Վիեննայում քննարկվեց Նախիջևանի խաչքարերի ոչնչացման աղմկահարույց փաստը 

29 Հոկտեմբերի 2015

Հոկտեմբերի 28-ին, Վիեննայում տեղի ունեցավ Ավստրիայի էքս-կանցլեր Վոլֆգանգ Շուսսելի «Արտաքին քաղաքականություն և միավորված ազգերի կազմակերպություն ավստրիական միավորում» ակումբի հերթական նիստը: Այս ակումբի անդամներ են մի շարք միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, տարբեր երկրների վարչապետներ, նախարարներ և այլ հայտնի քաղաքական գործիչներ: Ակումբին անդամակցում են նաև «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ և «Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի» համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը և ԵՀՄՖ-ի փոխնախագահ Հարություն Առաքելյանը:

Հերթական նիստը նվիրված էր «Ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը պատմամշակութային արժեքների վաճառքի միջոցով» արդիական խնդրին: Այս թեմայի շուրջ ելույթ ունեցավ Հռոմեա-գերմանական կենտրոնական թանգարանի տնօրեն Միխայել Մյուլլեր-Կարպեն: Վերջինս հանգամանորեն ներկայացրեց հազվագյուտ արժեք ունեցող, Միջագետքի և հարակից տարածքների անտիկ մշակութային նմուշների ոչնչացման և վաճառքի ողջ սխեման: Բանախոսը նշեց, որ վաճառքից գոյանում են հսկայական գումարներ, որոնք այնուհետև օգտագործվում են ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման համար: Ցավոք, այս ամենը կատարվում է Եվրոպական պետությունների աչքի առաջ, և այս հարցում բացարձակ անօգուտ են նաև UNESCO-ի բողոքները:

Բանախոսին դիմեց ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Գրիգորյանը հարցով, թե ինչ վերաբերմունք ունեն նրա կողմից ներկայացված կազմակերպությունը, ինչպես նաև կոնֆերանսին ներկա կազմակերպությունները հին հայկական տարածք, այսօր Ադրբեջանի կազմում հայտնված Նախիջևանի տարածքում մոտ տասը հազար հազվագյուտ մշակութային արժեքներ ունեցող, բացառիկ և եզակի հայկական կոթողներ հանդիսացող խաչքարերի ոչնչացման շուրջ: Հարցը մեծ ակտիվություն առաջացրեց ներկաների մոտ, և սկսվեցին բազմակողմ քննարկումներ: Գրիգորյանը ներկայացրեց այդ ոճրագործության ուսումնասիրության շուրջ պատրաստված և ԵՀՄՖ-ի հրապարակած «Մշակութային ցեղասպանություն» գիրքը: Այս արժեքավոր աշխատանքը, ինչպես հայտնի է, պատրաստվել է Լոնդոնի «Քոլեջ» համալսարանում, դոկտոր Տաթևիկ Գրիգորյանի ջանքերով: Գրքում առաջին անգամ տրված է «Մշակութային ցեղասպանություն» եզրի իրավաբանական հաստատումը:

Ներկաներին գրքի օրինակները բաժանելուց հետո պայմանավորվեցին կազմակերպել նախ՝ կատարված ոճրի ինտերնետային քննարկումներ, այնուհետև՝ պատրաստել դիմում-բողոք ՄԱԿ-ին՝ նրա մարմին հանդիսացող UNESCO-ի թույլ տված կոռուպցիայի փաստի շուրջ:

Պարոն Գրիգորյանը ներկայացրեց շաբաթներ առաջ Մեծ Բրիտանիայի խոշորագույն պարբերական «Գարդիանի» էջերում տպագրված նյութը, որտեղ հստակ փաստարկվում է 2013թ.-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից UNESCO-ի հաշվին հինգ միլիոն դոլարի «նվիրատվությունը»: Ըստ հավաստի տեղեկությունների, վերջին տարիների ընթացքում սա Ադրբեջանի կողմից UNESCO-ի կաշառման երկրորդ փաստն է. նախորդ գումարը, ինչպես հայտնի է, հասնում էր մեկ ու կես միլիոն դոլարի:

Այս փաստերի շուրջ բանախոս Միխայել Մյուլլեր-Կարպեն հայտարարեց, որ այո, ցավոք, լուրջ մասշտաբների են հասնում միջազգային կազմակերպությունների, տվյալ դեպքում՝ UNESCO-ի կողմից իրականացվող, ակնհայտորեն կոռուպցիայի բնույթ ունեցող գործընթացները: Ներկաներն իրենց զայրույթը հայտնեցին մշակութային արժեքների պաշտպանության հարցով զբաղվող միջազգային խոշորագույն կազմակերպության՝ UNESCO-ի կողմից իրականացվող կոռուպցիայի վերաբերյալ: Ինչպես բազմիցս հրապարակվել է, UNESCO-ի կողմից ստացվել են ԵՀՄՖ-ի բողոք-փաստարկների շուրջ այնպիսի անհեթեթ պատասխաններ, որոնք պատիվ չեն բերում այդ կազմակերպությանը:

ԵՀՄՖ-ն այսօր դիմում է տեղեկատվության բոլոր միջոցներին՝ առաջարկելով միանալ UNESCO-ի թույլ տված կոռուպցիայի փաստի լուսաբանմանը ու նրա դեմ պայքարին, և հասնելով միջազգային հանրության արդարացի պահանջի կատարմանը՝ սկսել Նախիջևանի խաչքարերի ոչնչացման հանցագործության շուրջ հետաքննող խումբ ուղարկելու և ոճրագործությունը դատապարտելու գործընթացը:

Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի մամլո քարտուղարություն 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ