Մահացել է Արման Մանարյանը

17 Փետրվարի 2016

Երեկ՝ փետրվարի 16-ին, 86 տարեկան հասակում մահացել է հայտնի կինոռեժիսոր Արման Մանարյանը։

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին՝ Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ):

1961 թվականին նա նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, այնուհետեւ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Արման Մանարյանը գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Նրա հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.):

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Ջրվեժի գերեզմանատանը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ