Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը վրդովմունք է հայտնել օրենսդրական դաշտում հակաբնապահպանական երկու մեծ որոշումների առիթով։
Առաջինը սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվել է մեր երկրի Սահմանադրության մեջ, «որտեղ բնապահպանության ոլորտը, մեղմ ասած, երկրորդական տեղում է հայտնվել։ Այնտեղ գրված է, որ պետությունը միայն խթանում է բնապահպանական խնդիրների լուծմանը: Ճիշտն ասած՝ ես այդպես էլ չհասկացա, թե այդ «խթանել» բառն ի՞նչ է նշանակում, ու ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բնապահպանական խնդիրների համար: Մեզ համար դա շատ մեծ հարցական է, երևի մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը, ես այդպես եմ հասկանում: Սա զավեշտալի է», ասել է Ս․ Ադամյանը:
Երկրորդը կառավարության որոշումն է, որով տեսչությունը մոտակա մեկ տարվա ընթացքում չպետք է ստուգումներ անցկացնի մեծ բիզնես-ընկերություններում. «Այսինքն՝ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները, որտեղ տեսչությունը փորձում էր ինչ-որ բան անել, ուղղակի չեն ստուգվի, ինչը կնպաստի, որ առանց այդ էլ ոչ այնքան օրենքով աշխատող, ոչ այնքան շատ գումարներ վճարող հանքարդյունաբերական ընկերություններն ինչ ուզեն անեն: Եթե տեսչական ստուգումների որոշ տվյալներ տեղադրվում էին տարբեր կայքերում, ու մենք՝ բնապահպաններս, օգտվում էինք այդ նյութերից, փորձելով հասկանալ՝ ինչպիսի իրավիճակ է ընկերության ներսում, արդեն չենք ունենա այդ հնարավորությունը:
Դա միայն մեծ բիզնեսին չի վերաբերում, այլ՝ ընդհանրապես բիզնեսի հետ կապված բոլոր տեսչական ստուգումները կասեցվել են: Մենք համամիտ ենք, որ փոքր բիզնեսին պետք է մի քիչ ազատություն տալ, որպեսզի նա զարգանա, բայց ինչ վերաբերում է հանքարդյունաբերական հզոր ընկերություններին, հարցը շատ լուրջ է, ու որոշումը ճիշտ չէ: Եվ, ինչպես Սահմանադրությունն է ասում՝ չի խթանի խնդիրների լուծմանը»: