Ասիական Զարգացման բանկի վարկերի մութ կողմը

22 Նոյեմբերի 2015

Ասիական զարգացման բանկը հաջորդ տարվա համար երկու տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար: Այս մասին Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ համագործակցության տասնամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարեց Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը:

Նրա խոսքերով՝ այս տարվա համեմատ, հաջորդ տարի տնտեսական քայքայում չի սպասվում, այլ կանխատեսվում է, որ տնտեսությունը կունենա նույն ցուցանիշներն, ինչ այս տարի:

«Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան մենք կանխատեսում էինք: Մտահոգությունները դեռ գոյություն ունեն՝ տրանսֆերտների, օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատում և այլն, բայց եղել են նաև դրական փոփոխություններ, մասնավորապես, այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կտրուկ աճ է գրանցվել: Գուցե պատճառը բախտն է, որ բարենպաստ եղանակ է եղել, բայց մենք չենք ակնկալում, որ հաջորդ տարի ավելի վատ կլինի»,- ասաց Դեյվիդ Դոուլը։

ԱԶԲ-ն Հայաստանին արդեն տրամադրել է մոտ 1 մլրդ դոլար վարկ՝ հանրային և մասնավոր հատվածներում ծրագրեր իրականացնելու համար:

Հանրային հատվածում իրականացվող առանցքային ծրագրերից է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Մայրուղու շինարարության համար արդեն տրամադրվել է 1.2 մլրդ դրամ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը փաստում է, որ պետությունը մեծ չափով տույժ, տուգանքներ է վճարում ստանձնած աշխատանքները ժամանակին չկատարելու համար, ինչը վկայում է այն մասին, որ ներկայացված ծրագիրն ու դրա կատարողականը հեռու են իրատեսական լինելուց։

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի պետական պարտքն առաջին անգամ հատել է 5 մլրդ դոլարի սահմանը, և գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, տնտեսագետը նշեց՝ պարտքերը մեծամասամբ վերցվում են վերացնելու տնտեսական խոչընդոտները, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ եթե 2.5 տոկոս տնտեսական աճը պայմանավորվում է գյուղատնտեսության աճով, ապա տնտեսական խոչընդոտների վերացման մասին խոսք գնալ չի կարող:

Մանուկյանի դիտարկմամբ՝ վարկերի մեծ մասն ուղղված է շինարարության ոլորտին, որտեղ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են և անարդյունավետությունը:

 

Աղբյուրը՝ http://www.1in.am/1776451.html

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ