Զատիկ՝ ազգային գեղեցիկ տոն

27 Մարտի 2016

Զատիկը եղել է անշարժ տոն, նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, իր «ճշմարիտ դուռ» իմաստով արտահայտել է ճշգրիտ արևելքից Արևի ծագման եզակիության ընկալումը, իսկ բառի «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստով փաստել է ձմեռային տկար վիճակից դուրս գալու, վեր բարձրանալու, հզորանալու գործընթացը: Եթե մեկնենք «ճշմարիտ դուռ» իմաստից, ապա հայերեն անվանման ձևը պիտի լինի զատեկ=«օրինավոր գալուստ, օրինավոր գալը» կամ զագէգ=«օրինավոր այգ, օրինավոր ծագում»:

Եթե այս փաստերով վերադառնանք շումերական պատկերագրության արևածագի Կուռ լեռանը և հիշենք, որ լեռան անվանումը միաժամանակ նշանակել է «արևելք», ապա կհասկանանք, որ երկգագաթ լեռից ծագող արևը պատկերված է Զատիկի պահին: Իսկ արդյունքում պիտի փաստենք, որ սա մի շշմեցուցիչ ավանդապահության օրինակ է, որ տոնն ու նրա անվանումը հայոց մեջ պահպանվել են առնվազն 5000 տարի: Այս տարիքը գիտնականները հաշվարկել են սկիզբ ընդունելով հնագույն շումերական սեպագիր աղբյուրները, իսկ իրականում տոնի տարիքի ու անվանման ակունքները շատ ավելի հին են և ձգվում են մինչև ժայռապատկերների փորագրման ժամանակները:

Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ, իսկ քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ, ով աստվածաշնչյան «պասեք» բառի փոխարեն գործածեց Զատիկ անվանումը:

Զատիկը նշվում է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից և ինչպես շատ այլ տոներ`Տեառնընդառաջը, Վարդավառը, այն նույնպես հայկական եկեղեցին փոխառել է հեթանոսությունից: Հայկական ավանդության համաձայն՝ ստորգետնյա աստված Յահվահը գողանում է Հազարան Հավքին և պահում իր մոտ: Համաշխարհային ջրհեղեղից հետո, երբ խառնվում են Արարատի բնաշխարհի գույները, և գորշություն է տիրում ամենուր, Արիները խնդրում են նահապետ Մանին` անմահ աստվածների սիրելիին, որ գույները զատի, որպեսզի Արարատի բնությունը չմեռնի: Մանը կատարում է նրանց խնդրանքը: Նա Աստվածամայր Անահիտի պատվերով և Վահագն աստծո զորությամբ ու օրհնությամբ բերում է Հազարան Հավքը, որին գերել էր Յահվահը: Ազատագրված Հավքը երգում է ու բազմագույն ձվեր ածում: Անահիտը հավաքում է հավկիթները և շաղ տալիս Արարատով մեկ: Գույները զատվում են և բազմագույն է դառնում Արարատի բնությունը, ու արիները սկսում են գարնանացանը: Ամեն տարի գարնանացանից առաջ հայերն ավանդաբար տոնել են Զատիկը. հավկիթներ են ներկել գարնան գույներով, ձվախաղ սարքել, փառաբանել Աստվածամայր Անահիտին, ապա սկսել գարնանացանը:

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ