Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությունից խնդրել է թույլատրել նախարարությանն օգտագործելու նախարարության արտաբյուջետային հաշվից 1 միլիարդ դրամ՝ Հայաստանում պետպատվերով սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի համար:
Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացը որակյալ կազմակերպելու և նշված խմբերին մատուցված ծառայությունները լիարժեք ֆինանսավորելու կարևորությունից, նշել է նախարարը:
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը նպատակ ունի կրճատելու սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը: Ծրագրի շրջանակներում դիմող անձանց կյանքի ցուցումներով իրականացվում է մեկ ոչ դեղապատ ստենտի տեղադրում` սրտամկանի սուր ինֆարկտի պայմաններում: Ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ արդեն բժշկական օգնություն է ստացել 778 հիվանդ:
Այդ աշխատանքներին բյուջեից հատկացվել էր 510 մլն դրամ: Նախարարն ասաց, որ այդ գումարն սպառվել է, ևս 500 մլն դրամ է անհրաժեշտ՝ մինչև տարեվերջ սրտի խնդիրներով դիմող հիվանդներին սպասարկելու համար:
Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել հարցը և միայն դրանից հետո ստորագրել որոշումը: