Այսօր ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887թ. ստիպված թողել է դպրոցը և սկսել է աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ համագործակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմները։
Թումանյանը գրել է պոեմներ, բալլադներ ու հեքիաթներ, որոնցից են «Թմկաբերդի առումը», «Ախթամարը», «Փարվանան», «Սասունցի Դավիթը», «Մի կաթիլ մեղրը»։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1907 թթ․ մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը երկու անգամ ձեռբակալում է (1908 և 1911) ու բանտ նետում նրան:
1912–1921 թթ. նախագահել է Հայ գրողների կովկասյան միությունը, Հայաստանին օգնության կոմիտեն (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում։
Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում՝ Մոսկովյան 40 հասցեում կառուցվել է 1953թ. ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով: Թանգարանում պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի պատի հարթաքանդակի հեղինակը քանդակագործ Ղուկաս Չուբարյանն է:
Հովհաննես Թումանյանի արձանը գտնվում է Ազատության հրապարակում, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետը՝ Գրիգոր Աղաբաբյանը։ Տեղադրվել է 1957 թվականին: