Փետրվարի 12-ին ծնվել է հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։ Այսօր նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ են դրել պանթեոնի նրա շիրիմին:
Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրել էր, որ Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները պետք է հրատարակվեն երկհատոր գրքով:
Գրողի անտիպ ստեղծագործությունները մոտ 1000 էջ են կազմում:
Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ:
Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: