Բնապահպանական մարդածին աղետներն օրեցօր ավելի մեծ սպառնալիք են դառնում Երկիր մոլորակի համար: Վերջին մի քանի տարում այս թեման գիտահանրամատչելի, նեղ մասնագիտական ու առհասարակ կինոարվեստի ամենաշատ արծարծվող խնդիրներից մեկն է: Աշխարհում ամեն տարի հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվում, որոնք մասնակցում են բնապահպանական փառատոների և բարձր կրթամակարդակ ունեցող հանրությանը, բնապահպանական խնդիրներով մտահոգ կազմակերպություններին ստիպում են զգոն լինել, պայքարել մոլորակի ապագան վտանգող խոշոր տնտեսվարողների ու արդյունաբերողների գործունեության դեմ:
Տարբեր երկրներում իրականացվող բնապահպանական թեմաներով ֆիլմերի փառատոների հետ հայաստանյան «Արևորդի» միջազգային փառատոնը տարիներ շարունակ համագործակցում է: Արդյունքում մեր փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում մի քանի տասնյակ ֆիլմեր:
Նոյեմբերի 12-ին մեկնարկած «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կինոծրագրին ներկայացվել է կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն, փաստագրական և խաղարկային 70 ֆիլմ՝ 22 երկրից: Փառատոնի կազմակերպիչը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամն է: Ֆիլմերի ծրագիրն առանցքային դեր ունի փառատոնի ընթացքում. կինոն, լինելով մեդիայի ամենատարածված և հզոր տեսակը, մեծ ազդեցություն է գործում հանրության գիտակցության վրա: «Արևորդի» փառատոնի կինոծրագրի պատասխանատու Եվա Մարտիրոսյանը, ներկայացնելով նախագծի դերն ու նպատակը, նշեց, որ նախկինում գործել է բնապահպանական փառատոների միջազգային ցանց, որը տարբեր կառույցների, փառատոների, կազմակերպությունների օգնում էր համագործակցել: Այսօր այն չկա, սակայն բնապահպանական փառատոները ժամանակի ընթացքում ծանոթացել են ու միմյանց են փոխանակում նոր, արժեքավոր ֆիլմեր: Նման փառատոներն աշխարհում շատ չեն. եղածներն էլ իրար բարեկամաբար են վերաբերվում և բնապահպանական թեմաներով ֆիլմերն անշահախնդրորեն տրամադրում միմյանց:
«Արևորդի» փառատոնի 70 ֆիլմերի մեծ մասը միջազգային տարբեր փառատոներին հեղինակավոր մրցանակներ է շահել, օրինակ՝ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Մարդ» (Human) ֆիլմը, որը նկարահանվել է այս տարի: Բերտրանը 2 տարի առաջ ցնցեց իր «Տուն» (Home) ֆիլմով, իսկ այս անգամ նկարահանել է գեղարվեստական վավերագրություն՝ աղբանոցներ, հրաշալի բնապատկերներ ու այդ համատեքստում՝ ողբերգական մարդ արարածին: Մարդը հեռացել է բնությունից, կտրվել է կապը, և սկսվել է մեծագույն ողբերգությունը:
Ֆիլմերը բարձր են գնահատվել ոչ միայն արծարծած թեմայի, այլև գեղարվեստական, գեղագիտական արժանիքների շնորհիվ: «Արևորդին» մեկտեղել է այդ բոլոր ֆիլմերը և մինչև նոյեմբերի 15-ը «Մոսկվա» կինոթատրոնում, «Լոֆթ» և «Էօն» կենտրոններում մինչև կեսգիշեր ցուցադրվել է 70 ֆիլմը: Դրանք կշրջեն ուսումնական տարբեր հաստատություններում, իսկ առաջիկա մի քանի ամիսներին շարժական կինոէկրանի՝ «Անիվների վրա» նախագծի շրջանակում կցուցադրվեն Հայաստանի տարբեր մարզերում: Այլ կերպ ասած՝ փառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են մինչև հաջորդ փառատոն:
«Արևորդին» մասնակից ֆիլմերի համար մրցանակներ չի նախատեսել: Դրանք արդեն իսկ փառատոնային հաղթարշավ անցած աշխատանքներ են, Հայաստանը պարզապես ցուցադրման նոր հարթակ է:
Նաիրա Փայտյան
Աղբյուրը՝ kinoashkharh.am