Բռնություն Հայաստանի երկնքում

20 Օգոստոսի 2015

«Էյր Արմենիա» ավիաընկերության համասեփականատերերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն են հայտնել ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի հանդեպ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, երախտագիտություն են հայտնել իշխանությանը զգոնության եւ արագ արձագանքի համար, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ ընկերության ներդրումային ծրագրերը հայտնվում են վտանգի տակ, եթե տեղի ունեցածը չստանա օրինական հանգուցալուծում:

Ինչպես հայտնի է, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի բաժնետեր Արսեն Ավետիսյանին ծեծել է  ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը, ինչպես մամուլին ասել են Ավետիսյանն ու նրա հարազատները: Ծեծը եղել է Հայրապետյանի հետ հանդիպումից հետո, մեկ այլ ընկերությանն «Էյր Արմենիայի» ունեցած պարտքի թեմայով: Մամուլը գրել է, որ պարտատերը այն ստանալու «իրավունքը» փոխանցել է Ռուբեն Հայրապետյանին: Ավետիսյանի հետ նշանակված հանդիպումը, ըստ Ավետիսյանների, ավարտվել է ծեծով այն բանից հետո, երբ Արսեն Ավետիսյանը հրաժարվել է ընդունել Հայրապետյանին պարտք լինելն ու ասել է, որ ինքը պարտք է այլ ընկերության:

«Էյր Արմենիայի» սեփականատիրոջ հետ տեղի ունեցած այդ միջադեպը առանձնահատուկ ուշադրություն է գրավում դրա նախօրեին տարածված տեղեկատվության ֆոնին: Մի քանի ամիս առաջ «Էյր Արմենիայի» 49 տոկոսի բաժնետեր էր դարձել East Prospect Fund ընկերությունը, որը գրանցված է Վիրջինյան կղզիներում:

Այդ գործարքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայկական ավիաընկերությունը հայտնվեց ֆինանսա-տնտեսական ծանր կացության մեջ: Դա էլ, ըստ ընկերության ղեկավարության, հայկական ընկերության հանդեպ ռուսական ավիըանկերությունների եւ ավիացիոն կազմակերպությունների անբարեխիղճ մրցակցության հետեւանք էր: Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, թե «Էյր Արմենիան» ռուսական ավիակազմակերպություններին ունի պարտքեր, որի պատճառով ընկերության սպասարկումը Ռուսաստանում դադարեցվելու է: Հայկական ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ ոչ մի պարտք չկա, պարզապես ռուսական բանկերի հանդեպ միջազգային պատժամիջոցի պատճառով հայկական կողմը չի կարողանում փոխանցել փողը եւ խնդրել է ռուսական կողմին հաշվեհամար, որը չի լինի պատժամիջոցի տակ:

Այդուհանդերձ, ընկերության խնդիրների մասին ապատեղեկատվության տարածումը առաջացրեց անվստահություն գործընկերների եւ ուղեւորների շրջանում, ինչն ունեցավ իր հետեւանքը: Ի դեպ, բիզնեսում դա բավական տարածված «դիվերսիայի» մեթոդ է մրցակցի հանդեպ, հատկապես երբ տնօրինում ես հզոր տեղեկատվական ռեսուրսների:

Այդպիսով, Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո միակ հայկական ավիափոխադրողը, որը չուներ Ազգայինի կարգավիճակ, ինչպես մտավ շուկա, այդպես էլ արագորեն մղվեց դուրս, թեւպետ սկսել էր բավական մրցունակ առաջարկներ անել հայ սպառողին: Միաժամանակ, ընկերությունը սկսել էր վերականգնել Հայաստանի համար մոռացվող ուղիղ եվրոպական չվերթերը:

Շուկայից դուրս մղվելուց քիչ անց հայտարարվեց, որ «Էյր Արմենիան» ունի նոր բաժնետեր, եւ 49 տոկոսի սեփականատեր է դարձել East Prospect Fund-ը: Եվ ահա ամիսներ անց էլ հայտարարվեց 68 միլիոն դոլար ներդրման մասին, որով հայկական ընկերությունն ազատվում էր սնանկացման ռիսկից եւ ստանում գործունեությունը վերականգնելու, գործընկերների հետ ունեցած ֆինանսական հարաբերությունները «մաքրելու» հնարավորություն:

Բառացիորեն մեկ օր անց տեղի է ունենում բռնությունը ընկերության 51 տոկոսի սեփականատիրոջ հանդեպ, ինչն էլ, ինչպես հավաստում են համասեփականատերերը իրենց հայտարարությամբ, վտանգի տակ է դնում ներդրումային ծրագրի շարունակությունը, եթե խնդիրը չհանգուցալուծվի օրինական ճանապարհով:

Փաստացի, հայկական «բաց երկինք» Հայաստանից միակ ավիաընկերության վերադարձի հնարավորությունը հարված է ստանում դրա մասին հայտարարությունից անմիջապես հետո: Այլ կերպ ասած, հայկական երկինքը իրապես գոնե ինչ որ մասով բացելու եւ այնտեղ ռուսական ավիաընկերությունների հաստատվող գերիշխանությունը գոնե փոքր ինչ թուլացնելու հեռանկարը դրվում է ռիսկի տակ:

Ու դա այն դեպքում, երբ Հայաստանի շուկայից հեռանում են ոչռուսական այլ ընկերություններ, ինչպիսին Լեհական «Լոտը», համաշխարհային հեղինակություն վայելող «Էթիհադը», «Չեխական ավիաուղիները»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ ընկերությունը օգոստոսի 19-ին տարածել է հայտարարություն, որ Հայաստանի կառավարության հետ շարունակում է բանակցությունը հայկական շուկա վերադառնալու շուրջ, բայց համաձայնություն դեռ չկա:

Այլ կերպ, կամ «իշխանական հայերեն» ասած, Հայաստանում առաջացած աղմուկի ֆոնին «Չեխական ավիաուղիները» հայտարարում են՝ «կգանք, բա չենք գա»:

Մինչ Հայաստանի իշխանությունը հավաստիացնում է, որ «բաց երկնքի» քաղաքականության արդյունքը կերեւա որոշ ժամանակ անց, հասարակությունը ակնառու տեսնում է այդ քաղաքականության տապալման հետեւանքը: Տվյալները, թե աճել է օդային ուղեւորափոխադրումների ծավալը, մեղմ ասած հարաբերական են: Բանն այն է, որ այդ ծավալը տարբեր չափով տարեցտարի աճել է նաեւ այսպես ասած «փակ երկնքի» քաղաքականության՝ Արմավիայի մենաշնորհի պայմաններում:

Փաստն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականության հետեւանքով Հայաստանի երկնքում մեծ հաշվով նվազել է մրցակցությունը, թեեւ տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը: Ու ակնհայտ է նաեւ, որ տվյալ պարագայում մրցակցությունը ենթարկվում է բռնության, ինչը խորհրդանշական է Հայաստանի ամբողջ տնտեսության առումով:

 

Հակոբ Բադալյան

Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/119129

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ