Այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը այսօրվանից կսուբսիդավորի 6.93 դրամով հոսանքի թանկացումը «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից:
Վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են աուդիտը թափանցիկ անցկացնելու համար: «Չորս խոշոր կազմակերպություններ են եղել, ուղարկել ենք նաև ռուսական կողմի համաձայնությունը ստանալու, մենք ուզում ենք ընդհանուր որոշում լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ թափանցիկ, ազնիվ լինի, բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ, փորձլեու ենք աուդիտի արդյունքում վեր հանել և հանրությանը տեղեկացնել»:
Անդրադառնալով խոշոր հարկատուներին, հատկապես նկատի ունենալով, որ օրերս հրապարակված ցանկից հայտնի է դարձել, թե առաջին կիսամյակում Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով քիչ են հարկ վճարել, տնտեսական աճ խոստացող Հովիկ Աբրահամյանն այդ ցուցանիշը օրինաչափ համարեց:
«Հարկեր հավաքելը մեր գերնպատակը չէ, եթե դրանք չկան: Հակառակը՝ մեր նպատակն է ստվերը վեր հանել և բոլորին պարտադրել վճարել, հունվար- հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4․5 տոկոս է»։
Այս շաբաթ վարչապետի նախագահությամբ հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը կայացավ: Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, պատճառաբանելով, թե կոռուպցիայի դեմ պայքարը Հովիկ Աբրահամյանն ու խորհրդում ընդգրկված Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է իրենցից սկսեն: Այս կապակցությամբ Աբրահամյանը նշեց․
«Մենք առաջիկայում ամեն ինչ անելու ենք, որ հանրության մոտ, քաղաքացիական հասարակության մոտ վերականգնենք վստահությունը»:
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջիկա օրերին օրենսդիրների դատին է հանձնելու նոր սահմանադրության նախագիծը։