ԽՍՀՄ հանցավոր և դավադիր փլուզումը մեծ վնասներ տվեց մեր ժողովրդին:
Ժողովրդական տնտեսության ճյուղերը, որ թել առ թել կապված էր միմյանց հետ, հայտնվեցին կաթվածահար վիճակում:
Գյուղատնտսությունը ևս հայտնվեց անմխիթար վիճակում: Սեփականաշնորհման անվան տակ լուծարվեցին և վերացվեցին խորհտնտեսությունը, կոլտնտեսությունները: Թալանվեցին ու բաժանվեցին գյուղ տեխնիկայի, գյուղքիմիայի, սերմնաբուծական, անասնաբուծական կայանների տեխնիկական գույքը, շենքերը:
Հազարավոր հեկտարներով հողատարածություննր մնացին անմշակ: Ավելի վատ էր վիճակը անասնաբուծության մեջ: Ոչինչ չարած՝ մարդիկ սեփականացրին պետական անասնաքանակը և արտադրությամբ զբաղվելու փոխարեն մաս-մաս հարկադիր մորթի ենթարկեցին ֆերմաների, տոհմաբուծարանների անասուններին:
Լուծարվեցին մեքենա-տրակտորային կայանները: Բանը հասել էր այնտեղ, որ բաժանվում էին գյուղ մեխանիզմների առանձին մասերը, տրանսպորտային միջոցները, ագրեգատները:
Այս ամենի միջով անցնող ժողովուրդը մի կերպ գտավ իրեն և 2000 թվականից ի վեր, սկսեց ինչ որ չափով վերականգնել կորցրածը: Բազում դժվարությունների միջով անցնելով ստեղծեց նոր այգիներ, բարերարների միջոցով ձեռք բերվեց գյուղ տեխնիկա, որոշակիորեն նորացվեցին ոռոգման ցանցերը և ջրատաները: Բայց պրոբլեմները անպակաս էին: Եվ որքան էլ զավեշտալի է, դժվարությունների զգալի մասը հարուցվում էր տեղական և հանրապետական իշխանությունների կողմից: Վերջին տարիներին Արագածոտնի մարզում աճեցվում է զգալի քանակությամբ բերք՝ կեռաս, ծիրան, խնձոր, դեղձ և այլն: Բերքի զգալի մասը օգտագործվում է տեղական շուկայում վաճառելու համար: Որոշ մասը վերամշակման է ուղարկվում: Շուրջ կեսը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: ԵԱՏՄ երկրներում պտուղների վաճառքի շուկան ուսումնասիրելիս՝ հանգում ենք հետաքրքիր երևույթի: Մասնավորապես Ռուսաստանի շատ քաղաքներում ծիրանը վաճառվում է վերածված ՀՀ արժույթի 1300-1500 դրամով, դեղձը՝ 1200-1300, կեռասը՝ 1800-2000, խնձորը՝ 1000-1200 դրամով:
Տեղափոխող կազմակերպությունները ՀՀ-ում գին են սահմանում ծիրանի համար՝ 300-400, կեռասի համար՝ 700-800, խնձորի համար՝ 200-300, դեղձի համար՝ 200-300 դրամ: Դուրս է գալիս՝ արտադրողը իր ապրանքը վաճառում է ինքնարժեքին մոտ գնով, իսկ տեղափոխող կազմակերպությունը, հանած տրանսպորտային ծախսերը՝ ապահովում է մեկ կգ համար գրեթե 600-700 դրամ մաքուր շահույթ: Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ արտադրողները իրենք են ցանկանում արտահանել իրենց ապրանքը, առաջանում են բազում արհեսական դժվարություններ և խոչընդոտներ: Ակամաից, հարց է առաջանում որտե՞ղ է պետության և կառավարության հովանավորությունը մանր և միջին բիզնեսի նկատմամբ:
Կարևոր նշանակություն ունի ոռոգման ջրի հարցը: Սակագինը շատ բարձր է և բերքի ինքնարժեքի մեջ այն մեծ տոկոս է կազմում: Շատ է ջրի կորուստը, որը անդրադառնում է եկամուտների վրա: Անորակ է ոռոգման ցանցի զգալի մասը: Չեն վերանորոգվում շատ ջրատարներ: Համայնքներով հոսող ոռոգման ջրի վրա չկա հսկողություն և այն աղտոտվում է կենցաղային իրերով: Թանկ ոռոգման ջուրը հաճախ ընդհատվում է ամենաշատ պահանջ ունեցող ամսվա՝ սեպտեմբերին և օգտագործվում է այլ նպատակներով: Եվ սա այն դեպքում, երբ հանրապետության գրեթե բոլոր գետերը նոյեմբերից մինչև մարտ աննպատակ հոսում են և հիմնականում թափվում Կասպից ծովը (Արաքսի և Քուրի միջոցով):
Բազմաթիվ ահազանգերից, դիմում-պահանջներից հետո էլ այս հարցին ուշադրություն չի դարձվում: Չեն կառուցվում ամբարտակներ, ջրամբարներ, ջուրը կուտակելու և ոռոգման շրջանում՝ էժան գներով ժողովրդին վաճառելու համար: Վատ է վիճակը գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածության ուղղությամբ: Հաճախ անորակ և ժամկետանց են լինում նաև ձեռք բերված անօրգանական պարարտանյութերը:
ՀՀ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս հարցերի վրա: Լուծումներ գտնի, որից կշահի և ինքը և գյուղ մթերք արտադրողը:
Հեղինակ՝ Գուրգեն Հովհաննիսյան
Արագածոտնի մարզ