Հայաստանին։

«Նույն Ուկրաինային վերջերս Ռուսաստանը 230-212 դոլարի կարգի գործարք առաջարկեց,- ասել է տնտեսագետը։ - Բավականաչափ մեծ ճնշում կա Իրանի պարագայով՝ որպես նոր խաղացող այս շուկայում, ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով: Սա բավականաչափ պարարտ հող է ստեղծում, որ գազի գները նվազեցնի հատկապես Ռուսաստանը»:

2015-ին դրամի արժեզրկման պատճառով «Գազպրոմ»-ն արդեն մեկ անգամ իջեցրեց գազի գինը Հայաստանի սահմանին՝ ավելի քան 12 տոկոսով։ Այս իջեցումը, սակայն, չփոխեց սակագինը սպառողների համար։

Հայաստանի իշխանություններն այս անգամ գոնե պետք է կարողանան այնպես բանակցել, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից բացի, շահի նաև հայաստանյան սպառողը, ասաց տնտեսագետը և ավելացրեց․«Մենք քաղաքականի վճարն արդեն իսկ արել ենք, այսինքն՝ գազի գինը իջել է, բայց մենք դա չենք զգացել: Դրանով վճարել ենք դուստր ընկերություններին: Հիմա, իմ կարծիքով, արդեն ժամանակն է, որ իջեցումը նաև անդրադառնա տնտեսության վրա»:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ