Պարույր Սևակ

24 Հունվարի 2016

Պարույր Ղազարյանը ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Վեդու շրջանի (ներկայումս Արարատի մարզ) Չանախչի (ներկայումս Զանգակատուն) գյուղում: Հայրը՝Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը, (1892-1975), ով գրաճանաչ էր և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1897-1982), ով տառերն անգամ չէր զանազանում, աստվածավախ ու բարեպաշտ մարդիկ էին, զբաղմունքով՝ հողագործ ու անասնապահ: Նրանց նախնիները 1928 թ․-ին գաղթել էին Պարսկահայաստանի Հավթվան գյուղից:

Վեց տարեկանից հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը և գերազանց առաջադիմությամբ ավարտել այն (1930-40թթ.):

Այդ տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին և մինչև անգամ համոզված էր, որ կդառնա «էն «Գիքորը» գրողի պես մարդ»:

1940 թ. Պ. Ղազարյանը Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի ուսանող էր և 1945 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտում է համալսարանը:

1941-1942 թթ. տպագրվում են Սևակի առաջին բանաստեղծությունները:

1945 թ․ ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ: Գիտական ղեկավարն էր անվանի ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը:

1945-46 թթ. աշխատում է «Ավանգարդ» թերթում, 1946-47 թթ. Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:

1949-51 թթ. վարում է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը: 1949 թ․ մարտին ընտրվում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ:

1940-ական թվականները նրա համար լինում են հասունացման, հոգևոր ամրացման, առաջին հաջողությունների և առաջին հիասթափությունների տարիներ: Սրանք նրա մտավոր թռիչքի տարիներն էին:

1948 թ. հրատարակվում է  բանաստեղծի առաջին գիրքը՝ «Անմահները հրամայում են» վերնագրով: Գիրքն արդար խղճի, հասուն ձիրքի ու անդավաճան գրական սկզբունքների արտահայտություն էր: Առաջին փորձությանը Սևակը դիմացավ և դուրս եկավ հաղթանակով: 1953թ. հրատարակվել է «Անհաշտ մտերմություն» պոեմը, որը նախապես լույս է տեսել Մոսկվայում, ապա նոր Երևանում:

Չնահանջելով իր սկզբունքներից և բանաստեղծի շուրջ ստեղծված գրական անցանկալի մթնոլորտի հետևանքով, Սևակը թողեց Երևանը և մեկնեց Մոսկվա՝ ուսանելու (1951-1959թթ.):

1951-55թթ. նա ուսանում է ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի բաժնում և այն ավարտում գերազանցությամբ:

1954թ. լույս է տեսնում բանաստեղծի երրորդ ժողովածուն՝ «Սիրո ճանապարհը»: Բանաստեղծը ապրում էր հոգեկան ճգնաժամ, և այս անգամ ոչ այնքան ստեղծագործական, որքան անձնական:

Մոսկվայում Սևակը հաղթահարում է իր մեջ տեղ գտած երկվությունը, միաժամանակ ընդարձակում իր գրական գործունեության շրջանակները, որը նրան այսուհետև պիտի տաներ գրական վերելքի ճանապարհով:

1955-59 թթ. աշխատում է Մոսկվայի գրական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս: Զբաղվում է թարգմանական բուռն գործունեությամբ․ ծանր ու բազմակողմանի հմտություն պահանջող աշխատանք, որ Սևակն իրականացնում է վարպետությամբ:

1957թ. լույս տեսավ գրական մեծ շրջադարձն ազդարարող «Նորից քեզ հետ» ժողովածուն:

1959թ. լույս տեսավ «Անլռելի զանգակատուն» պոեմը և միանգամից նրա անունը թնդացրեց ժողովրդի մեջ: Իրոք սխրանք, որովհետև «Գրել Կոմիտասի մասին, հավասարազոր էր գրել ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը, ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգով ու լացով, անցյալով ու ներկայով»:

Մոսկվայից վերադառնալով Երևան` Սևակը զբաղվում է միայն գրական աշխատանքով:

1963թ. աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1967թ. հունվարի 27-ին գրականության ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանության է ներկայացնում «Սայաթ -Նովա» մենագրությունը և միանգամից ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Գիտխորհրդի 24 անդամներից ներկա են եղել 19-ը և բոլորն էլ միաձայն քվեարկել են նրա օգտին: Ցավոք, ատենախոսությունը բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը հաստատեց բավականին ուշացումով 1970թ. փետրվարի 13-ին:

1969-ին հրատարակվում է «Սայաթ-Նովա» մենագրությունը:

1960-ական թվականները դառնում են Պ. Սևակի բանաստեղծական մեծ հաղթանակի տարիներ:

1963թ. հրատարակվում է «Մարդը ափի մեջ», 1969թ. «Եղիցի լույս»-ը, որը վաճառքի է հանվում հետմահու (1971թ.):

Երկու ժողովածուներն էլ գրական նոր սխրանք էին, որոնք բացում էին նոր պոեզիայի Ճանապարհը: 1966թ. նոյեմբերին Հայաստանի գրողների 5-րդ համագումարում ընտրվում է ՀԽՍՀ Գրողների միության վարչության քարտուղար:

1967թ. «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի, 1968-ին ընտրվում ԽՍՀՄ 7-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, պարգևատրվում շքանշաններով ու մեդալներով:

Գնահատության պահ, միաժամանակ հոգու տառապանք ու ցավ. 1969թ. տպագրված «Եղիցի լույս» ժողովածուն փականքի տակ էր, խորանում է բանաստեղծի երկփեղկվածությունը, ծանր տրամադրությամբ է մասնակցում Հայաստանի գրողների 6-րդ համագումարին (1971թ. հունիս 1-3), կտրականապես հրաժարվելով ԽՍՀՄ գրողների 5-րդ համագումարին մասնակցելու առաջարկից:

... 1971թ. հունիսի 17-ին հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին նրա վարած մեքենան շուռ եկավ. վթարին զոհ գնաց 47-ամյա ժամանակի մեծ բանաստեղծը: Ամբողջ Երևանը-հայությունը իր ձեռքերի վրա նրան հասցրեց հայրենի գյուղ ու պահ տվեց սեփական այգու սեփական ձեռքերով փխրեցրած հողին:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ