Եղվարդի ջրամբարի ծրագիրը նախագծվել է դեռևս 1970-ականներին՝ որպես Սևանա լճի բնապահպանական միջոցառումներից մեկը: Ավելի ուշ՝ 1980-ականներին սկսվեցին 228 մլն մ³ մասշտաբով ջրամբարի կառուցման աշխատանքները, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այդ աշխատանքները դադարեցվեցին: 1990-ականներին, Սևանա լճի ջրի մակարդակի երկրորդ անգամ գրանցված անկման պատճառով, վերադարձ է կատարվել ջրամբարի կառուցմանը, և Եղվարդի ջրամբարի ծրագիրը դիտարկվել է որպես լճի անկման կանխման գործողություններից մեկը:
Անկախության տարիներին ջրամբարի ծավալը վերանայվել է և կրճատվել մինչև 90 մլն մ³: Այս նվազեցված մասշտաբով էլ ՀՀ կառավարությունը 2012 թ. դիմել է Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր:
Ճապոնիայի կառավարությունը վարկային ծրագիրը հիմնավորելու նպատակով դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (ՃՄՀԳ/JICA), որը պետք է իրականացնի ջրամբարի կառուցման հիմնավորման երկփուլանի հետազոտություն:
Փուլ 1. գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ ծրագրին առնչվող տվյալների հավաքագրման հետազոտություն, այլ կերպ՝ տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական հետազոտություն, որի միջանկյալ հաշվետվությունը այսօր ներկայացված է մեր քննարկմանը։
Փուլ 2. լիարժեք տեխնիկատնտեսական հիմնավորում, որին և կհաջորդեն շինարարական աշխատանքները:
Ծրագիրը ինքնին բավականին բարդ է ու բազմանշանակ: Այն ջրային ռեսուրսների կայուն զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և ջրի պատշաճ կառավարման կարևոր բաղադրիչներից մեկն է: Թեև երկրում կառուցված են միջինից փոքր ծավալի 87 ջրամբար, թեև շահագործման է հանձնվել հետխորհրդային առայժմ միակ՝ Մարմարիկի ջրամբարը, նախագծվում և կառուցման փուլ են մտնում Կապսի և Վեդիի ջրամբարները, այնուամենայնիվ, Եղվարդի ջրամբարը առանձնակի կարևորման խնդիր ունի:
Ջրամբարի շնորհիվ լուծվում է մեր տարածաշրջաններից մեկի ջրավազանային կառավարման, ջրային ռեսուրսների համաչափ բաշխվածության խնդիրը, որը միաժամանակ «Ջրային օրենսգրքի» և «Ջրի ազգային ծրագրի» պահանջ է:
Ջրամբարը վերադառնում է իր նախնական նշանակությանը, այն է՝ օժանդակել Սևանա լճի մակարդակի վերականգնմանը, ինչպես նաև խթանել գյուղատնտեսության զարգացումը, թուլացնել ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի վրա, նպաստել անդրսահմանային ջրերի վերաբերյալ միջազգայնորեն ընդունած պարտավորությունների կատարմանը:
Եղվարդի ջրամբարի կառուցումը ոռոգման ջրամատակարարման ոլորտում վերջին շրջանում կառավարության կողմից ակտիվորեն վարվող քաղաքականության արդյունք է, նպատակ է հետապնդում ոռոգման համակարգի աստիճանական անցում մեխանիկականից ինքնահոսի, հրաժարվելու, այսպես կոչված, «էներգատար գյուղատնտեսությունից»:
Կատարված ուսումնասիրության հիմնավորվածությունը թեսթավորման և միջազգային ստանդարտների միջոցով: Նկատի ունենք հատկապես՝ գրունտի մեխանիկական հատկությունների թեստերը, որոնք իրականացվել են 19 նմուշառման արդյունքում՝ խմբավորվելով 5 կլաստրների մեջ: Դրանց միջոցով կանխատեսվում են այնպիսի ինժեներական աշխատանքներ, ինչպիսիք են՝ հիմքի կառուցումը, էքսկավացիան, հատումը և հողապատնեշումը, ջրաթափանցության թեսթավորում, ներքին էրոզիայի երևույթի առաջացման հնարավորության ուսումնասիրությունները, լանջի մակերեսից դուրս եկող գրունտային ջրերի ուսումնասիրությունները և այս ամենի պարագայում՝ սեյսմակայուն նախագծման նորմերի կիրառումը:
Եթե հավելում ենք նաև ալիքների դեմ լանջերի պաշտպանվածության, սառման-հալման էֆեկտի դեմ պաշտպանվածության, ջրամբարի լանջերի հակաինֆիլտրացիոն աշխատանքները, ջրամբարի հատակի հակաինֆիլտրացիոն միջոցառումները, առկա պատվարների ձևի որոշման և հակաինֆիլտրացիոն միջոցառումները, ջրամբարի ընդհանուր ձևի որոշումը՝ հաշվի առնելով հողապատնեշման նյութերը, ապա կանխավ կարող ենք ասել, որ այս փուլի համար իրականացվել է բավարար հիմնավոր և ամբողջական ուսումնասիրություն:
Ջրամբարի անվտանգության ապահովման մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը
Այս նպատակով հատուկ ուսումնասիրության է ենթարկվել վթարային ջրթողի հետ կապված խնդիրը: Ուսումնասիրության մեջ այն դիտարկվում է հիմնականում 3 դեպքերի համար.
արտահոսքի արտակարգ աճ, որը կարող է հանգեցնել պատվարի նյութի քայքայմանը,
- ջրամբարի շուրջ հնարավոր սողանքների առկայությունը,
- հավանական երկրաշարժի հետևանքով ջրամբարին հասցված վնասը:
- Ծրագրի աննախադեպ մասշտաբայնությունը: Բացի ջրամբարից, 2 սնուցող և 1 ջրթող ջրանցքներից, նախագիծն ուղղակիորեն առնչվում է հետևյալ թիրախային կառույցների հետ.
・Արզնի ճյուղի ջրանցքը
・Տկահանի ջրանցքը
・Շահառուի ջրանցքը
・Վերին Ակնալիճի ջրանցքը
・Ներքին Ակնալիճի ջրանցքը
・Մեծամորի ջրանցքը
・Ստորին Հրազդանի ջրանցքը
・Քասախի ջրառը
・Հիմնական պոմպակայանը:
Ծրագրի գյուղատնտեսական նշանակությունը
Ոռոգման ներկա համակարգը ջուր է մատակարարում 9,660 հա հողատարածքի Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան ջրանցքների և Ռանչպար պոմպակայանի միջոցով: Եղվարդի ջրամբարի իշխման տակ են գտնվելու 3 մարզերի 27 համայնք, որոնք ջուր են ստանում չորս՝ «Եղվարդ», «Աշտարակ», «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-երի ջրամատակարարմամբ: Քանի որ ՋՕԸ-երի տարածքների սահմանները և առնչվող 27 համայնքների սահմանները չեն համընկնում։ Ծրագրի տարածքում ներառվել են 27 համայնքի ընդհանուր 24,937 հա հողային տարածքներից 22,754 հա կամ դրանց 91%-ը:
Ջրային ռեսուրսների օգտագործման այլընտրանքներից արդյունավետ տարբերակի ընտրությունը
Եղվարդի ջրամբարի կառուցման պարագայում ՀՀ կառավարությունը կանգնած էր այլընտրանքի առջև: Ամենակարճ և դյուրին տարբերակը ջրամբարը չկառուցելն էր, այսինքն՝ «Զրոյական տարբերակի» ընտրությունը, որը նշանակում էր խնդիրները թողնել նույնը, անտեսել Սևանա լճի հիմնախնդիրը, ինչպես նաև ջուրը գցել Խորհրդային Միության տարիներին Եղվարդի ջրամբարի կառուցման համար իրականացված ներդրումները՝ ժառանգելով նախնիների կողմից աղճատված լանդշաֆտ:
«Ստորգետնյա ջրերի շահագործման» տարբերակը, որի հետևանքները տեսնում ենք հատկապես Արարատյան հարթավայրում և էլեկտրաէներգիայի ծախսերի և պոմպակայանների շահագործման պարագայում:
«Մակերևութային ջրերի շահագործման» տարբերակի ընտրությունը, որը հնարավորություն է տալիս մեր մակերևութային առատ ջրերի արդյունավետ օգտագործում, ազատում է մեզ ստորգետնյա ջրերի և մեխանիկական ջրամատակարարման կախվածությունից: Ջրառատ Հրազդան գետի «ազատ ջրերը» առկա և կառուցվող ջրանցքների միջոցով կուղղվեն դեպի Եղվարդի ջրամբար այն ժամանակահատվածում, երբ գետի ջրի հոսքն ավելի է, քան ջրի պահանջարկը։
Ջրամբարաշինություն
Ջրամբարաշինությունը, որպես ջրային ոլորտի քաղաքականության մաս, օրենսդրորեն հիմնավորված է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» և «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքներով:
Ջրամբարաշինության հիմնական նպատակները
գետային հոսքի ռեժիմային կարգավորում, ջրառատ ամիսներին առաջացած հոսքի կուտակում ջրամբարում և սակավաջուր ամիսներին ջրի օգտագործում, ջրերի վնասակար ներգործության ազդեցության կանխում, առաջացած հեղեղային ջրերի կուտակում և ջրամբարի իշխման տակ գտնվող տարածքներում հեղեղումների վտանգների կանխում:
Եղվարդի ջրամբարի առանձնահատկությունները
Հրազդան գետի ազատ ջրերի կուտակում և կարգավորում,
Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծում,
Ճնշման մեղմում Արարատյան ստորգետնյա ջրավազանի վրա:
Ջրամբարի տեխնիկական բնութագրերը՝
ծավալը` 90 մլն մ3 ` 1-ին փուլում` 60 մլն մ3 ,
պատվարի բարձրությունը` 46 մ` 1-ին փուլում` 32 մ,
երկու սնուցող ջրանցքներ`
- Արզնի-Շամիրամի ջրանցքից ջրամբար,
- Հրազդան գետից ջրամբարի նոր խողովակաշար, հեռացնող իռիգացիոն խողովակաշար, աղետային ջրհեռ:
Ջրամբարի կառուցման ակնկալվող արդյունքները
Մեխանիկական ջրի փոխարինումը ինքնահոսի` 28.6 մլն կՎտժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, որը կապահովի ավելի քան 1 մլն դոլարի ֆինանսական խնայողություն, երաշխավորված ոռոգման ջրամատակարարման ապահովում ինտենսիվ ոռոգման հողատարածքներում` ՋՕԸ-երի թիվը` 4, համայնքների թիվը` 27 («Վաղարշապատ» ՋՕԸ` 7, «Խոյ»` 13, «Աշտարակ»` 4, «Եղավարդ»` 3),
ոռոգելի հողատարածք` 12.3 հազ հա, որից 3 հազ հա-ը նոր հողատարածքների ընդգրկում,ևս 10 հազար հա հեռանկարային հողատարածքներ:
Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողնվող ջրի ծավալների կրճատում` մինչև 90 մլն մ3/տարի,
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա ընկնող ազդեցության մեղմում` ոռոգման ջրամատակարարման մասով` 14 պոմպակայանների և 133 խորքային հորերի շահագործումից հանում, ջրամբարի շուրջ լրացուցիչ հանգստյան գոտու ստեղծում:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե