Այսօր Լիբանանում տեղի է ունեցել հայկական ամենամեծ՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համերգը։ Մինչև նոյեմբերի 1-ը «Գոհարը» տալու է չորս համերգ, որոնց ընթացքում հնչելու է հարյուր երգ։ Խորհրդանշական համերգներով երաժշտախումբն այս տարի ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խմբի տնօրեն Սևակ Սերոբյանն ասել է, որ հատկապես այս տարի երաժշտական բեմադրությունների, երգերի ընտրության ժամանակ մեծ տեղ է տրվել վերածննդի գաղափարին, և այս տարվա համերգները խումբը նվիրում է Ցեղասպանությունից հետո վերածնված հայ ժողովրդին: «Գոհարի» համերգներն ունկնդրելու համար Բեյրութ են ժամանել բազմաթիվ հայեր` տարբեր երկրներից: «Սա ապացույց է, որ հանդիսատեսը սպասում է «Գոհարի» համերգներին եւ աշխարհագրական տարածքը կապ չունի, մարդիկ երկրից երկիր են գնում` սիրված խմբի սիրված կատարումները լսելու»,-հայտնել է Սևակ Սերոբյանը:
1997-ին հիմնված խումբն այս տարի առաջին անգամ ելույթ է ունենալու նոր դիրիժորի ղեկավարությամբ: Երաժշտախմբի նորանշանակ դիրիժորը Հայաստանի քչաթիվ կին դիրիժորներից Նաթալի Գալստյանն է: Խմբի հաջողության գործում մեծ է 2014-ին կյանքից հեռացած նախկին դիրիժոր Սեպուհ Աբգարյանի դերը:
«Գոհարը» համահայկական փառքի և հռչակման է հասել բեյրութահայ Խաչատուրյան ընտանիքի շնորհիվ, որոնք էլ հիմնել և մինչև այսօր հովանավորում են Գյումրիում գործող երաժշտախումբը` հարյուրավոր աշխատատեղեր ապահովելով հայ երաժիշտների համար: