Դարձյալ խորհրդակցություն հոսանքի թանկացման շուրջ

18 Օգոստոսի 2015

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդակցություններ են սկսվել՝ ուսումնասիրելու համար էլեկտրաէներգիայի նոր սակագնի հիմնավորման առկայության հարցը:

«Այսօր այդ հարցը քննարկել ենք հանրապետության նախագահի հետ: Օրենքը մեզ թույլ չի տալիս Հանձնաժողովում աուդիտ անցկացնել: Բայց մեզ համար կարևոր է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Մենք պետք է հիմնավորում ունենանք: Կարծում եմ՝ 2-3 ամսվա ընթացքում կավարտենք խորհրդակցությունները, ինչից հետո նախագահի հետ կքննարկենք հարցը և կառավարության մոտեցումը կներկայացնենք  հանրությանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 17-ին «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման ժամանակ:

Վարչապետի խոսքով, կառավարությունը հետևողական է լինելու այդ հարցում և փորձելու է օգնել քաղաքացիներին, այնպես անել, որպեսզի լրացուցիչ բեռ չավելանա նպաստ ստացող ընտանիքների համար: «Մինչև աուդիտի ավարտը խոշոր բիզնեսը սուբսիդավորելը, կարծում եմ, ճիշտ չէ: Կառավարությունը պարտավոր չէ դա անել, բայց բնակչության էլեկտրաէներգիայի ծախսը, ինչպես նախագահն ասաց, կստանձնի կառավարությունը: Եվ մենք դա կանենք արտաբյուջետային միջոցների՝ Որոտանի կասկադ-ՀԷԿ-ի վաճառքի հաշվին: Իսկ խորհրդակցությունների ավարտից հետո արդեն հետագա գործողությունների շուրջ որոշում կկայացնենք»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, եթե ռուսական ընկերությունը թալան է արել, ապա աուդիտը կպարզի դա, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: «Դա Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չունի: Մենք չենք ցանկանում մեր ժողովրդի թշնամին դառնալ»,- ասել է  վարչապետը՝ ընդգծելով, որ եթե թանկացումը հիմնավորված չէ, ապա սակագները կփոխվեն:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ