«Նաիրիտյան» խոհեր

12 Հունվարի 2016

Դեռևս 70-ականներին «Խորհրդային գրականություն» ամսագրում «Հին քառակուսու պատմությունը» վերնագրով ընդարձակ հոդված էի հրապարակել ՀԽՍՀ շրջակա միջավայրի մասին, որտեղ վերլուծել էի նաև «Նաիրիտ» գործարանի ու նրա հետ կապված արտադրությունների տեխնոլոգիական և էկոլոգիական հարցերը: Մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ եմ և հեռուստատեսության տեղեկատվական «Լրաբեր» ծրագրով հաճախակի էի հաղորդում պատրաստում նաև «Նաիրիտի» մասին: Հիշում եմ, հեռուստադիտողներին շատ հետաքրքրեց այդ գործարանի այն թափոնները, որոնք կարող են աղակալման պատճառով անօգտագործելի դարձած նավթահանքերին նոր կյանք տալ, հալեցնելով աղերի կուտակումները: Իսկ այդ թափոնները, որպես վտանգավոր նյութ, թաղում էին ցեմենտապատ հորերում: Ապացուցում էի, որ տեխնոլոգիական լուծումները սահմաններ չունեն, այսինքն, ոչ թե պետք է մտածել «Նաիրիտը» փակելու, այլ տեխնոլոգիական վերազինման միջոցով ժամանակակից անթափոն արտադրության վերածելով՝ նրան նոր կյանք տալու մասին: Իմ խնդիրն այդ հաղորդումներում կաթիլ առ կաթիլ հանրության մտածելակերպի վրա ազդելն էր:
Արցախյան ազատագրական պայքարի սկզբին շարժման լիդերները, ենթարկվելով օտար թելադրանքներին, ամեն ինչ արեցին, որ փակեն «Նաիրիտն» ու Մեծամորի ատոմակայանը, ոչնչացնել արդյունաբերությունը: Հաշվարկը պարզ էր. «Նաիրիտի» արտադրանքի հետ կապված էին ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի ավելի քան 600 գործարան, որոնց աշխատանքի խափանումը կառաջացներ միլիոնավոր բանվորների գործազրկությունն ու բողոքները: Շարժման «առաջնորդներն» իրենց հրահանգներով քանդեցին, ավերեցին հանրապետության արդյունաբերական ողջ համալիրը: Դա ևս նպաստեց ԽՍՀՄ արագ փլուզմանը:
Այդ ժամանակներից «Նաիրիտը» ոչ մի կերպ ուշքի չի գալիս: Դեռ ավելին, որոշ պետական այրեր խարդախ գործարքներով կարողանում էին նոր գումարներ հափշտակել: Այդ մասին քիչ չի գրվել մամուլում։ Տարօրինակն այն է, որ օգտվելով անպատժելիության մթնոլորտից, որը ևս կոռուպցիա է համարվում, այդ խարդախությունների մասնակից է դառնում երկրի քաղաքական և տնտեսաֆինանսական վերնախավը:
ՀՀ Ազգային Ժողովում քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը տարօրինակ ու խելահեղ հայտարարություն արեց. «․․․թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական տեսակետից հանձնաժողովի ստեղծումը իր հիմնական արդյունքներին չի ծառայելու, և խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»: Պատգամավորների 44 կողմ, 55 դեմ, 1 ձեռնպահ ձայներով նախագիծը մերժվեց: Այսպիսով, իշխող վերնախավը ոչ միայն դեմ է հանցագործության բացահայտմանը, այլև, ընդհանրապես, հարցի քննարկմանը:
«Նաիրիտ» գործարանն աստիճանաբար հայտնվում է օֆշորային կազմակերպությունների տիրույթում, որին ակտիվորեն մասնակցում են հայաստանյան պետական այրերը: Ահա մի հատված «Հետք հետաքննող լրագրողներ» կայքի հաղորդումից.
«2006 թվականի օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը ցայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Սակայն Rhinoville Property Limited ընկերությունը գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը Միջպետական բանկում: Ընկերությունը 70 մլն դոլար վարկ է վերցրել և նույն բանկին հանձնել բաժնետոմսերից բխող՝ գործարանի կառավարման իրավունքը:
Rhinoville Property Limited-ը «Նաիրիտի» համար վճարել է ստացած 70 մլն դոլարից 39 մլն-ը, իսկ 1 մլն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ: Մնացյալ 31 մլն դոլարի ճակատագիրն առ այսօր անհայտ է»:
Ի միջի այլոց հայտնեմ, որ հանրապետությունում պետական այրերի խարդախությամբ հափշտակած գումարները հիմնականում անարգել տարվում են արտերկիր և ներդրվում են այլ երկրներում:
«Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ն ևս դարձավ օֆշորային գործարքների զոհը: 2007թ.-ից «Վանաձորի-Քիմպրոմի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» (Roding Commercial Ltd) ընկերությանը:
2011-ին խոշոր 1000 հարկատուների ցանկում «Վանաձորի-Քիմպրոմը» զբաղեցրել է 127-րդ հորիզոնականը` վճարելով է 672 մլն դրամ հարկ: 2012-ին ընկերությունը ցանկում 282-րդն էր` վճարելով շուրջ 330 մլն դրամ: «Վանաձորի-Քիմպրոմը» 2013 թ. խոշոր հարկատուների ցանկում այլևս չկա:
Համաձայն պետռեգիստրի ծանուցման, ընկերության վրա արգելանք է դրված այս տարվա հունիսի 2-ից՝ 93 մլն դրամ բռնագանձման պահանջի կատարման համար: Նշենք, որ «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 9 մլրդ դրամ է:
Զուգահեռ քննարկենք Վանաձորի քիմիական գործարանում ստեղծված իրավիճակը: Համառոտ ներկայացնեմ գործարանի պատմությունը:
1929 թվականին հիմնադրված Վանաձորի քիմիական գործարանը կիր է արտադրել, այնուհետև ընդլայնել է իր արտադրատեսակները՝ ամոնիակ-մելամին, սինթետիկ կորունդներ, տարաբնույթ բյուրեղներ և վերջին շրջանում՝ պարարտանյութեր: 1999 թ. «Վանաձորի քիմիական գործարան» և «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ընկերությունը, որն արտադրել է կարբիդ, կորունդ, ամոնիակ, ացետատային ժապավեն, ացետատային թելեր, մելամին և այլն։
Պատահական չէ, որ «Վանաձորի-Քիմպրոմի» և «Նաիրիտ գործարանի» պատմությունները նման են: Կրկին դիմեմ «Հետքի» հաղորդմանը. «Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը գրանցված է «Նաիրիտ գործարանի» 90 տոկոս բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» («Rhinoville Property Limited») ընկերության հասցեում՝ ԼՈՆԴՈՆ, EC4NGPJP 60 Քենոն Սթրիթ: Այս երկու ընկերությունների հիմնադիրը և Roding Commercial Ltd-ի բաժնետերը նույն՝ օֆշորային «Imex Executive Ltd»-ն է: Ակնհայտ է, որ երկու քիմիական գործարանների համար նույն սցենարն ու սխեման է աշխատել:
2007թ. հունիսին գործարանի 100 տոկոս բաժնետերը դարձել է օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը: Տնօրեն է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Սնեգիրյովը: Սակայն «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը լուծարվել է 2010 թ. փետրվարին: Թե ինչպես է տնօրինվում գործարանը այս ընկերության լուծարումից հետո, կիմանա Ա. Սնեգիրյովը, ով շարունակում է պաշտոնավարել մինչ օրս:
«Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ»-ի հիմնադիր «Imex Executive Ltd»-ն ստեղծվել է «G.S.L. Low Consulting» իրավաբանական ընկերության ռուսական մասնաճյուղի կողմից: Բաժնետեր-տնօրեն ներկայացող Բրենդա Քոքսիջը ձևական ֆիգուր է: Նրա անվանը կարելի է հանդիպել տասնյակ այլ ընկերություններում: Նա որոշ ժամանակ նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի» տնօրենն է եղել»:
Ահա թե ինչ կարծիք են հայտնում «Նաիրիտի» և վանաձորյան գործարանի ճակատագրերին ոչ անտարբեր հասարակական մի շարք գործիչներ.
Էդիկ Բաղդասարյան, «Հետք» հետաքննական Էլ. կայքի տնօրեն․«Հայ պաշտոնյաները «Նաիրիտ գործարանի» «վերականգնման» պատմության հետքերը թաքցնելու մասին ավելի շատ էին մտածում, քան գորածարանը աշխատացնելու: Նրանք նույնիսկ կառավարության կայքից և տարբեր պաշտոնական շտեմարաններից հանել են «Նաիրիտի» վաճառքի մասին կառավարության օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշումը: Տասնյակ օֆշորային ընկերություններ, իրավաբաններ, միջնորդներ, հսկայական գումարներ՝ և ոչ մի պաշտոնական ինֆորմացիա այդ ամենի մասին: Էներգետիկայի նախարարությունը մեր գրավոր նամակների էական հարցադրումներին չպատասխանեց, ֆինանսների նախարարությունը տեղեկությունները տրամադրեց մասամբ` պատճառաբանելով, թե մնացյալ տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում»:
Կարեն Իսրայելյան, «Նաիրիտ գործարանի» տնօրենի տեղակալ․«Այսքան հետաքրքիր փաստերից հետո ինձ թվում է, մեր իրավապահ մարմինները կօգտվեն «Հետքի» լրագրողական հետաքննությունից և կանցնեն իրենց իրական պարտականությունների կատարմանը ու իրականում պարզ կլինի ինչ նպատակով՝ ում պահանջով «Նաիրիտ գործարան»-ը որոշվեց կանխամտածված սնանկացնել, հափշտակելով հարյուրար միլիոն դոլարներ պետությունից»:
Գագիկ Շոլինյան․«Տպավորություն է առաջանում, որ «Նաիրիտի» թեմայի վրա Տ Ա Բ ՈՒ է դրված, շատ խոսվում է, քննադատվում, բայց տիրում է, այսպես կոչված, ձայն բարբառոյ անապատի իրավիճակ։ Ուր են քշում մեծն Նաիրիտին նրա ստվերային նավավարները, դեռ չհոգնեցի՞ն...»։
Սասուն Կոսյան․ «Հարգելի «Հետք», շնորհակալություն հերթական պրոֆեսիոնալ բացահայտման համար: Ականատեսն ենք նողկալի օլիգարխիայի հերթական խոշոր զոհերից մեկին: Հանրապետական արդյունաբերության երբեմնի պարծանքը հայտնվել է թալանչի բաշիբոզուկների երախում: Փատորեն երբ թալանի պարզ ձևերը իրենց չեն արդարացրել, պաշտոնյա օլիգարխները մտահղացել են այսպիսի մի գլխապտույտ առաջացնող խարդախություն: Հետո էլ ասում ենք` խելք չունեն...»։
Լուրջ խնդիր է մարդկային գործոնը: Գործարանի ինժեներա-տեխնիկական անձնակազմը գործազրկության պատճառով ցրվել է աշխարհով մեկ, իսկ մաստագետների առկայությունը ամենաթանկ հարստությունն է, առանց որի առկայության անհնար կլինի վերագործարկումը: Եվս հինգ տարի, այս տեսանկյունից անհնար կլինի տեխնոլոգիական բարդ համակարգի աշխատանքը:
Նաիրիտյան օֆշորային գործարքներում անհետացել է շուրջ 300 միլիոն դոլար գումար:
Կա՞ արդյոք ելք այս իրավիճակից: Ի վերջո, մեր հանրապետությանն անհրաժեշտ է, որ «Նաիրիտը» արտադրանք տա: ՀՀ կառավարությունը կարող է իր վրա վերցնել այդ պարտքը, որի դեպքում կրկին կհայտնվեն ներդրողները, քանի որ այն խիստ շահութաբեր գործ է: Ստացվող եկամուտներով կառավարությունը կարող է աստիճանաբար փակել պարտքը: Արդյունքում` կվերագործարկվի հայկական քիմիական եզակի հսկան, իր արտադրանքի հետ կապված համալիրը, որոնց շարքում են «Պոլիվինիլացետատ», «Անվադողերի» գործարանները, որն էլ իր հերթին կնպաստի վերակենդանացնելու ՀՀ տնտեսությունը:
Սակայն անկախ «Նաիրիտի» հետագա ճակատագրից, խիստ կարևոր է դատական արդար գործընթացով քանդել «նաիրիտյան կծիկը», հայտնաբերել պետական ու հանրային ունեցվածքը թալանողներին, որն էլ առաջին լուրջ քայլը կլինի երկրում կոռուպցիայի դեմ պայքարում: Իրավական մարմինները (արդարադատական համակարգ, Գլխավոր դատախազություն, Հետաքննող վարչություն, ոստիկանություն) ի վիճակի՞ են հաղթահարել ներքին կոռուպցիան և ընդհանուր ճիգերով ընթացք տալ գործին, բռնել կոռումպացված այրերի, հանցագործների ձեռքերը, թե կշարունակեն ծառայել նրանց: Իշխանությունները ցանկանո՞ւմ են անել դա: Անվտանգության ծառայությունն ո՞ւմ շահերին է ծառայում. մի խումբ պետական այրերի՞, թե պետության ու հանրության: Մինչև հիմա իշխանությունները հետևողականորեն քողարկել են հանցագործության հետքերը, որն իր հերթին հանցավոր արարք է: Երկրի նախագահն ու Ազգային Ժողովն ունա՞կ են անելու դա: Բազմահազար ընտրողները (իրական, թե վիրտուալ) այդ են պահանջում և նրանք դրա իրավունքն ունեն:
Հակակոռուպցիոն պայքար շարժումը, նրա բազմահազար մասնակիցներն ու անդամները, երկրի հասարակության լայն շերտերը վճռական են տրամադրված այս գործընթացը մինչև վերջ տանելու և երկիրը կոռուպցիոն ճահճից դուրս բերելու գործում:

Բակուր Կարապետյան

«Ավետիս» կայք

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ