Սոչիում առգրավվել և ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ

21 Օգոստոսի 2015

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը` Ռոսսելխոզնադզորը, Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է հայաստանյան «Արարատ իշխան» ընկերության կողմից ներկրված 200 կգ թառափը: Առգրավված ձուկն այրվել է:

Կրասնոդարի երկրամասի Ադիգեյա Հանրապետության Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Վիկտորիա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական ընկերության մոտ բացակայել է ՌԴ տարածք մթերք ներկրելու լիցենզավորման փաստաթուղթը: Ընկերությունը գրանցված չի եղել նաև Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցանկում:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի տարածք անասնաբուժական վերահսկողությանը ենթակա մթերքներ կարող են ներմուծել միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են Ռոսսելխոզնադզորի ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել նշյալ ցանկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելուց հետո, գրում է RUSARMINFO լրատվական ծառայությունը։

Այս լուրը կարող էինք թողնել առանց մեկնաբանության, եթե իրականությունն այնքան անմխիթար չլիներ։ «Արարատ իշխան» հայկական  ընկերությունն իր մթերքն այդքան հեշտությամբ ոչնչացման տանելուց առաջ, կարծում եմ, շատ խորը պիտի գիտակցեր իրականությունը։ Այսօր Ռուսաստանի վարած վրեժխնդրության քաղաքականությունը երբևէ իրականացված ամենատգեղ ու ամենաանբարոյական քաղաքականությունն է։ Հարյուրավոր մարդիկ սովահար են, իսկ երկրի սահմաններում ոչնչացվում է մթերք, որը մինչ ղեկավարի ինքնասիրությունը խոցող պատժամիջոցները դեռևս ուտելի և ընդունելի էր։

Իսկ ի՞նչն է ստիպում հայ գործարարին առանց երկար-բարակ մտածելու թույլ տալ, որ իր աշխատանքը քմահաճորեն ոչնչացնեն, երբ սեփական երկրում կարելի էր իրացնել ու գոհացնել հարազատ ժողովրդին, դեռ շահույթ էլ ստանալ, եթե խելամիտ գին սահմանվեր այդ մթերքի համար։ Ի՞նչն է ստիպում հայ մարդուն գիտակցաբար գնալ հաճոյակատարության ու  այդքան ստրկամիտ լինել։ Ինչո՞ւ պետք է ի շահ իրենց կեղծ ճշմարտությունը տարփողելու, օտարները կամայականորեն օգտագործեն  հայ գործարարին, հայ պաշտոնյային, հայ մարդուն։ Ո՞ւր է հայի՛ ինքնասիրությունը, ինչո՞ւ չի խոցվում։         

 Խմբագիր

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ