Պարույր Սևակ․Անցյալը ներկայացրած

24 Հունվարի 2016

Ինքնակենսագրություն

(հատված)

Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք,

Ամեն մի շղթա՝   հոգիս կաշկանդող,

Որ կյանքը երգիս    մեջ էլ մնա կյանք,

Որ չլինեն տողեր՝ խոհերըս բանտող...

...Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»: Այն տունը որտեղ ես ծնվել եմ...Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով...

Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը` հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած` զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ լոկ այն, ինչ չի վառվում` գետնափոր նկուղը:

...Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողությունել եմ արել, երեք-չորս հոգով «կտրեցինք» շրջակա երեք-չորս գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն՝ կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում... Ախր ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան: Մորս հացի տախտակն էր իմ սեղանը, և գրատախտակն էր իմ քանոնը, ինչպես որ խմորով էի թուղթ կպցնում: Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը՝ հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և ...մորիցս:

...Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա: Վերջացել էր արյունոտ պատերազմը: Բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին, բացվում էին նորանոր վերքեր...

...Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը: Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն: Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ, եթե պիտի ծիծաղեր, ապա՝ արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ:

...Սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության: ...Իմ կյանքի լավագույն տասնամյակն անցավ ինքնամաքառման մեջ, ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիմացա, բայց ի՜նչ գնով: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը՝ անբարոյականության վատթարագույն շնականությունն է... Ահա թե ինչու, ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով, աշխատում էի...ձայնս փոխել...»։

...Եթե ժամանակը սրտովդ չէ՝ դու ժամանակի սրտովը եղիր»: Ես չկարողացա... Մոսկովյան կյանքիս առաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով: Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը՝ տառապանքը: Եվ մենք, վերջ ի վերջո, հանդիպեցինք՝ չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը՝ մեկ վճռական պայմանով, գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա...

...Երանի նրան, ով մարդկանց գլխապտույտ է պատճառում, և վայ նրան, ով պատճառում է սրտխառնուք:

...Իսկ բա՜ռը: Նա նման է նորահաս աղջկա, որ միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն: Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, որ սիրում է նրան իր կյանքից առավել և որին՝ երջանիկին այդ պատճառով էլ սիրում է ինքը՝ բառը...

  

Պարույր Սևակ
1965 թ. 1 դեկտեմբերի, Չանախչի   

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ