Էներգետիկայի ոլորտում խնդիրները պետք է լուծվեն պետական մակարդակով

21 Օգոստոսի 2015

Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման խնդիրներին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նախ իր մտահոգությունները հայտնեց սուբսիդավորման ծավալների և ժամանակի հետ կապված, հետո արդեն փաստեց, որ էներգետիկ ոլորտում մեր երկիրն ունի ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով։

 «Մենք չգիտենք, թե որքան երկար է տևելու սուբսիդավորումը: Մի քանի ամիս հետո արդեն այլ խնդիրների առջև ենք կանգնելու: Ոլորտում առկա է ինստիտուցիոնալ խնդիր: էներգետիկայի նախարարությունը պետք է կարողանա ճիշտ օգտագործել իր արտոնությունները, նա պետք է կարողանա ներազդել գործընթացի վրա, ինչը չի անում: Այսօր մենք ահազանգում ենք այն մասին, որ սուբսիդավորման գործընթացից դուրս է մնացել խոշոր բիզնեսը, սակայն նույնը սպառնում է նաև փոքր բիզնեսին և ցանկացած ընտանիքի. չէ որ այս գործընթացը մի օր ուղղակի կդադարի և մարդիկ ստիպված կլինեն վճարել այդ 7 դրամը»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ փաստելով, որ պետությունը չի կարողանա ֆինանսավորել բոլորին, ինչն իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում։

Սուբսիդավորման բացակայությունը կհանգեցնի ապրանքատեսակների թանկացումներին, ինչն էլ կնվազեցնի բիզնեսների եկամտաբերությունը: Եթե խոսքը վերաբերում է փոքր բիզնեսի մասին, ապա այն կկանգնի փակվելու վտանգի առջև, շեշտեց  Գ․Մակարյանը։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարությունը չի սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խոշոր բիզնեսի համար:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ