Տիրող անարդար համակարգի դեմ ակտիվ պայքարի ելած «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, որը կազմված է ակտիվ ու անարդարությունների դեմ պայքարող քաղաքացիներից, երեկ նոր հայտարարությամբ է հանդես եկել, որը կոչել է առաջարկ ոստիկանությանը։
Ստորև ներկայացնում ենք այդ խորհրդի առաջարկը։
Կլոր սեղան անցկացնելու հրապարակային առաջարկ ՀՀ ոստիկանությանը՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կողմից
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար.
- Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար:
- Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները:
- Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ:
Հանդիպման արդյունքում ակնկալում ենք ՀՀ ոստիկանության հետ կնքել «ուժ կիրառելուց հրաժարվելու մասին» գրավոր համաձայնագիր:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ,
Ք. Երևան, «Հանրապետության» հրապարակ,
24 օգոստոսի, 2015թ.