Հայաստանի պետական գույքի կոմիտեն նախապատրաստում է «Հայփոստ» ՓԲԸ ազգային փոստային օպերատորի սեփականաշնորհման գործընթացը։ Սակայն դեռևս որոշված չէ, թե ինչպես պետք է իրականացվի սեփականաշնորհումը։ Այն սեփականաշնորհվելու է անմիջական վաճառքի ձևով, մրցույթի թե աճուրդի միջոցով, պետք է որոշի կառավարությունը։
Կառավարությունը նաև պետք է ընտրի փոստի ակտիվների գնահատման ընկերությանը, հայտնել է ՀՀ կառավարությանը կից պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը։
Ներկայում հանրապետության փոստային ցանցում ընդգրկված է 885 փոստային բաժանմունք, որոնք ծառայում են ավելի քան 750 հազ․ հասցեի։
Հիշեցնենք, որ 2008 թ․ «Հայփոստը» հանձնվել էր «Հայփոստ Տրաստ Մենեջմենթ» ընկերության հավատարմագրային կառավարմանը, որը վերահսկում է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը։ Փոստի 100% բաժնետոմսերը մնում են պետությանը։ Հավատարմագրային կառավարման ծրագրի համաձայն, Հայաստանի փոստային համակարգի արդիականացման համար ներդրումների ծավալը պետք է կազմեր մոտ 12 մլն ԱՄՆ դոլար։
Մինչ այդ, 2006 թ․ «Հայփոստ» ընկերությունը հանձնվել էր հոլանդական Haypost Trust Managment ֆիրմային՝ հինգ տարի ժամանակով և ևս հինգ տարի պայմանագրի երկարաձգման իրավունքով։ Սակայն այն բանից հետո, երբ հոլանդացի կառավարչին Երևանի կենտրոնում մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ ծեծեցին, փոստային ընկերությունը հանձնվեց «Հայփոստ Տրաստ Մենեջմենթ» ընկերությանը։