Պարո՜ւյրը․․․

24 Հունվարի 2016

Ա՜խ ուր էր, թե ես միշտ գի՛ժ լինեի

Եվ ի՞նչ միայն չէր սիրում նա, կամ ի՞նչն էր սիրում չափավոր: Պարույրը գիտության քուրմ էր, մի մաքուր կուսակրոն, բոլորովին տրված գիտությանը, պոետական արվեստին:

Միանգամյան ճիշտ պատկերացում: Բայց և ոչինչ չի լինի ավելի անճիշտ, քան նրան միայն այդպես պատկերացնելը:

Իր միջավայրում ոչ ոք նրանից ավելի կնամեծար, ավելի խաղամոլ, անպայման հաղթելու կամքով, ավելի անօգնական՝ աշխարհիկ հաճույքների, մոլորությունների հանդեպ: Եթե ծիծաղ է՝ այնպես սրտալի, որ չէիր կարող հետը չքրքջալ, եթե լաց է՝ սրտակեղեք հեծկլտանքով, երեխայի պես:

Մնում էի զարմացած․ ինչքա՜ն հուզմունքներ կարող է արտադրել այս նիհար մարմինը, ինչքա՜ն էներգիա կարող է խտացնել մարդկային կերպ առած այդ գեներատորը: Իր կրքերի գերին էր Պարույրը, և եթե աշխատասեր էր՝ խելահեղորեն, ապա դա էլ կիրք էր, որին ևս պետք է հանձնվեր գլխովին: Ուրիշ կերպ չէր ուզում, չէր կարող, ի վիճակի չէր:

Լիաբուռն զգացմունքների մարդ, գործ չուներ կիսատոների հետ ո՛չ արվեստում, ո՛չ կյանքում:

Աշխարհիկ կյանքում նույն ագահ, նույն գիժ բնավորությունը, նույն մաքսիմալիստը, ինչ-որ մասնագիտական զբաղմունքի մեջ: Ագահ, անհագ, անհագուրդ խառնվածք, որ պետք է ամեն ինչ իմանար, ամեն ինչ ունենար, ամեն ինչ կարողանար:

Սիրով դեպի գիրքը: Այսպես ասել Պարույրի գրքասիրության մասին, նշանակում է՝ ոչինչ չասել: Դա սեր-մոլեգնություն էր և սեր խանդաղատանք: Դա կիրք էր ու հիվանդություն: Ձեռից գնացած հարբեցողն է ձեռքը տանում բաժակին այնպես, ինչպես Պարույրն էր ձեռքն առնում արժեցող, մանավանդ հնատիպ գիրքը:

...Բացատրում էր և ավելացնում՝ բառարան չես կարդում, բառարան, բառարան որ կարդաս, իսկույն կիմանաս: Ես չգիտեի ինչ բան է «բառարան կարդալը»: Դա Պարույրի սիրած զբաղմունքն էր: Մի երեկո այցի էի գնացել Պարույրին: Տեսնեմ տանտերը թախտի վրա կիսապառկած, թիկունքը բարձր, մի ձեռքին մատիտը, մյուսով մի ահագին գիրք ծնկներին պահած: Ի՞նչ գիրք է դա: Բառարան է, հայերենի բացատրական բառարան: Բայց բառարանը կկարդա՞ն, բառարանը պետք է, երբ մի բառ չես հասկանում՝ բացում ես նայում: Եվ Պարույրը ժպտաց, ինձ պարգևելով իր կարեկցական ներողամիտ ժպիտներից մեկը՝ իհարկե այդպես է, պիտի չալարես, նայես ամեն անգամ ու դեռ բան էլ գրես: Բայց գիտե՞ս ինչ հրապուրիչ բան է բառարան կարդալը՝ ամեն մի վեպից հրապուրիչ, լեզվաբանությունից հետաքրքիր բան կա՞:

Պարույրի կինը՝ Մայան, երեխա պիտի ունենար, նրա ապագա հայրը, վստահ, որ տղա է ծնվելու, ասում էր ամենաիսկական երկյուղով․ «Բա որ գիրք չսիրի, գրասեր չլինի՜..․» Հոր կռահումը ճիշտ էր՝ տղա ունեցավ, իսկ երկյուղն ավելորդ, Հրաչիկ Ղազարյանը մոլի գրքասեր դարձավ նախքան հնագետ դառնալը:

Հյուրասիրում եմ ես ինձ էլ նույնով՝

չափի զգացմամբ

Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել (հատկապես շախմատ, նարդի), ինչպես ամենքը, տարբերությունը չափի մեջ էր, իսկ Պարույրը չափ չէր ճանաչում: Նույն անհագ խառնվածքն էր ամենուրեք, իր բոլոր արարքներում:

Լևոն Հախվերդյան

   

Եթե ասեմ

Բոց կլինի,

Եթե՝ չասեմ,

Խոց կլինի...

Ինքդ ասա,

Ես ին՞չ անեմ

Բա իմ բանը

Ոն՞ց կլինի:

Աշխույժ երեխա էր Պարույրը: Տարի չի եղելերևի, որ ոտքը կամ ձեռքը չջարդեր կամ որևէ վնասվածք չստանար: Խաղերի մեջ հմուտ էր, համարձակ:

...Խաղալիք չկար և չանախչեցի երեխան պատկերացում իսկ չուներ դրա մասին: Իսկ ինքնաշեն խաղալիքներ, ինչքան ուզեք: Աղջիկները՝ փայտից ու շորից տիկնիկներ, իսկ տղաները՝ հոլից բացի, նաև ավազի ժամացույց, նաև թերթաքարերից շինված «գլգլան» և այլն:

Եվ Պարույրը այնքան է սիրել այս խաղերը, որ հասուն տարիներին, մանուկ օրերի հաճույքով ու խանդավառությամբ խաղում էր իր երեխաների հետ:

Լեռնաշխարհը իր ձոր ու կիրճերով, քար ու քարափներով, խոտ ու ծաղիկների արբեցնող բույրով, հանկարծակի բացվող գարուններով ու երկարատև ձմեռներով, գյուղացուց երկու տակ կաշի հանող ամառով ու վաստակած աշունով մանկության տարիներից Պարույրի մեջ ներարկել է կենդանի բնության սուր զգացողություն:

«Կա մի աշխարհ՝ մեր աշխարհում

Ինձ հարազատ, ձեզ անծանոթ,

Ուր էլ լինեմ կանչում է նա հազար ձայնով ու սրտագին»

 

Գիրքը

Եթե գերել ենք`

Լոկ  մեր գրքերով…

․..Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում:

Մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը, շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում են, որ նա՝ եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի ութ փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց: Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում:

Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատ ու կենտ ժամանակակիցները, սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ՝ այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ... համարյա թե մարգարե, որովհետև... «Օղորմածիկը ինչ որ ասում էր՝ կատարվեց...»: Իսկ պատմում են, որ տիրացու Ղազարն ասում էր, թե երկնքից «թռչող ղշերի «նման «մաշինաներ» կգան և երկնքից կրակ կթափեն մարդկանց ու երեխաների գլխին, որ թելերի միջով լույսը կգա, իսկ երբ կոճակը սեղմես, տունը կլուսավորվի և ուրիշ «անհավատալի» բաներ:

Հինգ տարեկան էր Պարույրը ու արդեն կարդում էր ու գրում, բայց առանց դպրոց գնալու: Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհը:

Իսկ գիրք չկար... Տաղանդից բացի աշխատասիրության շնորհիվ էր, որ նա հայ գրականությունը գիտեր գրականության պատմաբանի, գրականագետի պես, պատմությունը՝ պատմաբանի, կենցաղը՝ սովորույթները՝ ազգագրագետի, լեզուն՝ գրաբար, միջին հայերեն՝ հմուտ լեզվաբանի պես:

Ալբերտ Արիստակեսյան

 

Գործը

Սևակը մեր ժամանակակիցն է և մեր ժամանակի մտայնության արտահայտիչը այնպես, ինչպես իր ժամանակի մտայնության արտահայտիչն էր Չարենցը: Սևակը շարունակեց Չարենցին, և այն, ինչ Չարենցը արեց իր օրերի համար, նույնն արեց նաև Սևակը իր ապրած ժամանակի համար: Ահա սա է պոեզիայի ժառանգորդական կապը: «Ի՞նչ է սպասվում այս մոլորակին», «Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ», «Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ» անխուսափելի հարցադրումները պաշարում են մարդուն, վերջնական պատասխան պահանջում, քամում նրա ողջ էությունը և, ի վերջո նրան դարձնում դարաշրջանի հիվանդությամբ տառապող մի գոյություն, որն իր մեջ կրում է «վիթխարի», «անսահման», «որոշյալ», «ոխերիմ» անորոշությունը: Սևակը պատռեց կյանքի կեղծ պատկերացումների քղամիդը, գտավ այսօրվա կյանքի էությունը ճշմարտացի արտացոլող հերոսը, որը և իր խոհերով, մտքերով, զգացական վիճակների թարմությամբ նոր շունչ բերեց գրականություն:

Ամեն ժամանակաշրջան ունի իր բանաստեղծը, որը հայտնաբերում է տվյալ ժամանակի ոգին, և մարգարեական ներքնատեսությամբ պատգամներ հղում իր ժողովրդին ու իր ժամանակակիցներին: Սևակը դարձավ 20-րդ դարակեսի պատգամախոսը: Այսօր նրա անունը գրեթե բոլորի շուրթին է, նկարը՝ յուրաքանչյուրի աչքի առաջ: Սևակի հետմահու կյանքը եկավ ապացուցելու մի անշրջանցելի ճշմարտություն ևս՝ անցած տարիներին ոչ մի հայ գրող ու քննադատ ավելի եռանդուն ու կենդանի մասնակցություն չի ունեցել նոր գրականության կառուցման գործին, որքան Պ․ Սևակը: Ահա այսպես մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց և մեծերին վիճակված հավիտենական կյանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարույր Սևակը:

Դավիթ Գասպարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ