Արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքները` նախարարության վերահսկողության ներքո

17 Փետրվարի 2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ խոսել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքների նկատմամբ նախարարության վերահսկողության ուժեղացման և այդ ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նախարարը Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել է կարատե մարզաձևի առանձնահատկությունների, ճշգրիտ տեղեկատվության տարածման միջոցով երեխաներին ճիշտ ուղղորդելու և նրանց մարզումները մասնագիտորեն ու արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը նախարարին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել միջազգային մրցասպարեզներում ֆեդերացիան ներկայացնող մարզիկների ձեռքբերումների մասին: Ֆեդերացիայի մարզասրահում մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Այցի ավարտին նախարար Ղազարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և նրանց տեղեկացրել նախարարության նախաձեռնած նոր գործընթացի մասին, որով արևելյան մարտարվեստների ֆեդերացիաները բերվելու են իրավական դաշտ՝ դառնալով առավել վերահսկելի: «Մոդայիկ է դարձել օտարահունչ անվանումով մարզաձևերի ֆեդերացիաների հիմնումը և դրանց խմբակների գործունեությունը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: Այդ ամենը մտահոգիչ տարրեր է պարունակում: Մեր նախարարության մասնագետները մանրամասն ուսումնասիրել են ոլորտը, որի հիման վրա էլ կառուցվել է նախարարության ռազմավարությունը արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների հետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, նշված ֆեդերացիաների հետ աշխատանքները կդարձնի առավել համակարգված և կառավարելի:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ