Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանքով երկրի զարգացման համար շատ կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակության արդյունաբերական գործարանը լուծարվում է։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կատարել է հետազոտություն և վստահորեն ու համարձակորեն հանգել է միակ որոշմանը՝ լուծարել։ Արդեն ավելորդ է ասել, որ հերթական հակապետական, դավաճանական քայլն է կատարվում, սակայն համոզված ենք, որ դեռ հատուցելու են և ամենավատ պատժի են արժանանալու սեփական երկրի տնտեսությունը կործանող հայ ջատագովները։
Ստորև վերոհիշյալ նախարարության հետազոտության ամփոփումն ու դրան հետևող գործողությունները։
«Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում»
Ամփոփում
-«Նաիրիտում» ՊՔԿ-ի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ և′ բութադիենի, և′ ացետիլենի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում:
-Ներդրումներից հատույցը բացասական է բոլոր արտադրական սցենարների և տեխնոլոգիաների դեպքում
-ՊՔԿ արտադրության ծախսերի գնահատականը տարբեր գործընթացների և տեխնոլոգիաների համար (և′ բութադիենի, և′ ացետիլենի հիման վրա) ցույց է տալիս, որ նույնիսկ բութադիենի վրա հիմնված ամենացածր ինքնարժեքով գործընթացի պարագայում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը:
-Բութադիենի ինքնարժեքը բարձր է տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով, որոնք կազմում են այն գործարան հասցնելու արժեքի 20%-ը: Ացետիլենի վրա հիմնված արտադրությունը թանկ է դրա էներգատարության և Հայաստանում էներգիայի բարձր արժեքի պատճառով:
-«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել եվրոպական, ասիական և այլ շուկաներում արտադրության բարձր ինքնարժեքի և շուկաներից հեռավորության պատճառով: Նաիրիտի արտադրանքի ոչ մրցունակ լինելու պատճառների թվում են հետևյալ գործոնները.
-Արտադրանքը դեպի գլխավոր շուկաներ հասցնելու հետ կապված տրանսպորտային ծախսը արտադրանքի մեկ տոննայի հաշվով կազմում է մոտ 150 ԱՄՆ դոլար կամ վերջնական արտադրանքի գնի 5%-ը, մինչդեռ մյուս գլխավոր արտահանողների համար արտահանման ծախսերն ավելի ցածր են.
-Գործարանը վերագործարկելու համար պահանջվող 210-346 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ծախսերը վերականգնելու անհրաժեշտության պատճառով, մինչդեռ խոշոր արտահանողներն արդեն վերականգնել են կապիտալ ծախսերը.
-Չինաստանը՝ այսօր և ապագայում աշխարհի ամենամեծ շուկաներից մեկը ներքին շուկան պաշտպանելուն նպատակով վարում է հովանավորչական քաղաքականություն:
-Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից բխում է, որ կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը:
Առաջարկվող հետագա քայլեր
Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից ելնելով, մասնավոր հատվածի կողմից ձեռնարկությունը գործարկելու համար ներդրումների բացակայության դեպքում, հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար, պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը: Գործարանի լուծարման ծրագիրը պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.
-Իրականացնել գույքագրում և գնահատել ակտիվների շուկայական արժեքը.
-Կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով.
-Մշակել և իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր.
-Իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում.
-Իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում: