«Պետք է սնանկացնենք բանկային համակարգը», «համատեղ ուժերով սնանկացնում ենք սուպերմարկետները». այս և նման կոչերն ու դրանց իրագործման ուղեցույցները, դյուրահավատ մարդկանց պնդումները, թե «հեղափոխությունից հետո բոլորիս վարկերը չեղարկվելու են», «հեղափոխությունից հետո բարձրագույն կրթությունն անվճար է դառնալու», մարդկանց ոգևորությունը, թե «ինչ ուզեմ, կանեմ» և դրա դրսևորումը ճանապարհային երթևեկության անարխիայի դրսևորմամբ, պայքարի ելած ընդդիմության «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքը ստիպում են սարսափել ապագայի մասին մտածելիս։ Երկրում մերժելի ռեժիմի օրոք ստեղծվածը քանդելու կոչերը և սահմանային լարվածությունը կամա թե ակամա ասոցիացիաներ են առաջացնում 90-ականների հետ։ Բացակայում է ընդամենը ատոմակայանի փակման պահանջը, որպեսզի վերստեղծվեն 90-ականների մութ ու ցուրտ և անարխիայի տարիները։ Միթե՞ դրան ենք ձգտում։ Չեմ հավատում, որ ցույցի որևէ մասնակից ցանկանում է, որ Հայաստանը շուրջ 30 տարով հետ շպրտվի, որ նորից վերապրենք այն, ինչն այդ ամենը տեսածներս սարսափով ենք հիշում։ Բայց արի ու տես, որ մարդիկ, գիտակցված կամ չգիտակցված, դրան նպաստող քայլեր են անում։ Երբ ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ երկրի՝ առանց այդ էլ հազիվ շնչող տնտեսությունը քանդելու կոչ են անում, ակամա հարց է առաջանում՝ մի՞թե քանդելուց հետո այս երկրում չես ապրելու։ Այս օրերին հրապարակում հնչող կարծիքից տարբերվող ցանկացած կարծիք արտահայտողը պիտակավորվում է «ՀՀԿ-ական ես» կամ «ծպտյալ ՀՀԿ-ական ես» արտահայտությամբ։ Գիտեմ, որ տողերիս հեղինակն էլ չի խուսափի պիտակավորումից ու քննադատությունից։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»։ Նշեմ, որ երբևէ ՀՀԿ-ական չեմ եղել ու չեմ լինի, ընտրելու իրավունք ունենալուց ի վեր որևէ անգամ որևէ ընտրությունում չեմ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, բոլորի պես դեմ եմ եղել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ պաշտոնավարելու գաղափարին և ուրախացել եմ, երբ նա հրաժարական է տվել։ Մտքում ունենալով հայտնի աքսիոմը («Հեղափոխությունը ծրագրում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղներից օգտվում են սրիկաները»)՝ հեղափոխություններին երբևէ կողմ չեմ եղել և կողմ չեմ։ Բայց պաշտպանել եմ մարդկանց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու և բողոքի ցույցեր անելու իրավունքը։ Հավատացել և հավատում եմ, որ երկրում ինչ-որ բան դեպի լավը հնարավոր է փոխել միայն արդար ընտրությունների միջոցով։ Իսկ նախորդ տարվա ընտրությունները վկայում են, որ դրա համար ընդամենը քաղաքացիական գիտակցություն և չկաշառվելու կամք է հարկավոր։ Դեռ նախորդ տարի կարող էինք խաղաղ իշխանափոխություն անել, եթե ընտրակաշառքի համար հերթ կանգնողների շարաններ չլինեին։ Ի՞նչն է փոխվել մարդկանց մտածողության մեջ այս մեկ տարվա ընթացքում։ Մի՞թե նախորդ անգամ իր քվեն վաճառած անձն այս անգամ կվարանի նման քայլի դիմել։ Չեմ կարծում։ Հետևաբար ինչո՞վ են տարբերվելու ապագայում ընտրակաշառքով իշխանության եկած կուսակցությունները ՀՀԿ-ից։ Ընդամենը անվանումով և գործող անձանցով։ Իր քվեն վաճառած քաղաքացին չի կարող պահանջատեր լինել՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Կասեք, որ շարժման արդյունքում մարդիկ պահանջատեր են դարձել, որ իրավիճակ է փոխվել։ Կհամաձայնեմ մասամբ։ Այո, երիտասարդներն ունեն նոր մտածողություն։ Այսօրվա պայքարող երիտասարդը վաղն ընտրակաշառք դժվար թե վերցնի։ Բայց հիշեք, որ ինչ-որ պահից միայն լուսավոր երիտասարդները չէ, որ շարժման մասն են, հիշեք, որ Հայաստանը ծերացող երկիր է, հետևաբար այլ մտածողության տեր մարդիկ ավելին են, քան այսօրվա պայքարող երիտասարդները։ Չկարծեք, թե միայն պայքարող երիտասարդներն են, որ մտածում են երկրի ապագայի մասին։ Նման համաժողովրդական շարժումներ 88-ից ի վեր մեկ անգամ չէ, որ եղել են։ Սակայն ամեն անգամ այդ շարժումներն արյան մեջ են խեղդվել, լավագույն դեպքում՝ համատարած տևական բանտարկություններով ու խոշտանգումներով։ Բարեբախտաբար այս անգամ դեռևս նման զարգացում չունենք, ինչն էլ դարձավ այս շարժման հաջողության գրավականներից մեկը։ Իսկ նախորդ համաժողովրդական շարժումների մասնակիցները, իրենց փորձից ելնելով, նախընտրում են աստիճանական փոփոխությունները։ Կտրուկ փոփոխությունները, անգամ եթե դեպի լավն են միտված, ցնցում են առաջացնում։ Խիստ կասկածում եմ, որ եռացող կաթսա հիշեցնող տարածաշրջանում գտնվող երկիրը, որ ունի սահմանին մինչև ատամները զինված և իր թուլության վայրկյանին սպասող թշնամի, կիսամեռ տնտեսություն, արտագաղթ, դեմոգրաֆիական խնդիր, կարիք ունի կտրուկ ցնցումների, որոնք խորացնելու են վերը նշված խնդիրները։ Ի վերջո, հիշենք, սրտի կանգից հետո արհեստական շնչառությամբ միշտ չէ, որ հնարավոր է լինում հետ բերել մարդուն։ Նույնը և երկրի դեպքում։ Բոլորիս հույսը կտրուկ ցնցումից հետո վերածնվող նոր Հայաստանն է։ Բայց հիշենք, որ նոր Հայաստան կարող է և չլինել, եթե ցնցումը շատ կտրուկ լինի։Կարող է և չլինել մեկ այլ պատճառով, եթե համակարգը նույնությամբ մնա, փոխվեն ընդամենը իշխանական կերակրատաշտից օգտվող մարդիկ։ Թող ներեն ինձ ազնիվ պայքարողները, բայց վերջին օրերի զարգացումները, քաղաքական դիակների վերակենդանացումը, հնչող ելույթների տոնայնությունն արդեն իսկ կասկածի տեղիք են տալիս, որ արդյունքում երկիրը խեղդող մի վիշապին փոխարինելու ենք մեկ այլ վիշապով։ Պահն է, որ երկրի շահը վեր համարվի ցանկացած անձնական հավակնությունից։ Սա վերաբերում է բոլորին՝ թե՛ իշխանական դաշտում, թե՛ ընդդմիության դաշտում գործող ղեկավարներին ու շարքայիններին։ Պետք է սթափվել ու բանակցությունների նստել։ Անզիջում առճակատումն այս դեպքում որևէ կողմի օգուտ չի տա։ Կորցնելիս բոլորս ենք կորցնելու՝ անկախ մեր հայացքներից, պաշտոնից ու դիրքորոշումից։
Աղբյուրը` Ankakh.com լրատվական