Բանկեր, օֆշորներ, խոշոր կապիտալ ու կորպորացիաներ. «ԲՕԽԿ» շարք

22 Օգոստոսի 2019

Բարձր ֆինանսներ. Կորզող ոլորտ
Հարցազրույց Սասկիա Սասենի հետ

«Սև Բիբարը» սկսել է գլոբալ ֆինանսական համակարգն ու տիրապետումն ըմբռնելուն ուղղված տեքստերի թարգմանության ու արտադրման շարք:

Ամեն ինչ սկսվեց ROAR անգլալեզու ամսագրում զետեղված` «Օֆշորային ֆինանսներ: Ինչպես է կապիտալն իշխում աշխարհին» հոդվածից, որը, պարզվեց, Անդրազգային ինստիտուտի` «Ուժի դրությունը 2019 թ.» խոշոր զեկույցից հատված էր: Անդրազգային ինստիտուտը (Transnational Institute, TNI) Ամստերդամում գտնվող, սակայն ամբողջ աշխարհից գիտնականների, հետազոտողների և սոցիալական շարժումների մասնակիցների համախմբող միջազգային ցանց է, որն արդեն քառասուն տարի աշխատում է համաշխարհային սոցիալական փոփոխության ուղղությամբ: Այն իր գործունեության ընթացքում հետաքննել ու համաշխարհային օրակարգ է բարձրացրել զինաթափման ու կայսերական էքսպանսիայի, ապարտեիդի ու բռնապետությունների, «երրորդ աշխարհի» նկատմամբ նորգաղութարարության ու նրանց պարտքի, ջրի մասնավորեցման, համաշխարհային գյուղացիության, գլոբալ ֆինանսականացման ու կապիտալիզմի ճգնաժամի, այլընտրանքային տնտեսության, ֆեմինիզմի և բնապահպանության հարցեր:
«Սև Բիբար»-ի առաջին անդրադարձն ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի սոցիոլոգ Սասկիա Սասենի հետ հարցազրույցիթարգմանությունն է: Զրույցն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես է ֆինանսական համակարգը փոխել քաղաքի բնույթն ու նոր թափ հաղորդել քաղաքից դուրս մղմանն ու ունեզրկմանը: Սա «ջենտրիֆիկացում» երևույթի մասին հետաքրքիր ու եզակի տեսակետ է: Սասենը նաև խոսում է «բարձր ֆինանսների» կուտակած իշխանության մեջ առկա ճեղքերի մասին և թե քաղաքացիական շարժումները ինչպես կարող են օգտվել դրանցից և ֆինանսների նկատմամբ վերահաստատել ժողովրդավարական վերահսկումը:


Բարձր ֆինանսներ. կորզող ոլորտ 
Հարցազրույց Սասկիա Սասենի հետ

Մեդիայի, ճարտարապետության ու դիզայնի Ստրելկա ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան, նկարի աղբյուրը՝[CC BY 2.0(https://creativecommons.org/licenses/by/2.0)]

Հեղինակի մասին
Սասկիա Սասենըդասավանդում է սոցիոլոգիա Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Նրա վերջին գիրքը հրատարակել է Հարվարդի համալսարանական հրատարակչությունը 2014թ.: «Վտարումներ. Գլոբալ տնտեսության բարդությունն ու բիրտությունը» գիրքն արդեն թարգմանվել է 15 լեզուներով: Սասկիա Սասենը պարբերաբար գրում է OpenDemocracy կայքում և Հաֆինգթոն փոստ թերթում:

Որքա՞ն իշխանություն ունի ֆինանսական ոլորտը մեր օրերում, որտեղի՞ց նրան այդ ուժը:

Նախ, ֆինանսական ոլորտը չպետք է շփոթել ավանդական բանկային գործի հետ: Բանկերն անհրաժեշտ բան են, նրանք փող են վաճառում, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզման մի եղանակ է, ինչպես հանքարդյունահանությունը. հենց արդյունքը հանվեց, կորզվեց, կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա դրա հետ: Ավանդական բանկը ցանկանում է, որ իր հաճախորդների երեխաները դառնան իր ապագա հաճախորդները, ուստի այն մտածում է հարաբերություններ պահպանելու մասին, իսկ ֆինանսական ոլորտը նման անհատական մակարդակով չի էլ մտահոգվում՝ բացառությամբ, եթե խոսքը չափից դուրս հարուստների մասին է:

Երկրորդ, ֆինանսական ոլորտը վտանգավոր ոլորտ է, որովհետև ֆինանսիստները սովորել են ֆինանսականացնել տառացիորեն ամեն ինչ: Եվ նրանք դա անում են ոչ թե ավանդական բանկային գործի միջոցով, այլև ալգորիթմների ու խիստ սպեկուլյատիվ մանիպուլյացիաների միջոցով: Նրանք հնարել են գործիքներ, որոնք ծառայում են հենց իրենց, այլ ոչ թե իրենց խորհրդատվությունը ստացող հաճախորդներին: Սա նշանակում է, որ իրենք հաճախ ոչ մի կորուստ չեն կրում, նույնիսկ եթե իրենց հաճախորդները կրում են կորուստներ:

Ֆինանսական ոլորտը յուրացրել է տառացիորեն ամեն ինչ ֆինանսականացնելու դասը և գլոբալ տնտեսության հետ հարաբերակցության առումով՝ արձանագրել ահռելի աճ: Պատկերը՝ Ուժի դրությունը 2019թ.

Բերեք, օրինակ, դիտարկենք ԱՄՆ-ում ուսանողների պարտքի խնդիրը: Ուսանողական պարտքն անցել է մեկ տրիլիոն դոլարի սահմանը: Պարտք վերցնողները մեծամասամբ համեստ եկամուտներով ընտանիքներն են: Բանկը չէր էլ իմանա՝ ինչ անել նման պարտքի հետ բացի տոկոսավճար գանձելուց, իսկ ահա ֆինանսական ոլորտը կարող է դրա հետ աշխատել` պայմանով, որ այն լինի բավականին մեծ պարտք, ընդհուպ մինչև մարդկային բարձր գին, քանզի ֆինանսական ոլորտը եթե այստեղ շահելու բան ունի, պարտապանները (օրինակ` ուսանողների ծնողները) միայն մի բան ունեն. պարտք:

Ֆինանսական ոլորտն ի վիճակի է պարտքից արդյունք կորզել (ի լրումն տոկոսավճարների), քանի որ մշակել է դա հնարավոր դարձնող գործիքներ` հօգուտ ֆինանսական ընկերության և ի վնաս պարտապանի:
Նայեք մի ուրիշ օրինակի. ես հարցազրույցներ էի վարում ԱՄՆ «Միդ-ուեսթյան» նահանգներում աշխատող բեռնատար վարորդների հետ, ովքեր մետաղյա թիթեղների բեռնափոխադրմամբ էին զբաղված, բայց ասում էին, որ գաղափար չունեն, թե ինչ են անում: Պարզվում է, նրանք մետաղը մի տեղից մյուսն էին տեղափոխում, որովհետև «Գոլդման Սաքս» կորպորացիան միտումնավոր ձգձգում էր թիթեղյա հումքի մատակարարումը, որպեսզի ստեղծի պատկեր, թե իբր շինարարական մետաղի սակավություն կա, ու այդպիսով կարողանա բարձրացնել դրա գինը ու ի վերջո շահել դրանից:

Այս դեպքը իմ կարծիքով ցույց է տալիս ֆինանսական ոլորտի մի երրորդ չափում. այն զբաղեցնում է եզակի մի տարածություն, որը տարբեր է արտադրության ու սպառման տարածություններից: Սա մի տարածություն է, որը շահույթ է ստանում ամեն բանի սպեկուլյացիայից, սկսած փողից և ներդրումներից` մինչև մետաղներ ու նավթ: Նման բան անելու կարողության բանալիներից մեկն այն է, որ ֆինանսական ոլորտն օգտագործում է ալգորիթմային մաթեմատիկան: Սովորական մարդը չի հասկանում կամ չի կարող իմանալ հարստություն կորզելու նման բարդ եղանակների մասին:

Բայց արդյոք ֆինանսիստները չե՞ն պնդի, որ այդ գործիքներն օգնում են հավասարակշռել ռիսկն ու դյուրին դարձնել աճը:

Անշուշտ, կպնդեն: Ֆինանսական ոլորտը դրական արդյունքներ է ստեղծել շատ դերակատարների համար: Այն ահռելի մակարդակի հարստություն է ստեղծել: Սակայն նման հարստություն կերտելու և կուտակելու համար այն օգտագործել է շատ այլ սուբյեկտների և մեծ վնաս է հասցրել նրանց: Ֆինանսական ոլորտի հսկայական շահույթները երկնքից չեն ընկել, դրանք ստեղծվել են, իսկ դա ենթադրել է այլ սուբյեկտներին վնասելու գործընթաց: Դրանք են` ընտանիքները, ավանդական բանկերը, տեղական ինքնակառավարման մարմինները և շատ ուրիշներ:

Օրինակ, Կալիֆորնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամը` «ԿԱԼՊԵՐՍ»-ը, տարիներ շարունակ ունեցել է շատ լավ կառավարում, որը նշանակալի շահույթ է ապահովել իր թոշակառուների համար: Բայց «ԿԱԼՊԵՐՍ»-ն ընկավ կասկածելի ֆինանսիստների ծուղակը, ովքեր առաջնորդվում էին ոչ թե թոշակառու աշխատավորների, այլ հենց իրենց շահերով: Արդյունքն այն էր, որ նոր կառավարիչները հարստացան, իսկ աշխատավորների ֆոնդը դրամական կորուստներ ունեցավ, ինչն էլ բացասաբար ազդեց կենսաթոշակառուների վրա:

Ավանդական բանկային գործը պարզապես առևտուր է. այն վաճառում է մի բան որոշակի գնով, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզող է:

Նման գործընթաց տեղի է ունեցել արևմտյան մի քանի երկրների կենսաթոշակային հիմնադրամների հետ: Օրինակ, հոլանդացի հետազոտողների մի խումբ վերջերս սկսեց հետևել, թե ինչ է արվում Հոլանդիայի կենսաթոշակային ֆոնդերի հետ: Կարծես աշխատավորների կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներից շատերն ավելի լավ արդյունքներ կարող էին ապահոված լինել: Հոլանդացիները կարողացան հասնել նրան, որ իջեցվի շահույթի այն բաժինը, որը գնում է այդ ֆոնդերը կառավարող ֆինանսական ընկերություններին:

Երբ պարզում ենք, թե ինչ է տեղի ունենում ֆինանսական ընկերությունների կողմից կառավարվող կենսաթոշակային հիմնադրամների հետ, հասկանում ենք, որ իրական չարաշահումների միայն մակերեսն ենք շոշափել: Սա շատ լուրջ ոլորտ է:

Իսկ ամեն ինչ շատ ավելի է բարդանում նրանից, որ սա պարզապես կոռուպցիա չէ, այլև աշխատավորների թոշակային ֆոնդերի այնպիսի մանիպուլյացիա, որը ֆոնդերի կառավարիչներին ահռելի օգուտներ է բերում: Սա դժվար չէ անել ֆինանսական ոլորտի բարդ կառուցվածքի պայմաններում, երբ սովորական աշխատավորի համար դժվար է ըմբռնել տեղի ունեցածը: Բայց ահա կան վիճակագրական տվյալներ. շատ են այնպիսի դեպքերը, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվողները չափազանց շատ փող են ստանում կառավարչական իրենց «աշխատանքի» համար:

Կրկին, իմ մեկնաբանմամբ, սա հերթական օրինակ է, որը ցույց է տալիս, որ ֆինանսական ոլորտն ունի կորզման տրամաբանություն: Ավանդական բանկային գործը պարզապես առևտուր է. այն վաճառք է անում՝ որոշակի գնով, մինչդեռ ֆինանսական ոլորտը կորզող է:

Բարձր ֆինանսները զբաղեցրել են քաղաքային տարածքի զգալի մասեր:

Որքանո՞վ է ֆինանսական ոլորտը զգալի մերօրյա գլոբալ քաղաքում: Որքանո՞վ են քաղաքները կարևոր ֆինանսների ուժի համար:

Ֆինանսական ոլորտի զավեշտն է, որ թեև այն բարձր աստիճանի թվայնացած է, այն այդուհանդերձ ունի խոշոր նյութական ներկայություն, և ոչ մի տեղ դա այդքան մեծ չէ, որքան քաղաքում: Կարելի է կարծել, թե այն պետք է որ չունենա այդքան ընդարձակ նյութական ներկայության կարիք, չէ՞ որ գործարքների մեծ մասն էլեկտրոնային են: Բայց փաստն այն է, որ դրանք զբաղեցրել են քաղաքային տարածքի զգալի մասերը երկու տարբեր եղանակներով:

Մեկը հարուստ ֆինանսական ընկերությունների ճոխ շենքերն են:
Բայց կա նաև երկրորդ տարածությունը, որը հաճախ տեսանելի չէ: Ես այն առաջին անգամ նկատեցի Հոնկ Կոնգի ու Նյու Յորքի պես խոշոր քաղաքների ֆինանսական կենտրոններում. բացի ֆինանսիստներին, նրանց համակարգիչները ու հանդիպումների սենյակները պարփակող շենքերից, կան նաև դրանց շրջակայքում տեղակայված հսկայական պահեստներ, որտեղ գտնվում են օր ու գիշեր բարձր մակարդակի համակարգչային գործառույթներ իրականացնող սարքավորումներ: Այս համակարգչային սարքերը նաև իրականացնում են այն բարդ ալգորիթմային մաթեմատիկական հաշվարկները, որոնք սահմանում են, թե որոնք են ցանկալի ներդրումներ և որոնք` ոչ:

Ֆինանսական ոլորտի զավեշտն է, որ թեև այն բարձր աստիճանի թվայնացած է, այն այդուհանդերձ ունի խոշոր նյութական ներկայություն և ոչ մի տեղ դա այդքան մեծ չէ, որքան քաղաքում:

Էլեկտրոնային հեղափոխությանն իրականում անհրաժեշտ է խիստ նյութական տարրերի մի ամբողջ շարք, իսկ դրա մասին ո՛չ բավարար քննարկումներ են տարվում, ո՛չ էլ կա բավարար ըմբռնում: Եթե նայեք օպտիկամանրաթելային մալուխներին` ֆինանսների համար խիստ կարևոր մի ենթակառուցվածք, դրանք պահանջում են շինարարական աշխատանքներ օվկիանոսներով մեկ, քաղաքներից քաղաքներ, շենքերից շենքեր:

Այստեղ էական նշանակություն ունի արագությունը: Օրինակ, Չիկագոյի ու Մանհեթենի միջև անցկացված կարևոր օպտիկամանրաթելային մալուխը մասնակիորեն վերստին անց է կացվել, քանի որ ինչ-որ աննշան մի շեղում գործարքները դանդաղեցնում էր վայրկյանի մի մասնիկի չափով: Երբ արագությունն ամեն ինչ է, մալուխի փոքրիկ ծռվածությունն ուղղելը, որը կնպաստի կեսվայրկյաններ խնայելուն, արժե այդ գինը:

Այս օրինակը թույլ է տալիս դիտել արտադրության մի ծայրահեղ տեսակի ներսում կատարվողը: Նմանօրինակ շատ քիչ իրավիճակներ կան, առնվազն մեր` Երկիր մոլորակի վրա, թերևս միջմոլորակային գործընթացներում նման իրավիճակներ շատ կլինեն:

Եվ ինչպե՞ս է դա ձև տալիս քաղաքներին կամ վերաձևում դրանք:

Արժե հետադարձ հայացք ձգել 1980–90-ականներին, երբ խոշոր արևմտյան քաղաքները` Լոնդոնը, Նյու Յորքը, Չիկագոն, Փարիզը, ինչ-որ չափով աղքատացած էին, երբ միջին դասակարգը լքում էր կենտրոնը դեպի արվարձաններ:

Լրատվամիջոցներում շատ հոդվածներ հայտնվեցին, թե քաղաքները աղքատացած էին, մարդիկ լքում էին դրանք անհավասարության, թմրանյութերի օգտագործման, հանցագործությունների ու այլ հանգամանքների պատճառով: Սակայն ճիշտ այդ ժամանակ ձևավորվում էր մի նոր տնտեսություն: Դրա շարժիչ ուժը ֆինանսականացումն էր, գլոբալացումը, ուստի կտրուկ մեծացավ աշխարհի բազմազան տնտեսությունների մասին մասնագիտացած գիտելիքի կարիքը :

Լոնդոնի Canary Wharf անվանվող կենտրոնական հատվածը, նկարի աղբյուրը՝ Flickr/ James Broad / CC BY-NC 2.0

Մինչ մասնավոր ընկերությունները փորձում էին մտնել գլոբալ շուկա և անհրաժեշտ էր աշխատել մի քանի երկրներում՝ դրանցից յուրաքանչյուրում իրեն հատուկ տնտեսական ձևով, նրանք բացահայտեցին, որ չեն կարող արտադրել դա անելու համար անհրաժեշտ ողջ գիտելիքը (իրավական խորհրդատվություն, ներդրումային տարբերակներ և այլն) ընկերության ներսում: Սա առաջ բերեց խիստ մասնագիտացած ընկերությունների մեծ աճ, որոնք կարող էին մատուցել գլոբալ ընկերությանն անհրաժեշտ տեղեկատվությունը: Ես սա անվանեցի «միջանկյալ տնտեսություն»:

Անդրազգային կորպորացիան, օրինակ, այսօր կարող է ունենալ աշխարհի տարբեր երկրների մասին խիստ կոնկրետ, սակայն մասնակի գիտելիքի տարբեր բաղադրիչներ գնելու կարիք, ասենք` 15 ժամվա տեղեկատվություն Մոնղոլիայում հաշվապահությունից, 20 ժամվա տեղեկատվություն Լոնդոնում իրավական խորհրդատվությունից և այլն:

Սա հանգեցրեց խոշոր քաղաքներում նոր տեսակի տնտեսության, որոնք ես անվանեցի գլոբալ քաղաքներ: Այս քաղաքների կարևորագույն բնութագրիչը դարձավ այն, որ իրենց մեջ էին տեղավորել այդ միջանկյալ հատվածին՝ բաղկացած հարյուրավոր խիստ մասնագիտացած ընկերություններից, որոնք ունեն գլոբալ գործունեություն վարելու համար գլոբալ ընկերություններին անհրաժեշտ ամբողջ գիտելիքն ու խորհրդատվությունը մատակարարելու կարողությունը: Սրա ազդեցություններից մեկը եղավ ավելի ու ավելի շատ տարածքների յուրացումը ոչ միայն էլեգանտ գրասենյակների համար, այլև ճոխ բնակարանների, ռեստորանների, խանութների, հյուրանոցների և այո՛ այդ բոլոր համակարգիչների համար, որոնք երբեք չեն դադարում աշխատել:

Ահա այս միջանկյալ հատվածն է, որ ընդարձակվեց խոշոր քաղաքներում ու ստեղծեց չափազանց բարձր եկամուտ ունեցող աշխատուժ և չափազանց թանկ բնակարանների, գրասենյակների, խանութների, հյուրանոցների արագ ընդարձակում: Սա իր հերթին հանգեցրեց նոր տեսակի միջին դասակարգի աճին, որն ուներ շատ փող, աշխարհի հետ էր կապված, շատ էր ճամփորդում:

Նման թանկարժեք աշխարհի կերտմանն ականատես ենք լինում ոչ միայն արևմտյան ոճ ունեցող շատ քաղաքներում, բայց նաև Չինաստանի խոշոր քաղաքներում, Տոկիոյում, Մումբայում, Բանգալորում, Նայրոբիում, Բուենոս Այրեսում և այլն: Այս խոշոր քաղաքների մնացած հատվածները գուցե աղքատ են ու դեգրադացված, սակայն թանկարժեք բիզնեսների, շքեղ բնակարանների, հյուրանոցների կորիզը ներկայիս քաղաքային վիճակի առանցքային բնորոշիչն է: Արժե հիշել ութսունականները` թվայնացման աճի շրջանը, երբ շատ փորձագետներ կանխատեսում էին, թե քաղաքներն ավելի ու ավելի քիչ նշանակություն կունենան: Դե իհարկե ո՛չ:

Ասեմ ավելին, խոշոր քաղաքների այս հարստացումը նաև տեղահանեց առավել ավանդական տնտեսական գործունեություն վարողներին` միջին դասակարգին (հաշվապահներ, ուսուցիչներ, բժիշկներ), որն այլևս չի կարող իրեն թույլ տալ ապրել խոշոր քաղաքների կենտրոնական մասերում: Այն տեղահան արեց բուժքույրերին, ուսուցիչներին, հրշեջներին, ոստիկաններին, ինչը նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն այժմ հավելյալ գումարներ պետք է վճարեն բազային ծառայություններ մատուցող նման աշխատողներ ունենալու համար:

Բացի սրանից, կա նաև հենց բարձր ֆինանսների աշխարհը, որը ձև է տալիս մեր քաղաքներին, քանի որ ոչ միայն ֆինանսականացնում է նյութական իրերը, այլև` շենքերը: Ալգորիթմների գործադրմամբ կարելի է շենքը, դրա մի հարկը, նույնիսկ զուգարանակոնքը վերածել ակտիվով ապահովված արժեթղթի (asset-backed security): Սա սովորական քաղաքային բնակչին անտեսանելի մի գործընթաց է: Նույնիսկ քաղաքի մի շարք շենքեր կարող են շահույթ ստանալ, եթե հանդես գան որպես ակտիվով ապահովված արժեթուղթ:

Դատարկ երկնաքերներ Դուբայում. Լուսանկարի աղբյուրը` Flickr/ Hafsteinn Robertsson / CC BY 2.0

Հիպոթեքային ճգնաժամի գագաթնակետին մենք ականատես եղանք հենց այս վիճակին, երբ կորը թեքվում էր դեպի բացասական առանցք: Ու թեև շատ ընտանիքներ սնանկացան, ինչպես և մի շարք ընկերություններ, որոնք շարունակեցին խաղի մեջ մնալ, ու դրա պատճառով ճգնաժամը հարվածեց նաև իրենց, այլ ընկերություններ նույնիսկ չդանդաղեցրին հարստության կորզումն ու շարունակեցին առաջ ընթանալ:

Եվրոպական ու ամերիկյան շատ ֆինանսական ընկերություններ հսկայական փողեր աշխատեցին ակտիվով ապահովված նման արժեթղթերից, իսկ Դաշնային պահուստային խորհրդի (ԱՄՆ կենտրոնական բանկի) օգնությամբ, որը քանակական մեղմման (թրգմ՝ quantitative easing, փողի զանգվածի ավելացում` փող տպելով) միջոցով հսկայական քանակությամբ փող ներարկեց ֆինանսական համակարգ, կանխվեց այդ ընկերությունների սնանկացումը, որոնք ոչ միայն գոյատևեցին, այլ ավելի ծաղկեցին:

Կարդա ավելին` Հռոմ` ֆինանսական ուժն ընդդեմ զորակցության քաղաքի

Քաղաքները նույնպես կրել են սրա ազդեցությունը: Իտալիայում ամբողջ քաղաքներ են սնանկացել ճիշտ նույն ժամանակ 2018*թ.-ի կեսերին: Պարզվում է ի՞նչ. նրանց բոլորին վաճառվել է նույն ածանցյալ գործիքը (թրգմ.՝ derivative, բարդ պայմանագրով ածանցյալ), ոչ թե վարկ: Ինչն է զարմանալի, որ այդքան երկար ժամանակ է տևել մինչև մարդիկ արթնացել են ու տեսել, որ իրենց քաղաքը ֆինանսականացված է ու ներքաշված չմարվող վարկերի մեջ: Նման մի դեպքի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 20 տարի առաջ. Կալիֆորնիայի Օրանժ քաղաքն էր, որից, սակայն, մենք ոչ մի դաս չքաղեցինք:
*Թրգմ. Հավանաբար բնօրինակում վրիպակ է, պետք է լինի 2008թ.:

Որտե՞ղ են ֆինանսական հատվածի իշխանության հնարավոր ճեղքերը կամ թույլ կետերը:

Ֆինանսները հանքի նման են, դրանք կորզում են ու ի վերջո այլևս կորզելու ոչինչ չի մնում: Դրա համար եմ ասում, որ այն կորի տեսք ունի: Կան սահմաններ, որոնց շեմին ավարտվում է ֆինանսական հատվածի կողմից կորզման գործընթացը: Բայց մինչև պետական մարմինները կգիտակցեն, թե ինչ գնով է կորզումը տեղի ունեցել, ֆինանսական հատվածն արդեն կորզած կլինի այնքան շատ, որ թույլ կտա իրեն առաջ անցնել:

Ներկա պահին կախված է այն հարցը, թե ո՞րը կլինի կորզման հաջորդ խոշոր ոլորտը: Ֆինանսականացնելու է՞լ ինչ է մնացել: Ակտիվով ապահովված արժեթղթերը դեռևս շարունակում են պոպուլյար մնալ, ինչպես և բնակարանային բիզնեսի սպեկուլյացիաները: Չինաստանը ֆինանսականացնելու մի հսկայական տարածք է, սակայն պարզ չէ, թե վերջում ինչ կստացվի: Ավելին, համակարգը կարծես ինչ-որ ստազի (կանգի) մեջ է, ներսում կա զգացողություն, որ ամեն ինչ չէ, որ լավ է ընթանում: Ես ինքս էլ պատրաստ չեմ մատնանշել, թե հաջորդիվ ինչ տեղի կունենա:

Ինչ վերաբերում է քաղաքներին, այնտեղ նույնպես կան ճեղքեր ու բացվածքներ: Քաղաքը բաց և միևնույն ժամանակ բարդ համակարգ է` արտակարգ տնտեսական, սոցիալական, կրոնական ու մշակութային խառնուրդով: Այն մի տեսակ առաջնագծային համակարգ է, որտեղ տարբեր աշխարհների դերակատարները կարող են հանդիպել, այդ հանդիպման համար չկան շփման ֆիքսված կանոններ: Խոշոր շատ քաղաքներում համեստ կարողություններով միջին դասակարգերն ավելի ու ավելի են շպրտվում դեպի ծայրամասեր: Բայց միևնույն ժամանակ մարդիկ միշտ էլ օգտագործել են քաղաքները համախմբվելու և հակազդող ուժեր ձևավորելու նպատակով: Նայեք, օրինակ, «դեղին բաճկոնավորների» պայքարը Ֆրանսիայով մեկ: Կարծում եմ հիմա անկայունության շրջան է, և սա մի ժամանակ է, երբ անկայունությունը ողջունելի է քիչ առաջ իմ նկարագրած ծայրահեղ ուժերի առկայության պատճառով:

Ինչպե՞ս կարող են քաղաքացիները վերականգնել ֆինանսների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը:

Ֆինանսական հատվածի կուտակած իշխանության հարցը ռազմավարական կերպով լուծելու համար անհրաժեշտ է հիշել, որ այն ունի նյութական բաղադրիչ, այն ամբողջությամբ վերացական չէ: Օրինակ, գիտենք, որ կան բանկերի կամ կորպորացիաների տիրապետմանն անցած դատարկ շենքեր մի ժամանակաշրջանում, երբ կա բնակարանային լուրջ ճգնաժամ և բնակվարձի անտրամաբանական բարձր մակարդակ: Այսպիսով, մեր քաղաքների կառուցապատված միջավայրը հարթակ է ստեղծում, որպեսզի պահանջներ ձևակերպենք, որպեսզի բողոքենք, սա բարձրաձայնելու առիթ է:

Զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչներն անտեսել են ֆինանսական ոլորտի խորքային փոխակերպումները, էլ չասած` Միացյալ Նահանգներում սկանդալային գործողությունները, երբ փողի զանգվածի ավելացմամբ (քանակական մեղմում, quantitative easing) բանկերում տեղի ունեցավ փողի ներհոսք, իսկ 14.5 միլիոն ընտանիք կորցրեց իր տունը: ԱՄՆ կոնգրեսն էլ այս խնդրից լրիվ անտեղյակ էր։ Հրավիրում էին այդ նույն ֆինանսիտներին, որ բացատրեն, թե նրանք ինչ են անում, նրանք էլ իհարկե բացատրում են այնպես, որ քաղաքական գործիչները ոչինչ չհասկանան, բայց դե վերջիններս էլ ձևացնում են, թե հասկանում են, որ հիմարի տպավորություն չթողնեն, ու վերջնական արդյունքում ընդունում են ֆինանսիստների ասածները:

Մեր տնտեսություններն այնքան են բարդացել, որ որպես քաղաքացիներ պետք է հավաստիանանք, որ մեր քաղաքական գործիչներն իրե՛նք են զանազան հարցերի փորձագետները` սկսած բնապահպանությունից, մինչև ֆինանսներ, և որոնց լուծմամբ կարող են զբաղվել: Քաղաքական յուրաքանչյուր մակարդակում` մունիցիպալ, նահանգային, պետական, թե միջազգային, մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կստանձնեն մեր ժողովրդավարական համակարգում բարդ խնդիրներն ըմբռնելու և ըմբռնել սովորելու հանձնառություն, ներառյալ` բնապահպանական ու ֆինանսական ոլորտների խնդիրները: Մեզ պետք են փորձագետներ, ովքեր կկարողանան ոտք ձգել արտառոց նորարարությունների արագության հետ ոչ միայն ֆինանսական , այլև` կենսաբանական ոլորտում, ովքեր կկարողանան խորհուրդներ տալ և ովքեր չեն վճարվի այդ ոլորտներից շահույթ կորզող ընկերությունների կողմից` մի բան, որ այդքան տարածված է ԱՄՆ-ում:

Մենք կարող ենք դասեր քաղել հոլանդացիներից, ովքեր տեսան կենսաթոշակային հիմնադրամների չարաշահումների խնդիրները, արեցին իրենց տնային աշխատանքը և կարողացան վերականգնել իրենց կորուստների կեսը:

Մի բան է պարզ. ութսունականներին ներդրված գլոբալացման, ապակարգավորման ու ֆինանսականացման մոդելը չի աշխատում, դրա միտումների հետևանքները ջրի երես են դուրս եկել ինչպես գլոբալ Հարավում, այնպես էլ` Հյուսիսում: Սա պարզ կարելի է տեսնել Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի օրինակով: Մինչ օրս քաղաքի երեխաները շարունակում են թունավորվել ծանր մետաղներով աղտոտված խմելու ջրից, թեև ջրի աղտոտվածության մասին արդեն տարիներ է` հայտնի է:*

Մենք` քաղաքացիներս անելու շատ բան ունենք: Չափից շատ բան ենք պատվիրակել, ենթադրել ենք, որ փորձագետները կարող են դա անել ու վերջնական արդյունքում հայտնվել ենք չարաշահող հարաբերություններում: Մենք պետք է զարգացնենք մեր սեփական փորձագիտական կարողությունները:

Թարգմանեց Աննա Շահնազարյանը

*Թրգմ. ծնթգր.` Ֆլինտ քաղաքը 2013 թ. մասնավորեցրեց ջրի մատակարարման համակարգը ֆրանսիական անդրազգային Վեոլիա ընկերությանը, ինչպես Հայաստանում: Քաղաքն իր խմելու ջուրը ստանում էր մղոններ հեռու գտնվող Հյուրոն լճից: Քաղաքային և նահանգային իշխանությունները ջրամատակարարման մասնավորեցմանը գնացին քաղաքային բյուջեի դեֆիցիտի և պարտքերի պատճառով: Մասնավորեցման պահին արդեն կար համաձայնություն Վեոլիայի հետ, որ 2014թ. կկրճատվեն ջրի մատակարարման ծախսերը և կմեծացվի շահույթը` փոխելով ջրի աղբյուրը, և հեռվից բերվող ջրի փոխարեն կվերցվի Դեթրոյթ գետի ջուրը և կմատակարարվի բնակչությանը: Առանց համապատասան փորձակումներ կատարելու և ստուգելու ջրամատակարարման ենթակառուցվածքներով սկսում է հոսել քիմիական այլ բաղադրություն ունեցող գետի ջուրը, որն արագացնում է ջրամատակարարման խողովակների կոռոզիայի գործընթացը: Կապարային պարունակությամբ խողովակների կոռոզիան գրեթե անմիջապես հանգեցնում է ծանր մետաղների արտազատմանը խմելու ջրի մեջ: Ջրի որակի վերահսկողության համար պատասխանատու ո՛չ ընկերությունը և ո՛չ էլ պետական մարմինները խնդրի մասին չեն բարձրաձայնում: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մանկական բժիշկները սկսում են ահազանգել, որ անհասկանալիորեն մեծացել է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների թիվը, ում արյան մեջ կապարի պարունակությունը թույլատրելիից շատ բարձր է: 2016թ. Միչիգանի նահանգը հայտարարում է արտակարգ դրություն և տալիս շշալցված ջուր գործածելու ցուցում խմելու և կենցաղային բոլոր նպատակներով: Բնակիչները մինչ օրս ջուրը խանութից են գնում: Խնդրի լուծումը ենթադրում է ջրամատակարարման ողջ համակարգի փոխարինում նոր խողովակներով: Ֆլինտի ճգնաժամի արդյունքում ծախսվել են միլիոնավոր դոլարներ ենթակառուցվածքներ փոխելու, ջրի վարձը փոխհատուցելու, բժշկական և դատական ծախսերի համար: Ընթանում են բազմաթիվ դատական գործեր ինչպես ընդդեմ նահանգային իշխանությունների, այնպես էլ դաշնային կառավարության կողմից` ընդդեմ Վեոլիա ընկերության: Պատմության մասին ավելին` այստեղhttps://theintercept.com/2018/05/20/pittsburgh-flint-veolia-privatization-public-water-systems-lead/:

Աղբյուր՝ https://medium.com 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ