Այսօր՝ հուլիսի 28-ին խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Նախարարը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ։ ԱՊՀ Միջպետական բանկի առջև ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, գործարանը Երևան ՋԷԿ-ին պարտք է 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 162 մլրդ դրամ։ Աշխատավարձի պարտքը կազմում է 5.4 մլրդ դրամ, պետական բյուջեին ունեցած պարտքը՝ 10 մլրդ դրամ։ Նախարարի պնդմամբ, բոլոր պարտքերը, բացի աշխատավարձի պարտքերից, սառեցված են։
«Նաիրիտ» գործարանի պարտքերի պատճառն, ըստ նախարարի, 2007-2010 թթ. գործարանի հիմնական արտադրանքի՝ քլորոպրենային կաուչուկի, ինքնարժեքից ցածր գնով վաճառքն էր։ Երվանդ Զախարյանն ասաց, որ 2007 թ. մեկ տոննա կաուչուկի միջին ինքնարժեքը կազմում էր 3.7 հազար դոլար, 2008 թ.՝ 4.6 հազար, 2009 թ.՝ արդեն 6 հազար, սակայն վաճառվում էր 3-3.5 հազար դոլարով։ Այսինքն՝ «Նաիրիտը» տարիներ շարունակ աշխատում էր գրեթե կրկնակի վնասով։ Դրա հետևանքով 2007-2010 թթ. նախկինում «մաքուր» գործարանը 50 միլիարդի «պոչ» է հավաքել։
«Նման պայմաններում արտադրությունը շարունակելը հավասարազոր էր ինքնասպանության։ Սակայն սեփականատերը շարունակել է արտադրությունը՝ վարկեր վերցնելով և պարտքեր կուտակելով։ Դրանով իսկ նա կործանեց ինքն իրեն և լուրջ խնդիրներ ստեղծեց մի շարք էներգետիկ ընկերությունների համար»,- ասաց նախարարը։
Մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը կստանձնի «Նաիրիտ» գործարանի ակտիվների օրինական տնօրինումը, հայտարարեց Երվանդ Զախարյանը և ասաց, որ գործարանի հիմնական վարկատու ԱՊՀ Միջպետական բանկի հետ երկար բանակցությունների արդյունքում բանկը համաձայնվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության հրաժարվել գործարանից չգանձած դեբիտորական պարտավորություններից։ «Շուտով մենք կարող ենք օրինական կերպով ստանձնել գործարանի ակտիվների 90 տոկոսի տնօրինումը»,- հույս հայտնեց նախարարը։