Հայաստանի ոստիկանությունը չի հրաժարվել ուժ կիրառելուց

25 Օգոստոսի 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ոստիկանությանն էր  դիմել՝ առաջարկելով  բաց քննարկում անցկացնել  խաղաղ ցույցերի ժամանակ ուժ չկիրառելու մասին և  պայմանագիր ստորագրել ցուցարարների հանդեպ բռնություն չգործադրելու մասին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ըստ օրենքի, որևէ համաձայնագրի ստորագրում չի կարող կանխել օրինապահ մարմինների աշխատանքը։

ՀՀ ոստիկանության աշխատանքը խստորեն կանոնակարգված է գործող օրենսդրությամբ և որևէ համաձայնագիր չի կարող ոստիկանների համար սահմանել  լրացուցիչ իրավունքներ և պարտավորություններ, հայտարարել է Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքերի համաձայն, ոստիկանությունը մի քանի անգամ կազմակերպել է քննարկում՝ ցույցեր անցկացնելու հարցի շուրջ և մտադիր է հետագայում ևս անցկացնել նման միջոցառումներ։

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ ոստիկանությունը նախ հրաժարվում էր ակտիվիստների հետ քննարկել սկզբունքային հարցեր, իսկ հետո, երբ ակտիվացավ շարժումը Հանրապետության հրապարակում, ոստիկանությունը համաձայնություն է հայտնել միայն փակ քննարկումներ անցկացնելու։ «Քննարկումները պետք է բաց լինեն, որպեսզի հասարակությունը իմանա, թե ինչ բանակցություններ են ընթանում մեր միջև», ասել է Դավիթ Սանասարյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ