Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը կբարելավվի

11 Դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ստորագրել են «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը, ծրագրի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ:

Ծրագիրը միտված է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Մասնավորապես, նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում:

Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

ՀՀ ֆինանսների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ