Բաց նամակ քաղաքաշինության նախարարին

23 Փետրվարի 2016

Կեցցե՛ս, նախարար

Շնորհավորում եմ, դուք հասաք ձեր ուզածին՝ պայքարելով հետ վերցրեցիք ձեր նախարարության խնջույքների դահլիճը։

Կարող եք արդեն այդտեղ շամպայն խմել։

Սակայն գիտցե՛ք, որ ձեր այդ քայլով դուք մի քանի անգամ բազմապատկեցիք հերոստրատային մոլուցքը՝ սերունդների հիշողության մեջ մնալ կատարած հանցանքի շնորհիվ։

Կեցցե՛ք, նախարար․․․․

Խնջույքի դահլիճում ճաշակեք սև խավիար, բայց մի՛ մոռացեք, որ քանդելով ու ոչնչացնելով Թամանյանի թանգարանը, դուք երբեք հաղթող չեք ճանաչվելու, քանի որ քանդված թանգարանի ոչ մի փոշեհատիկ անգամ չի հասնի ճարտարապետության միավորված թանգարանին, այդ մասին հոգ կտանի իմ ողջ ընտանիքը։

Ողջ աշխարհում հնարավոր չէ պատկերացնել, որ կարելի է փակել հանճարեղ մարդու թանգարանը և այն հանձնել ինչ-որ ընդհանուր թանգարանի։ Ռոդենի թանգարանը չեն փակում և չեն հանձնում նրա քանդակները Փարիզի Լուվրի թանգարանին, Մ․Սարյանի թանգարանը, հուսով եմ, նույնպես չեն փակի և նրա նկարների համար Հայաստանի պատկերասրահում դահլիճ չեն բացի։

Սակայն դուք վաղուց եք փառաբանվում և, հավանաբար, հպարտանում եք, որ ի վերջո խաթարեցիք Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագիծը և ստեղծեցիք այնպիսի մի քաղաքային միջավայր, որտեղ բոլորովին հարմարավետություն չկա ապրելու համար և ոչինչ չկա՝ հպարտանալու համար․ անդեմ բետոնային բազմահարկ ամրոցիկներ՝ պատուհանների որմանցքներով, ահա ձեր ձեռքբերումները, որոնք կարող են սեփական դեմք ու ազգային նկարագիր չունեցող երկրագնդի յուրաքանչյուր քաղաք այլանդակել։

Սակայն ինչ կարելի է սպասել պոլիտեխնիկի սովորական ու պարզունակ շրջանավարտից․ համենայնդեպս, մի բան պարզ է՝ ինստիտուտում ձեզ Երևանի գլխավոր հատակագծի մասին որևէ ընկալում չեն տվել, և այդ պատճառով դուք, երկու անգամ զբաղեցնելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այդքան հեշտորեն ձեզ իրավունք եք վերապահել վերջնականապես խեղաթյուրելու և արմատախիլ անելու ազգային քաղաքաշինության թամանյանական բոլոր սկզբունքները, իսկ երևանցիներին, ովքեր առանց այդ էլ հեշտ չեն ապրում քաղաքի էկոլոգիապես աղտոտ և գազավորված տարածքում, նվիրել բետոնե ճեմուղիներ՝ առանց ծառերի, դրանով իսկ վերջնականապես թաղելով Երևանի համար միակ ճիշտ և հավանական քաղաք-այգու մասին Թամանյանի գաղափարը։

Կեցցե՛ս նախարար․․․ Ձեր նախարարության ճաշկերույթի դահլիճի հաճույքը վայելեք, բայց մի մոռացեք, որ բոլորովին վերջերս Երևանում բացվել է Կոմիտասի թանգարան, իսկ դուք վերջապես, տասներկու տարվա պայքարի ընթացքում կարողացաք փակել Թամանյանի թանգարանը․ հիանալի առիթ է՝ ճաշկերույթ կազմակերպելու համար, այնպես չէ՞։ Չէ՞ որ դուք չեք գոհանում այն բանով, որ ձեր զգոն ղեկավարության ներքո տասնամյակներ շարունակ Թամանյանի գլխավոր հատակագիծը «բարելավել» և «վերջացրել» են այնպես, որ ինձ համար, օրինակ՝ միանգամայն դժվար է ոչ միայն Երևանում ապրելը, այլև այդտեղ գտնվելը։ Ճնշող է միջավայրը և կանաչի պակասը, իսկ ժամանակակից բետոնախառն բազմահարկ անդեմ շինությունները միայն ճնշող ազդեցություն են գործում Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հոգեվիճակի վրա։

Հայ ժողովրդի ազգային հպարտությունն այլևս գոյություն չունի․ Հայաստանի ազգային ճարտարապետությունն այլևս չկա, հետևաբար կարելի է փակել Թամանյանի թանգարանը, որպեսզի այնտեղի նմուշները որևէ մեկին մազաչափ անգամ չհիշեցնեն, թե ինչպիսին պետք է ամեն ինչ լիներ։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես իմ քույրը՝ Գայանե Թամանյանը, ում հետ դուք նույն խմբում եք սովորել, սրտի ցավով և հիվանդ վիճակում գալիս էր ձեր աշխատասենյակ, և եթե դուք ժամանակ էիք գտնում նրան ընդունելու, խնդրում էր, որ թույլ չտայիք Երևանի կենտրոնը կառուցապատել բետոնե բազմահարկ այլանդակություններով և չպղծել Թամանյանի գլխավոր հատակագիծը։

Դրա փոխարեն դուք՝ որպես քաղաքաշինության նախարար, ձեզ իրավունք վերապահեցիք «շտկել» Կառավարական տան թմբուկը։ Կեցցե՛ք, նախարար, պատկերացնում եմ, թե ինչ լավ եք զգալու ձեզ այդ թմբուկի կառուցման առիթով կազմակերպված ճաշկերույթին, չէ՞ որ հիմա դուք արդեն խնջույքի դահլիճ ունեք։

Մի բան, սակայն, պետք է որ ձեզ վիրավորի՝ հրապարակում կառուցված պատկերասրահի թանգարանային տորթը, որը փոքր-ինչ մոռացնել կտա ձեր հերթական զավակին՝ Կառավարական տան թամանյանական նախագծի «ուղղումը»։

Առաջարկում եմ, այն նույնպես քանդել, չէ՞ որ դուք լավ եք քանդում, օրինակ՝ Թամանյանի թանգարանը, և պետք չէ ոչ մեկի ուղեղը արդուկել ասելով, թե թանգարանների միաձուլմամբ ամեն ինչ լավ կլինի և կզարգանա։ Դա, իր իսկ սաղմնային վիճակում, ցնորական գաղափար է, և եթե իշխանությունը գլխավորող անձինք դա չեն հասկացել, ապա՝ վա՛յ մեզ․․․

Խմե՛ք և զվարճացե՛ք քաղաքաշինության նախարարության նոր ձեռքբերած խնջույքի դահլիճում, բայց գիտցե՛ք, որ Հայաստանում ոչ մի գրագետ մարդ հավանություն չի կարող տալ ձեր այդ քայլին և այդպիսով դուք բազմակի կրկնապատկեցիք նախարարի և գլխավոր ճարտարապետի պաշտոններում ձեր կառավարման բացասական փառքը, քանի որ Հայաստանում մարդիկ հասկանում են, թե ով է մեծ ճարտարապետը և ով՝ ենթավարպետը։

Իսկ եթե ձեզ թվում է, թե մեծ պատիվ է Ալեքսանդր Թամանյանի թանգարանը փակել այն ժամանակ, երբ հիշատակվում է նրա մահվան 80 տարին, ապա ես ձեզ այլևս ասելիք չունեմ, բացի երկու բառից՝ ամոթ ձեզ և խայտառակություն։

Սակայն դեռևս հույս ունեմ, որ իշխանություններն ուշքի կգան և կգիտակցեն, որ խնջույքի դահլիճ ստանալու ձեր ցանկության հետևից գնալով, նրանք մեր մշակույթը զրկում են ազգային ևս մեկ հպարտությունից՝ Թամանյանի թանգարանից։

Գագիկ Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը

17 փետրվարի, 2016 թ․

Լոնդոն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ