Խորապես ցավում ենք ՀՀ ամենապայծառ անհատականության, իսկապես բեմի փայլող աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի կորստի համար։
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինը: 1946 թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947 թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ․ տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած կերպարները թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համարում»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»-ում` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» պիեսում` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»-ում` Իշխանուհի, Հակոբ Պարոբժնյանի «Պաղդասար Աղբար» կատակերգության մեջ` Անուշ և այլն:
Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958 թ․-ից առաջինը լինելով՝ նկարահանվել է հեռուստաներկայացումներում: 1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965 թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988 թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Վարդուհի Վարդերեսյանը մինչև կյանքի վերջն ապրում էր թատրոնով, հոգում փայփայում էր արվեստը, ուսուցանում էր նոր սերնդին, նրանց մեջ արմատավորում ամենանուրբ կանացի զգացմունքներ, յուրաքանչյուր նորամուտ դերասանուհու մեջ ներմուծում քնքուշ կանացիություն։