Ձախակողմյանների մոտ տարածված կարծիք կա, որ աշխարհը մտել է նոր իմպերիալիզմի փուլ: Մատերիալիզմի տեսանկյունից զարմանալի չէ, որ իմպերիալիզմը զարգանում և նոր որակներ է ստանում: Իմպերիալիզմն էլ բոլոր հասարակարգերի նման բնորոշվում է անընդհատ փոփոխությունների գործընթացով, որոնք երբեմն հեռանում են քիչ թե շատ սահմանված շրջանակներից:
1890-ականներին, երբ Անգլիայում բուռն վեճեր էին ծավալվում իմպերիալիզմի մասին, պատմական իրականությունից ելնելով խոսում էին «նոր իմպերիալիզմի» մասին, որպեսզի այն առանձնացնեն նախկին Բրիտանիայի գաղութատիրական կայսրությունից: Այդ ջանքերն ուղղված էին 1875- 1914 թթ․ իմպերիալիզմի ուսումնասիրությանը, որ արտացոլվել են Լենինի, Բուխարինի և Ռոզա Լյուքսեմբուրգի աշխատություններում:
Կապիտալիզմի ներկայիս փուլում պարզ է, որ արդեն իմպերիալիզմի դասական տեսությունները գործնական արժեք չեն ներկայացնում, սակայն որոշ աշխատություններում իմպերիալիզմի ձևաբանական կողմերը երևում են ներկայիս զարգացման ձևերի ու գաղտնիքների մեջ: Աթիլիո Բորոնը «Իմպերիալիզմ և կայսրություն» գրքում գրում է․ «Իմպերիալիզմի չափանիշները, որոնք մեկնաբանվել են դասական աշխատություններում, նույնպես հիմնական են, չնայած ֆենոմենոլոգիական տեսակետից իմպերիալիզմը փոխվել է: Մարքսիզմի տեսակետների համաձայն, գոյություն ունեցող մարտահրավերները համաշխարհային իմպերիալիստական համակարգից պահանջում են, որ աշխարհի ներկա տնտեսության պատմական ձևերն ընկալի իր բոլոր կողմերով»:
Այն, ինչ 21-րդ դարում կոչվում է նոր լիբերալական համաշխարհայնացում, իրականում աշխարհի մոնոպոլիստական-ֆինանսական կապիտալիզմի վերափոխման արդյունքն է: Այս երևույթը Սեմիրա Ամինն անվանում է «Ընդհանրացված մոնոպոլիստական կապիտալիզմ»:
Այսպիսով, 21-րդ դարում իմպերիալիզմը հասել է մի նոր՝ ֆինանսական ու արտադրության համաշխարհայնացման առավել զարգացած փուլի: Եվ դա կատարվել է այնպիսի ժամանակաշրջանում, որն ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության մասնագետներն անվանում են «նոր 30-ամյա պատերազմ», որով Վաշինգտոնը որոշել է իր ռազմավարական հսկողության տակ պահել Մերձավոր Արևելքն ու կից տարածաշրջանները: Սա մի նոր՝ մերկ իմպերիալիզմ է:
Բնական է, որ դասականների տեսություններում տարբերություններ կան: Ռոզա Լյուքսեմբուրգի «Կապիտալի կուտակում», կամ Լենինի «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն փուլ», կամ Բուխարինի «Աշխարհի տնտեսությունը և իմպերիալիզմը» աշխատություններից յուրաքանչյուրում տնտեսական ճգնաժամի յուրովի վերլուծություններ են արվում: Ռոզա Լյուքսեմբուրգի վերլուծությունում հատուկ տեղ է գրավում հավելյալ արժեքի իրականացումը և դրա կապը ոչ կապիտալիստական տարածաշրջանների միաձուլման հետ։
Լենինը և Բուխարինը շեշտը դրել են մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման վրա, որի մասին Ռոզա Լյուքսեմբուրգը չի խոսում: Բուխարինի տեսությունը հիմնված է «աշխատանքի միջազգային բաժանման և կապիտալի միջազգայնացման վրա»: Այս մասին խոսում է մի մարդ, ով հետագայում անդրադառնալով Մարքսի տեսությանը, հայտարարեց, որ կապիտալիստա-մոնոպոլիստական գործակալների հավելյալ օգուտը ձեռք է բերվում ծայրամասային երկրների ժողովուրդների աշխատուժի շահագործումից:
Գաղութներում ձեռքբերված հավելյալ շահույթը դառնում է ժամանակակից կապիտալիզմի հովանավորը...
Դրսից ներմուծված կապիտալիզմը, որը պարտադրվել է արևելյան ժողովուրդներին, պատճառ է դարձել, որ նրանք չեն կարողանում Եվրոպայի կամ Ամերիկայի ժողովուրդների նման տնտեսական և հասարակական-քաղաքական զարգացում ապրել: Գաղութներում արդյունաբերության զարգացման կանխումը պատճառ է դառնում, որ պրոլետարիատը սեփական շահերի համար պայքարի չի ելնում: Այդ երկրներում ժողովրդական արհեստներն աստիճանաբար ոչնչացնում են, որպեսզի ասպարեզը բաց լինի իմպերիալիստական երկրների կենտրոնացած արդյունաբերության համար և բնիկ ժողովուրդը ստիպված զբաղվի գյուղատնտեսական աշխատանքներով, սննդամթերք ու հումք արտադրի արտասահմանյան երկրներ արտահանելու համար: Դրսի իշխանություններն արգելք են դառնում հասարակական ուժերի ազատ զարգացման համար և արդյունքում առաջին քայլը լինում է հեղափոխությունը: Այս տեսակետը 1926 թվականին Չինաստանում Մաո Ցզեդունի միջոցով, ապա 1928 թվականին 6-րդ Կոմինտերնում զարգացավ և տարածում գտավ:
20-րդ դարի վերջում իմպերիալիզմի տեսությունը, որ անվանվում էր նաև կախվածության տեսություն, բխում էր հասարակական հեղափոխության անհրաժեշտությունից: Եվ ինչպես Չեգևարան էր ասում, իմպերիալիստական «արժեքի օրենք»-ից կտրվելը, որը պարտադրում էր մոնոպոլիստական կապիտալիզմը, հիմնվում էր «անհավասար փոխանակման» վրա:
Չնայած կախվածության տեսությունը ներկայացվում էր պարզորեն, նվազ վտանգներով, սակայն կախվածության պատմական իրականությունը ծայրամասային երկրներում անժխտելի էր: Իմպերիալիստական երկրների միջամտությունների հետևանքով դարեր շարունակ երրորդ երկրների տնտեսական վիճակն անկանոն է դարձել և տնտեսական ինքնուրույն զարգացման ուղու վրա լուրջ արգելքներ են դրված:
Հետագայում ի հայտ եկան բազմազգային հսկա իմպերիալիստական գործակալություններ, որոնք կենտրոնանում էին մոնոպոլիստական կապիտալիզմի վրա: Այս երևույթը լավ ուսումնասիրվել է 1966 թվականին՝ վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ այդ ուսումնասիրությունների, 1950-1963 թթ․ Ամերիկայի գործակալությունների կապիտալի արտահանումը 12 միլիարդ դոլարով ավելի քիչ էր ներմուծվող գումարներից: Այս երևույթը լավ պարզաբանվում է նաև Հերի Մագդաֆի 1969 թ․ հրատարակած հայտնի «Իմպերիալիզմի ժամանակահատված» գրքում, որտեղ ցույց է տրված, որ Ամերիկայի ձեռքբերած շահույթը ծայրամասային երկրներում երեք անգամ ավելի է այդ երկրներում նրա ներդրած կապիտալից:
Թվարկված հեղինակներն իրենց աշխատություններում հստակ բացատրում են Ամերիկայի հեգեմոնիայի մասին՝ որպես կասրության ու ռազմական ուժի: Պարզվում է, Ամերիկան 31 երկրում 275 ռազմական հիմնական բազա ունի, որոնց ընդհանուր քանակը 1400 ռազմաբազա է, որտեղ ծառայում է մոտ մեկ միլիոն ամերիկացի զինվոր: Այդ ռազմաբազաները հիմնականում երկու նպատակով են ստեղծվել․ առաջին՝ Ամերիկայի գերիշխանության հեռանկարային ապահովման, երկրորդ՝ անկայունացնելու այն երկրները, որոնք կախվածություն ունեին Խորհրդային Միությունից և Չինաստանից: Բացի այս ամենից, այդ ռազմաբազաները հենարան էին բազմաթիվ երկրների ներքաղաքական կյանքին բացահայտորեն և գաղտնիորեն միջամտելու համար:
Մայքել Հարթը և Անտոնիո Նեգրին «Կայսրություն» գրքում ներկայացնում են իրենց հետմոդեռն թեզիսը, որը նշանակում է՝ իմպերիալիզմը վերածվում է անդեմ մի կատեգորիայի, ինչը կոչվում է կայսրություն: Ըստ նրանց, Ամերիկան կամ որևէ այլ պետություն չի կարող իմպերիալիստական ծրագրի կենտրոն լինել: Այլևս ոչ մի ազգ կամ ժողովուրդ չի կարող աշխարհի ղեկավարը լինել, ինչպես ժամանակին եվրոպական ժողովուրդներն աշխարհն էին ղեկավարում: Այդ հեղինակների կարծիքով, իմպերիալիզմն ավարտվել է․ եթե իմպերիալիզմը չավարտվեր կապիտալի մահը վրա կհասներ: Աշխարհի շուկայի ամբողջովին իրացումը նշանակում է իմպերիալիզմի վերջ:
Նախկինում Ստեֆան Հիմերը, իսկ վերջերս Էռնեստո Էսկրե Պատինիին ուսումնասիրել են արտադրության միջազգայնացումը գերազգային մեծ ընկերությունների վերահսկողության ներքո, որը արդյունք է հատուկ մոդելի: Այդ մոդելը «ոչ կենտրոնացած արտադրությունն է, կենտրոնացած հսկողության ներքո»: Այսօր նման համակարգի փլուզման վախն ամենուր է: Ամերիկայի հեգեմոնիան ռազմական, տնտեսական ասպարեզներում, որը կարող է անհասկանալի վնասներ պատճառել, նրա հսկողության և ղեկավարման ուժը աշխարհաքաղաքական իրավիճակներում նվազում են:
Հասն աշխարհի ներկայիս վիճակն անվանում է «ճեղքման» իրավիճակ: Դրա վկայությունն է Ամերիկայի պարտությունը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, Դաեշի ստեղծումը Իրաքում և Սիրիայում, Չինաստանի ու Ամերիկայի միջև լարվածության զարգացումը՝ Չինաստանի հարավային ափերի հետ կապված, Ռուսաստանի՝ որպես գերտերության ի հայտ գալը և իշխանությունների սխալ դիրքորոշումները Բրազիլիայում, Կուբայում, Չիլիում և Վենեսուելայում, ինչպես նաև Ամերիկայի անհաջող փորձերը տարբեր երկրներում ռեժիմներ փոխելու գործում:
Այստեղ հարցն այն չէ, որ աշխարհը ճեղքվում է, այլ այն, թե ինչ արագությամբ և մինչև ուր է հասնելու այդ ճեղքումը: Այդ զարգացումը քաղաքագետներն անվանում են իմպերիալիզմի ամենավտանգավոր փուլ:
Թվում է, մեծ ուժերի միջև պատերազմի վտանգը ներկայիս խնդիրը չէ, սակայն անմիջական ու ամենամեծ վտանգն այսօր անկայունությունն է, որն առաջացել է մարդու ամենածանր շահագործումից և իմպերիալիզմի ծավալումից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Դրանց զուգահեռ անօդաչու օդանավներով պատերազմները, որոնց իրականացման համար ծախսվում է 200 միլիարդ դոլար, ավելին՝ ԱՄՆ-ը նպատակադրել է ժամանակակից դարձնել իր ատոմային զենքը: Այս պայմաններում միանգամայն հավանական է բախումների առաջացումը: Չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները, որ կարող են ապակայունացնել մեր աշխարհը և ճեղքել քաղաքակրթությունը:
Այս պայմաններում ձախ ուժերի պարտականությունն ընդդիմանալն է, ինչպես Լենինն էր ասում՝ ձախերը պետք է ընդդիմանան բոլոր բնագավառներում․ «հակասություններ, մոտեցումներ, դժվարություններ ու քաոսներ պետք է հաղթահարեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, ազգային և այլ բնագավառներում»: Այսինքն՝ պետք է ներքևից համաշխարհային շարժում ստեղծվի՝ իմպերիալիզմի ոչնչացման համար: Պետք է մեր ժամանակներում վերանա կապիտալիստական հասարակարգը և դրան փոխարինի հավասարությունը, խաղաղությունն ու կայունությունն ապահովող մի համակարգ, որտեղ արտադրողները մշտապես կղեկավարեն:
Ամերիկյան Monthly Review ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթեր
Թարգմանեց Վարդան Ղազարյանը
Ամերիկյան Monthly Review ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթեր
Թարգմանեց Վարդան Ղազարյանը