Ծուռ նստենք, շիտակ խոսենք

25 Հոկտեմբերի 2015

Լեզուն որով գրեցի՝ երկրի երեսը քիչեր կը կարդային զայն

 արդէն ու պակսեցան անոնք ալ․․․

Վահան Թէքէեան

Ընդվզում եմ, երբ մամուլում հաճախ կարդում եմ բիլիոն և ամյակ «բառերը»։ Առաջինը հայերեն չէ, երկրորդը նույնիսկ բառ չէ։ Հայերենում բիլիոնին համապատասխանող եզրերը երկմիլիոնն է կամ միլիարդը։ Ճիշտ է, երկրորդը, որն ավելի հաճախ է գործածվում, ունի օտար ծագում (ֆրանսերեն՝ milliard), սակայն արդի հայերենում հազար միլիոնն արտահայտելու ընդունված ու հաստատված ձև է։ Եթե մտավախություն ունենք, թե ընթերցողին անծանոթ է միլիարդը, կարող ենք փակագծում լատինատառ  billion գրել։   

Անդրադառնալով «ամյակ»-ին, ապա այդպիսի առանձին բառ գոյություն չունի մեր լեզվում։ Այն բարդ բառի երկրորդ բաղադրիչն է, որ թվին ավելանալով տարեդարձ կամ տարելից է նշանակում։ Օրինակ՝ հիսնամյակ (50-ամյակ) կամ  50-րդ տարեդարձ կամ տարելից, հարյուրամյակ (100-ամյակ) կամ 100-րդ տարեդարձ կամ տարելից։ Անընդունելի է  50-րդ ամյակ, 100-րդ ամյակ արտահայտությունները։

Անկասկած թե՛ հոդվածագիրը, թե՛ խմբագիրը քաջ գիտեն՝ որն է ճիշտը, բայց ավելի մատչելի դառնալու ցանկությամբ կամ սղության պատճառով, նաև անուշադրության, համարձակվում եմ ասել՝ նույնիսկ անտարբերության պատճառով, իբրև հետևանք ընթերցողին են ներկայացնում սխալը, որը կամաց-կամաց հաստատվում է և գործածվում՝ որպես ճիշտ։

Չէ՞ որ այդպես գրված էր․․․ Բոլորս մեր առօրյա խոսակցությունների ժամանակ գործածում ենք այս կամ այն օտար բառը կամ արտահայտությունը։ Բանավոր է, առժամյա, ասվում է և անցնում։ Կարևորը մնայուն գրավոր խոսքն է, որ կարելիության չափ անթերի լինի։

Այսօր, երբ հայատառ մամուլը հետզհետե նոսրանում է, երբ փակվում են հայեցի դաստիարակության կռվան կրթարանները, երբ ապրում ենք համացանցի ընձեռած անմիջական լրատվության հնարավորությունների դարը, հայի տուն ներս մտնող հայ թերթի դերը չի կարող լինել պարզապես լրատվական։

Ակնկալում ենք հոդվածագիրներից, որ լինեն ավելի բծախնդիր, խմբագիրներից՝ մի կողմ թողնեն նրբանկատությունը և սրբագրեն սխալը, երկուսից էլ ակնկալում ենք, որ հարգեն ընթերցողի իմացողությունը և ճիշտը հրամցնեն, նաև սովորեցնեն նրան։

Վերջերս զանազան նախաձեռնությունների են ներկա լինում հայ «վազողները», այսինքն՝ այս կամ այն քաղաքական պաշտոնին ձգտող թեկնածուները։ Նրանց ներկայացուցիչներից ոմանք հանգիստ գործածում են «վազել» (running) բառը։ Ինչո՞ւ տանջվել սրա ճշգրիտ թարգմանությունը գտնելու համար։ Ունկնդիրները հանգիստ լսում են, սխալին անդրադառնալիս ոմանք ժպտում են ու սրանով սահմանափակվում։

Ո՞ւր ենք վազում, ո՞ւր ենք գնում։ Երբ հայերենով ներկայացնում ենք մեր քվեն փնտրող հայրենակցին, ուրեմն եկեք գործածենք նույն նպատակին ծառայող և՛ ճիշտ, և՛ ներդաշնակ «թեկնածու» կամ «ընտրարշավի մասնակից» արտահայտությունները, այլ ոչ անգլերեն running-ի բառացի թարգմանությունը։

Բիլիոն ամյակ այսպես վազելով․․․ միայն հետքայլ կարող է արձանագրել մեր մեծասքանչ թեկնածուն։

 

 

Երանուհի Ղազարյան

«Զարթօնք»

Արևելահայերենի վերածեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ